Լրահոս
Օրվա լրահոսը

Արջը կրկին աղավնաձորցիներին հյուր է եկել. 3 փեթակ էլ նախորդ գիշեր է ջարդել

Մայիս 23,2022 14:00

Նախորդ գիշեր արջը կրկին հյուր է եկել Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչներին: Այս անգամ գյուղի բնակիչ Մուրադ Ասատրյանի փեթակներն է ջարդուփշուր արել: Համագյուղացիներն ասում են՝ ուներ-չուներ՝ երեք փեթակ, երեքն էլ ավիրել է, շրջանակները հանել, ցիրուցան արել: Մուրադը Հրայր Ասատրյանի հարեւանն է: Նախորդ անգամ Հրայրի 8 փեթակներն էր վնասել: Այս գյուղում արջի հարձակումից եւս մեկ բնակիչ՝ Կարո Կարապետյանն էլ էր տուժել: Նրա 18 փեթակից 8-ը ջարդել՝ հեռացել էր:

Մուրադ Ասատրյանի փոթակները ջարդուփշուր անելուց հետո հեռացել է՝ այգում մեծ-մեծ հետքերը թողնելով: Գյուղի մյուս բնակիչները, որոնք մեղու են պահում, վախը սրտներում սպասում են, գիտեն՝ հերթն իրենց էլ է հասնելու: Արջը, որ տեղն արել է, կրկին վերադառնալու է: Ասում են՝ փեթակները մարդիկ բաց տարածքներում են պահում. Ոչ այն է նկուղ տեղափոխեն, ոչ այն է՝ տուն տանեն, պիտի այգում թողնեն, որ մեղուներն ազատ ելումուտ անեն: Աղավնաձորցիների խոսքով, ամբողջ ձմեռ ջանացել են, որ մեղուները կենդանի մնան, անկում չլինի, քանի որ դժվար սեզոնը ձմեռն է, հիմա, երբ ողջ առողջ մնացել են, արջն է հարձակվում: Գյուղի բնակիչները անվտանգության խնդիր էլ են տեսնում. Չգիտեն՝ արջը երբ կգա ու իր ճանապարհին ում կպատահի: Ասում են՝ եթե գյուղ է իջնում, մտնում մարդկանց բնակավայր, ուրեմն մի բան այն չէ, գուցե սոված է, կերի խնդիր ունի:

Աղավնաձորի բնակիչների խոսքով, չեն ուզում մեղրից հրաժարվել՝ նախ՝ եկամուտ է, ապրուստի միջոց, հետո՝ մեղուները նպաստում են գյուղի ծառերի, բույսերի փոշոտմանը:

Արջի հասցրած վնասների համար պարտաճանաչ դիմում են գրում գյուղապետարան, բայց դեռ չգիտեն՝ ինչ ընթացք կունենա:
Մեր նախորդ՝ «Արջը մտել է Աղավնաձոր, ջարդուփշուր արել մեղվի փեթակներն ու մեղրի շրջանակներն էլ իր հետ ձոր տարել» հրապարակման մեջ, որը լույս էր տեսել մայիսի 19-ին, «Առավոտի» հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը նշել էր, որ արջի հարձակման դեպքերը՝ մասնավորապես փեթակների վրա, 100 տոկոսով փոխհատուցում են: Նրա խոսքով, դա իրականացնում են բնապահպանական երեք կառույցները, որոնց հետ համագործակցում է մարզպետարանը: Մեզ հետ զրույցում սակայն, աղավնաձորի բնակիչները նշեցին, որ նախորդ տարվա վնասները դեռ չեն էլ ստացել եւ հույս էլ չունեն, որ իրենց կփոխհատուցեն: Գեղամ Մարգարյանը նաեւ նշել էր, որ 2019 թվականից սկսած՝ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկել՝ էլեկտրական հովիվ են տեղադրել, փողոցային լուսավորություն են անցկացրել գյուղերում, ճանապարհ են սարքել, ջրարբիացում են արել, որ չընկնեն արջի բերանը, լուսային, ձայնային ազդանշաններ են տեղադրել, սակայն այդ միջոցներն, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, դեռ բավարար չեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031