«Երեւան Ջուր»-ը պատրաստ է ջրամատակարարման, բայց Ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհահատվածի փլուզման պատճառով վնասվել է նաեւ 200 գծամետր խողովակաշարը: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Վեոլա Ջուր» ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կառուցապատողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրագծերը վերականգնելու:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ երեկ գիշերը ժամը 22-ի սահմաններում եղել է Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ տեղի էր ունեցել փլուզումը եւ, չնայած ձեռքբերված պայմանավորածությանը, որ պետք է գիշերն էլ աշխատեին, այդ ժամին աշխատանքների ականատես չի եղել:
Նա դիմեց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին՝ խնդրելով ներկայացնել իրավիճակը: Պարոն Արեյանն ասաց, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, այնտեղ սկսվել են աշխատանքները, ճանապարհը պետք է վերակառուցվի, իրականացվեն ամրացման աշխատանքներ: Ասաց նաեւ, որ պետք է վերակառուցվեն ստորգետնյա գործող ենթակառուցվածքները: Ըստ պարոն Արեյանի՝ գազատարին ձեռք չեն տվել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա. «Հեղեղատար համակարգն ամբողջությամբ կվերակառուցվի նորովի՝ այդ թվում ոռոգման խողովակը: Մասնագետների հետ եղել ենք տեղում եւ տեխնոլոգիայի, որով պետք է իրականացվեն աշխատանքները, ծախսերի հաշվարկներն այսօր կավարտեն, վաղը վերջնականապես, փոխադարձ համաձայնությամբ, կսկսվեն աշխատանքները, որը կլինի երեք հերթափոխով, որպեսզի երթեւեկը երկկողմանի բացվի»:
Հրաչ Սարգսյանը «Երքաղլույս» ընկերության պատասխանատուին հանձնարարեց լուծել ճանապարհահատվածի լուսավորության խնդիրը, որպեսզի որեւէ խնդիր չառաջանա:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ