Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի մարզիկները Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիրներ են

Մայիս 23,2022 00:26

Մայիսի 1-15-ը Բրազիլիայի Կաշիաս դու Սուլ քաղաքում անցկացվեցին 24-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերը: Մրցաշարին մասնակցում էին 100 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Վանաձորից մրցաշարին մասնակցում էին երկու մարզիկներ, որոնք հանդես եկան ազատ ոճի ըմբշամարտ եւ ձյուդո մարզաձեւերում։

Ազատ ոճային ըմբշամարտում 57 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն եւ Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն ըմբիշ Սենիկ Սերոբյանը նվաճեց օլիմպիական բրոնզը: Սենիկն ասում է, որ հաղթանակին հասնելու համար կարեւորը ներքին ուժն է ու հաղթանակի նկատմամբ հավատը. «Հեշտ մրցաշար չի լինում։ Ամեն առաջնություն իր բարդություններն ունի։ Ես երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս ու այս անգամ էլ շատ ուժեղ  հակառակորդների եմ հանդիպել։ Կարեւորը ոչ մի պարագայում չհանձնվելն է, մարզիկն իր ներսում միշտ պետք է պայքար ունենա՝ սեփական վախերի, մտքերի, ապա նաեւ հակառակորդի ուժի դեմ»։

Մեզ հետ զրույցում Սենիկը վստահեցրեց, որ հաղթանակին հասնելու համար կարեւոր է նաեւ հայրենակիցների աջակցությունն ու ոգեւորությունը. «Երբ մրցագորգ ես դուրս գալիս, առաջինը մտածում ես հայրենիքիդ պատիվը բարձր պահելու մասին, հետո արդեն, երբ տեսնում ես հայրենակիցներիդ ոգեւորությունը, ուրախությունը, ավելի ես պարտավորվում»,- ասաց մարզիկն ու շարունակեց. «Յուրաքանչյուր մարզիկի համար ոգեւորող է շրջապատի, ազգի, պետության, բոլորի աջակցությունը։ Հիմա մենք, նման արձագանք տեսնելով, մեծ պարտավորվածություն ենք զգում՝ առաջիկա մրցաշարերում ավելի բարձր հորիզոնականներ գրավելու»:

Սենիկի անձնական մարզիչը Ժիրայր Հովհաննիսյանն է: Այժմ թիմը հանգստի փուլում է, մի քանի շաբաթից կվերսկսեն մարզումները, պատրաստվելու են գալիք տարում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Բացի Սենիկը հայրենի քաղաք հաղթանակով է վերադարձել նաեւ ձյուդո մարզաձեւում՝ 60 կգ քաշային կարգում Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոբերտ Գեւորգյանը, ով եւս նվաճել է բրոնզե մեդալը: Ռոբերտի անձնական մարզիչը Արտյոմ Մելքոնյանն է:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Սենիկ Սերոբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031