Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը:
Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիփատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, տարբեր երկրներից ժամանած մարզիկներ, պատվիրակությունների անդամներ, հյուրեր:
Բացման արարողության ժամանակ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
Կարդացեք նաև
«Հարգելի հայրենակիցենր,
Հյուրեր,
Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝ որպես բռնցքամարտի ոլորտում խոշորագույն միջոցառում: Հայաստանում այս սպորտաձևն ամենասիրվածներից է, բայց մենք այս քայլով Հայաստանի Հանրապետությունում ցանկանում ենք խրախուսել ոչ միայն բռնցքամարտի, այլ մասսայական սպորտի զարգացումը: Ուստի, երբ ստացանք մրցաշարը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը, ջանք ու եռանդ չխնայեցինք այն լավագույնս կազմակերպելու համար: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանում մեծ ներդրումներ են կատարվում մարզական ենթակառուցվածքներում: Այս մրցաշարի կազմակերպումը և իրավունք ստանալը խթանեց ենթակառուցվածքների զարգացումը, իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուժեղացրեց մարզական բաղադրիչը:
Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ,
Մենք ուշի-ուշով հետևելու ենք ձեր ելույթներին, աջակցելու ենք տրիբունաներում, սպասելու ենք մեծ հաղթանակների: Այսօր Հայաստանին այդ մեծ հաղթանակները շատ անհրաժեշտ են:
Սիրելի հայրենակիցներ,
Օգտվեք այս հնարավորությունից՝ աջակցեք մարզիկներին այս գեղեցիկ դահլիճում, դիտեք մրցաշարը հեռուստատեսությամբ, դիտեք մրցաշարը հատուկ այս մրցաշարի համար կազմակերպված ֆան-գոտում՝ Կարապի լճի տարածքում: Վստահ եմ, որ մեր հյուրերը Հայաստանից կմեկնեն ոչ միայն մրցանակներով, այլ մեծ տպավորություններով:
Բոլոր մարզիկներին մաղթում եմ հաջողություն, իսկ մեզ բոլորիս՝ վայելելու այս մրցաշարը:
Բարով եք եկել»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ