Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ. Վահե Հովհաննիսյան

Մայիս 23,2022 14:22

Հայկական օրակարգ. չդառնալ «ժողովրդավար Ուկրաինա»

Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների  նախաձեռնությունն իր ձեռքը։

Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։

Եթե, ըստ արևմտյան տեսլականի, կարելի է «մինչև վերջին ուկրաինացին» պայքարել Ռուսաստանի դեմ, ապա ինչո՞ւ մինչև վերջին հայը հնարավոր չէ Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման թատերաբեմ ստեղծել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարծես թե արդեն բոլորին է տեսանելի հումանիստական քաղաքական մտքի ճգնաժամը աշխարհի խոշոր խաղացողների մոտ, այնպես որ մարդկային կյանքի՝ որպես գերագույն արժեքի և հումանիտար մյուս սկզբունքների գերակայության վրա այսօր հույս դնելն առնվազն երեխայություն է, իսկ որոշ դեպքերում՝ պարզ երեսպաշտություն։

Արդեն փաստ է, որ 21-րդ դարում համաշխարհային բևեռների առճակատումը կարող է ընթանալ Կիևի, Խարկովի, Օդեսայի և մյուս խոշոր քաղաքների հրթիռակոծմամբ։ Սա արդեն «в порядке вещей» կամ “the newest normal”։

Այսօրվա աշխարհում արդեն ամեն ինչ կարելի է, հետևաբար՝ խաղաղ Երևանը, Կապանը, Մեղրին և մյուսները չունեն ոչ մի իրական երաշխիք։

Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու։ Ռուսաստանն այս փուլում դիվանագիտական աշխատանքի մարզավիճակում չէ։

Մենք պետք է ուկրաինական օրինակով շատ հստակ հասկանանք, որ  կանգուն քաղաքներն ու մարդկանց կյանքերը շատ ավելի կարևոր են, քան՝ միջազգային հանրության՝ պայքարի խրախուսող կոչերը, աջակցության դրսևորումները, PR ակցիաները, Եվրատեսելի մրցանակը, «մենք բոլորս ուկրաինացի ենք» շապիկները և այլ դրսևորումներ։

Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝  ստեղծելով  կառավարման անոմալիա։ Իսկ փողոց դուրս եկած հանրությունը դեռ չի կարողանում ավելի ազդեցիկ դառնալ։

Սա ամենապարարտ միջավայրն է՝ աղետը գրկաբաց ընդունելու համար։ Հայաստանից այսօր պահանջվում են բացառիկ սառը որոշումներ, պրագմատիզմ, գրագիտություն։ Մենք այսօր անում ենք ուղիղ հակառակը՝ մնալով էմոցիոնալ անելանելիության ֆորմատում։ Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա։ Դա ուղղակիորեն կբերի աղետի։

Անկեղծ ասած, Հայաստանի՝ չսխալվելու արահետը շատ փոքր է։

Այս պայմաններում մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ:

Ցավոք, այս պահին ունենք լրիվ հակառակը։

Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը։ Կշահեինք ժամանակ, կմեղմվեր ներքին լարվածությունը։

Ընդունելի լուծում կլիներ իշխող թիմի կողմից քայլը՝ փոխել իրենց լիդերին։ Էապես կթուլանար ներքին լարվածությունը, լայն հնարավորություն կբացվեր երկխոսության համար։

Երրորդ լուծումը Դիմադրության շարժման բովանդակային և կառուցվածքային վերափոխումն է։

Դիմադրության շարժման հակաթուրքական շրջապտույտից պետք է դուրս գալ ու վերածվել հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման: Սա կբերի նոր շրջանակների ներգրավման, թույլ կտա՝ հասկանալի դառնալ հարևանների և միջնորդների համար, վերջապես՝ կբերի հանրային ավելի լայն աջակցության։ Պետք է հստակ և իրատեսական ասելիք ունենալ Հայաստանի առջև կանգնած ամենասուր հարցերի շուրջ։ Պետք է թե´ ներսի, և թե´ դրսի հանրության համար տեսանելի դառնալ որպես վստահելի, իրավիճակի լրջությունը հասկացող և կարևոր լուծումների պատրաստ քաղաքական հանրույթ։

Հիմա Հայաստանին պետք է իշխանություն, որը սառը կգնահատի միջազգային և ներքին իրավիճակը, չի առաջացնի ավելորդ սպասումներ կողմերից որևէ մեկի մոտ, հստակ կձևակերպի իր առաջնահերթությունները, կողմերի հետ կլինի լրիվ անկեղծ, մշտական երկխոսության մեջ կլինի հանրության հետ։

Հայաստանին պետք է իրոք սոլիդ, պահի լրջությունը գիտակցող, արկածախնդրությունից երկիրը զերծ պահող իշխանություն։ Սա պարզապես կենսական անհրաժեշտություն է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    այ էս միկրոսկոպիկ Արցախի դրոշները մետրոյի վագոնին կպցնելով էլ չենք թուրքանում, փրկում ենք արցախը ու դառնում ենք հինգ միլիոն․․․․ ու դեռ մի բան էլ վիդեոն միացրած մտնում է վագոն ու հանդիմանում մարդկանց որ անտարբեր են ու հեսա ուր որ է թրքանալու են․․․․․ ինչքան փող պիտի մարդուն տան որ համաձայնվի նման այլասերության

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031