Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք դա չի՞ նշանակում, որ Տավուշի տարածքով անցնող ճանապարհը կհայտնվի նույն կարգավիճակում, ինչ այսօր Սյունիքի տարածքն է». Բորիս Նավասարդյանը՝ բրյուսելյան հանդիպմանը հաջորդած փաստաթղթի մասին

Մայիս 23,2022 14:25

«Ենթադրում եմ՝ Մոսկվայում այդպիսի հանդիպում կնախաձեռնեն, բայց այլ միջնորդով»,-«Մեդիա կենտրոնում» «Անկլավների հարցը՝ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգում. հաշվարկվա՞ծ են հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: 

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այնպիսի տպավորություն է, որ գործընթացն առաջ գնալու միտում ունի: Հիմնական խնդիրը երկու տարբեր ձևաչափերով հանդիպումներն են: Նա պարզաբանեց. «Միջնորդների՝ տարբեր լինելը խանգարում է առաջին հերթին Հայաստանին: Որևէ տարբերակ, որը չի նախատեսելու համակարգում երկու միջնորդների կողմից, դա մեզ համար տալիս է անցանկալի արդյունք: Եթե մոսկովյան ձևաչափը, օրինակ, դառնում է դոմինանտ, դա կնշանակի, որ շատ հարցեր՝ արցախահայերի հարցերը, կհետաձգվեն, քանի որ մոսկովյան պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ ցանկանում են այդ հարցին այսօր չանդրադառնալ: Բայց չանդրադառնալ այս հարցին, խոսել ընդհանուր կարգավիճակի մասին, նշանակում է թերի թողնել օրակագը: Եթե դոմինանտ է դառնում եվրոպական կողմը, ռուսական խանդն է աաջացնելու դա: Իսկ այն դեռ լուրջ լծակներ ունի այստեղ ցանկացած գործընթացների համար: Եթե շարունակվում է մրցակցությունը Մոսկվայի և Եվրոպայի միջև, դա ավելի շատ ձեռնտու կլինի Ադրբեջանին: Դա կնմանվի աճուրդի: Ադրբեջանն աճուրդի է հանում իր հետագա մասնակցությունն այստեղ, և բնականաբար, որպես միջնորդ կփորձի ճանաչել այն կողմին, որն ավելի լավ տարբերակ կառաջարկի Բաքվի համար: Իսկ Ադրբեջանն ավելի շատ առաջարկելու բաներ ունի երկու կողմին: Հայաստանի համար միակ ցանկալի տարբերակը հնարավորինս այդ երկու գործընթացները մերձեցնելն է, որպեսզի ստանանք արդյունք»:

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ հակասությունները, որոնք կարող են ձևավորվել Մոսկվայի և Բրյուսելի միջև, կնշանակի, որ նաև ՀՀ հետ այդ երկու խաղացողների համագործակցության համար կլինեն որոշակի խոչընդոտներ: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ Հայաստանն ամեն դեպքում պետք է ձգտի, որպեսզի խաղաղ կարգավորման բանակցություններում արցախահայության խնդիրը ներառված լինի. «Մյուս երկու ուղղություններում ՀՀ-ն շահագրգռված պիտի լինի, որ սահմանային բանակցություններից առաջ ձևակերպված լինեն, թե ինչպիսին պիտի լինի սահմանը, քանի որ հակառակ դեպքում հակասություններ կարող են շատ լինել: Դա պետք է լինի սահմանամերձ բոլոր բնակավայրերի համար կենսագործունեության համար լավագույն պայմանները՝ հաղորդակցության հարցերը, տնտեսական գործունեության իրականացման համար պետք է երաշխիքներ լինեն, որպեսզի սահմանամերձ համայնքներում ապրող մարդիկ կարողանան ուղղակի ապրել: Եթե թողնվում է այն սահմանը, որը դե յուրե գոյություն ուներ ԽՍՀՄ ժամանակ, այդ հնարավորությունը չի լինելու, քանի որ այդ սահմանը մի բարակ գիծ էր առանց սահմանային ենթակառուցվածքների: Հիմա, եթե ենթակառուցվածքներ լինում են, նշանակում է, որ բավականին բարդ գծի դեպքում դրանք թույլ չեն տալու, որպեսզի նորմալ կենագործունեություն իրականացնեն սահմանամերձ գոտիների բնակիչները: Այստեղ միակ լուծումը կարող է լինել տարածքների այնպիսի փոխանակում, որը հնարավորություն կտա Հայաստանի և Ադրբեջանի կողմից նորմալ ապրել այդ սահմանային գոտիներում: Համոզված չեմ, որ ՀՀ-ն որդեգրելու է այդ քաղաքականությունը, իմ կարծիքն եմ ասում: Ես չեմ տեսնում, որ պաշտոնական մակարդակով այդ մոտեցումը կա: Որքան հասկանում եմ՝ ՀՀ պաշտոնական կողմն ուզում է մտնել գործընթացի մեջ և միայն գործընթացի ընթացքում այդ սկզբունքները ձևավորել: Բայց միշտ ավելի արդյունավետ է լինում, եթե ի սկզբանե մոտեցումները համաձայնեցված են»:

Բորիս Նավասարդյանի համար բրյուսելյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունները մտահոգիչ են: Նա ասաց. «Հնչեց նախադասություն, որ պետք է ապաարգելափակվեն նաև Ադրբեջանի տարածքով ՀՀ բնակավայրերին միացվող հաղորդակցությունները: Արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ ձևակերպումների հետևում թաքնված է նաև Տավուշի տարածքով անցնող ճանապարհը: Այն կհայտվի նույն կարգավիճակում, ինչ այսօր Սյունիքի տարածքն է»:

Խոսելով հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված հնարավոր զարգացումների մասին՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «Ադրբեջանն այստեղ կարողացել է գտնել այն մարտավարությունը, որն իրեն թույլ է տալիս գոնե ոչ բոլոր ռազմագերիներին ազատել: Այստեղ զուգահեռներ պետք է անցկացնեմ մեկ այլ նախադեպի հետ, որն այսօր ռուս-ուկրաինական հակամարտությունն է ձևավորել: Այնտեղ էլ, եթե մինչև վերջերս կարծես ռազմագերիների փոխանակման հարցն ավելի հարթ էր ընթանում, բայց Ազովի իրադարձություններից հետո, հնարավոր է այնտեղ հանձնված անձանց մի մասը դուրս գան այդ ցանկից, որը քննարկվում է փոխանակման առումով: Այսինքն՝ Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հայտարարում են, որ այն մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են թույլ տվել, պետք է նախ դատվեն: Միայն այդ դեպքում կարող են սկսել բանակցությունները փոխանակման համար: Այսինքն՝ նույնն է մեր իրավիճակի հետ: Այսինքն՝ խնդիրը բարդանում է, քանի որ զուգահեռ նախադեպ է ձևավորվում: Այդ հարցն այսօր կիսափակուղային իրավիճակում է գտնվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031