Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը չի պարտադրում Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, սակայն ՀՀ իշխանությունն ազդակ է հղել արեւմուտքին»․ քաղաքագետ

Մայիս 23,2022 13:07

«Կարեւորը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի հարցն է, որովհետեւ դրանով պետք է ամրագրվի Արցախի կարգավիճակը, որովհետեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը եւ սահմանազատումն ուղղակի առնչություն չունեն կարգավիճակի հարցի հետ։ Եթե սահմանազատում է արվում Սիսիանի եւ Նախիջեւանի միջեւ, դա ուղղակի կապ չունի Արցախի կարգավիճակի հետ»,-«Մեդիա կենտրոնում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Ալիեւ-Շառլ Միշել հանդիպումների բանակցություններին՝ հայտարարեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Նրա բնորոշմամբ․ «Իրավիճակն այսպիսին է․ արեւմուտքի գործընկերները հասկանում են՝ որպեսզի այստեղ լինի երկարատեւ խաղաղություն, ցանկալի է, որ կողմերը գան ինչ-որ պայմանավորվածության, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի շուրջ։ Իմ գնահատմամբ՝ որեւէ մեկն արեւմուտքում չի պարտադրում ՀՀ-ին, թե միակ ճանապարհն ընդունելն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Սակայն փաստացի ստանալով ազդակներ մեր իշխանությունից, արեւմուտքում խանդավառություն է առաջացել․ Փաշինյանը երեք անգամ ակնարկել է, որ եթե Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում ապահովի արցախահայության իրավունքները, Հայաստանը կքննարկի դա։ Արեւմուտքում մտածում են՝ եթե ՀՀ-ն գտնում է, որ Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու հնարավորությունը կարելի է քննարկել, ուրեմն քննարկումը պետք է կենտրոնացնել անվտանգության երաշխիքների վրա»։

Այստեղից բխում է, ինչպես Բենիամին Պողոսյանը նշեց, որ կարող է լինել մշակութային-քաղաքական ինքնավարության կարգավիճակ կամ ինքնավարության բացակայություն․ «Ըստ արեւմուտքի՝ եթե ՀՀ-ն պատրաստ է  հրաժարվել դիրքորոշումից, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, ուրախանում է, որովհետեւ ավելի է մեծանում ՀՀ-Ադրբեջան վերջնական համաձայնության հասնելու հնարավորությունը»։

Բենիամին Պողոսյանը շեշտեց․ «Չեմ կարծում, որ ՌԴ-ն շահագրգռված է Արցախի վերաբերյալ ՀՀ-Ադրբեջան պայմանավորվածությամբ, որովհետեւ ՌԴ-ում կա մտահոգություն, որ արեւմուտքը ցանկանում է հասնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ-Ադրբեջան պայմանավորվածությանը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այն։ Բոլորս ենք հասկանում, որ հիմա ակնկալել, թե Ադրբեջանն այդ ապագա պայմանագրում կճանաչի Արցախի հանրապետությունը, հավանականությունը զրո է՝ անկախ ՌԴ կամ արեւմուտքի ցանկությունից։ Ուստի, եթե ՀՀ-Ադրբեջան պայմանագիրը կնքվելու է, դա ենթադրելու է որեւէ տարբերակով Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը։ Սա էլ ՌԴ-ի համար մտահոգություն կստեղծի, որովհետեւ ՌԴ խաղաղապահների հեռացման հարցը կդրվի Ադրբեջանի եւ Արեւմուտքի կողմից։ Ռուսները մեզ ասում են՝ ավարտեք հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, սկսեք սահմանազատումը, բանակցեք Ադրբեջանի հետ պայմանագրի շուրջ, բայց հնարավորինս խուսափեք ստորագրումից»։

Նման գործընթացը, Բենիամին Պողոսյանի խոսքով, երկար տարիներ է ենթադրում, իսկ արեւմուտքը ձգտում է գործընթացն ավարտին հասցնել մինչեւ 2025թ․-ը, այսինքն՝ մինչեւ ՌԴ խաղաղապահների գործունեության ժամկետի ավարտը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031