Լրահոս
Օրվա լրահոսը

2002 թվականի մայիսը «Առավոտի» վավերագրությամբ

Մայիս 23,2022 13:30

«Եթե չեք կարողանում հիմա ձեզ պաշտպանել՝ հույս ունենա՞մ, որ վաղը-մյուս օրը կարող եք երկիրը պաշտպանել։ Ինչո՞ւ չեք ըմբոստանում». Վազգեն Սարգսյանի մայր

2002թ. ապրիլի 26-ի հանրահավաքը եւ ցուցարարների խաղաղ երթի տեխնիկական մասը սպասարկող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը հանրահավաքից հետո տարվել էր Պետավտոտեսչության տուգանային հրապարակ, պատճառաբանելով, թե իբր, ըստ օպերատիվ տվյալների, նմանատիպ միկրոավտոբուսով վրաերթ է կատարվել եւ փորձաքննություն է անցկացվելու, որից հետո միկրոավտոբուսն ազատ կարձակվի։

Մայիսի 1-ին «Առավոտը» գրեց. «Անցել է արդեն մոտ 5 օր, սակայն «Մերսեդեսը» շարունակում է «կալանված» մնալ։ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը մեզ հայտնեց հետեւյալը. «Հանրահավաքից հետո մեքենայի ետեւից այլեւայլ պատրվակներով եկել էին թվով մոտ 30 իրավապահներ, որոնց ամենափոքր կոչումը երեւի սերժանտն էր, իսկ ամենամեծը՝ փոխգնդապետներ էին (քաղաքի վարչության պետն էր, ՀՀ վարչության պետի տեղակալը եւ այլն), բոլորովին անհասկանալի էր, թե ինչո՞ւ երեկոյան, այդ ուշ ժամին հավաքվեցին եւ ինչպե՞ս այդքան արագ հավաքվեցին այդ խեղճ միկրոավտոբուսի գլխին։ Երբ որ տեսան, որ ես ներկա եմ, ասացին, թե որեւէ խնդիր չկա, պարզապես ժամանակին ինչ-որ չբացահայտված գործ է եղել, կասկածներ կան, որ նման մեքենայով էր, եւ խնդրեցին, որ մեքենան տարվի զննման։ Մենք կատարեցինք օրենքի պահանջը՝ տարանք մեքենան, չթողեցինք, որ ընդհարում լինի, չնայած կարող էր լինել։ Երեք օրվա ընթացքում զննումը կատարվեց եւ որոշվեց, որ տվյալ մեքենան որեւէ կապ չունի վերը նշված չբացահայտված գործի հետ» («Մեքենան «կալանվել է» քաղաքական պատճառներով»): Մինչ ԵԿՄ 5-րդ համագումարը, երբ երկրապահներից հետաքրքրվում էինք, թե որեւէ սուր ելույթ սպասվո՞ւմ է՝ բոլորը հիշատակում էին Վահան Շիրխանյանին։ Սակայն նա ո՛չ ելույթ ունեցավ, ո՛չ էլ ԵԿՄ վարչության առաջարկած վերընտրվողների ցանկում կար նրա անունը (ինչպես նաեւ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի, Աստվածատուր Պետրոսյանի, Դավիթ Զադոյանի եւ այլոց)։ Վահան Շիրխանյանը նախապես լրագրողներին էր բաժանել մի հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր. «ԵԿՄ վերնախավը որդեգրել է տխրահռչակ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը։ (…) Հետսպարապետյան գեներալիտետը «ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ» կարգախոսի տակ վարում է զուտ իշխանամետ, կասեի՝ իշխանապաշտ քաղաքականություն։ Սա ինձ համար խիստ վիրավորական է։ Ի դեպ, ԵԿՄ շարքային կազմը եղել եւ մնում է ժողովրդի անբաժանելի մաս։ Իշխանություն-ժողովուրդ խորը առճակատման պայմաններում, քանի դեռ այս վերնախավը չի վերադարձել դեպի ժողովուրդ, ես նրանց հետ անելիք չունեմ» («Կոմպլեմենտար ԵԿՄ-ն», մայիսի 1, 2002): Այս համագումարը կհիշվի նաեւ նրանով, որ ելույթ էր ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետան, հանդիմանելով ԵԿՄ-ին. «Եթե չեք կարողանում հիմա ձեզ պաշտպանել՝ հույս ունենա՞մ, որ վաղը-մյուս օրը կարող եք երկիրը պաշտպանել։ Ինչո՞ւ չեք ըմբոստանում»:

Մայիսի 3-ին տեղեկացնում ենք, որ «Ա1+»-ի փաստաբաններին վերջապես տրամադրվել է մեկ շաբաթ առաջ դատավոր Նախշուն Տավարացյանի կայացրած վճռի ամբողջական տեքստը. «Եվ պարզվեց, որ տիկին Տավարացյանը հիմնավոր եւ ապացուցված է համարել միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների փաստարկները» («Իրոք ծիծաղելի է»):

«Արժանապատիվ ապագա» կուսակցության լիդեր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն արձագանքելով հեռուստաընկերության փակմանը՝ «Առավոտին» ասում է. «Այսօր չեն կարողանում ապացուցել՝ ո՞վ է մեղավոր այն օրենքի համար, որով փակվել է «Ա1+»-ը։ Որովհետեւ ստեղծել ենք բացարձակապես ռեակցիոն շղթա. չի աշխատում ընտրության մեխանիզմը, մարդիկ կաշառքով ու ծանոթությամբ են հայտնվում պառլամենտում, ինչի արդյունքում այն չի արտահայտում ժողովրդի շահը («Երկխոսության «հավես» չկա»): Ըստ նրա, երկխոսելու ցանկություն չի եղել դեռ 88-ից սկսած. «Մեր երկրում երկխոսություն չի եղել սոցիալիզմի ժամանակ, ղարաբաղյան շարժման տարիներին կային ընդամենը առաջնորդներ եւ միտինգավորներ (թեեւ դրանք պայծառ ժամանակներ էին), իսկ 91-ից երկխոսությունը վերջացել է մինչ այսօր։ Ամեն դեպքում, 99-ին, երբ իշխանությունը փոխվեց, նոր իշխանության ներկայացուցիչները մտավորականներին հրավիրեցին երկխոսության։ Սակայն հենց այստեղ էլ երկխոսելու «հավեսը փախավ»:

Մայիսյան հետաքրքիր հրապարակումներից մեկը ՊԱԿ-ի սպայի հետ հարցազրույցներ էր: «Առավոտը» հարցրել էր՝ ի՞նչն է փոխվել ՊԱԿ-ի կառուցվածքում անկախության տարիների ընթացքում։ Պահպանվե՞լ են, արդյոք, գաղտնի գործակալները։ Ինչպե՞ս եք դուք ընդունում այն փաստը, որ 70 տարի ՊԱԿ-ը այլախոհությունը հետապնդող եւ վերացնող ուժային կառույց էր։ Սպան պատասխանել էր. «ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ ԱԱՆ դարձած նախկին ՊԱԿ-ի խնդիրների եւ կառույցների մեջ ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակը՝ ուռճացվել է աշխատանքի բնույթն ու գաղտնիությունը, աննպատակ աճել են հաստիքացուցակները։ ԱԱ նախարարության կատարած աշխատանքը հիմնականում կարելի է ասել չի համապատասխանում անկախություն ձեռք բերած հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությանն ու նկարագրին։ Ներկայումս գործող հիմնական գործակալական ցանցը նույնպես մեծացել է գործ տվողների եւ բանշինծուների ճղճիմ մակարդակի վրա։ ՀՀ-ում, ինչպես առհասարակ բոլոր գերատեսչությունների եւ ղեկավար օղակների, այնպես էլ մեր համակարգի աշխատանքը չի լուսաբանվում, ոչինչ չի գրվում մեր համակարգի մասին։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր հրատարակվել է ընդամենը մի հատված արխիվներից՝ գնդակահարված եւ աքսորված հոգեւորականների մասին։ Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, ղեկավարությունը չի բացահայտում արխիվները, իսկ գաղտնիքն, ինչպես հայտնի է, վախ է ծնում։ Մեր համակարգի հանդեպ վախը հին է. այն գալիս է 37 թվականից եւ իր հիմքում, իրական փաստերից բացի, ունի նաեւ շատ տարածված առասպելներ։

Այդտեղ իրենց մասն ունեն նաեւ ազգաբնակչության անգրագիտությունն ու օրենքներին անտեղյակ լինելը։ Անցյալ 70 տարիների մասին դեռ որոշ բաներ հայտնի են, այն էլ՝ շնորհիվ ռուսական տեղեկատվական միջոցների, իսկ վերջին տարիներին կատարվածը պատված է անհայտության վարագույրով» (մայիսի 4, «Վախը շատ հին է, այն գալիս է 37 թվից»): «Մուշեղ Սաղաթելյանը քաղբանտարկյալ» հրապարակմամբ տեղեկացնում ենք դատախազ Կ. Փիլոյանի մեղադրական ճառից հետո Մ. Սաղաթելյանի արձագանքին: Մ. Սաղաթելյանն անդրադարձավ մեղադրանքների բոլոր դրվագներին ու նշեց, թե մասնավորապես 96-ի սեպտեմբերյան դեպքերին առնչվող վկայությունները, փաստերը ամբողջովին խեղաթյուրվել են: Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ 96-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ընդդիմության ներկայացուցիչներին տարել են ՆԳՆ 6-րդ բաժին ու ծեծել, ինքը եղել է նախագահի նստավայրում, հետո «6»-ի պետ Արմեն Երիցյանի հետ վերադարձել է ՆԳ վարչություն՝ իր աշխատասենյակ. «Այդքանը: Ա. Արշակյանին տարել են իմ տեղակալի՝ Հունան Պողոսյանի մոտ: Ինչո՞ւ չեն կանչել նրան ու հարցրել, թե՝ Մ. Սաղաթելյանն այդ օրը որտե՞ղ է եղել: Բերել, ինձ դարձրել եք հրեշ»:

Իսկ 99-ի նոյեմբերի 5-ին, «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Մ. Մկրտչյանին ծեծի ենթարկելու դրվագով Մ. Սաղաթելյանն ասաց. «Ինքն այդ օրը ներկայիս մի շարք գեներալների եւ զինդատախազի հետ եղել է ԱԱՆ մեկուսարանի պետի սենյակում: Ինչո՞ւ չեք կանչում Ջհանգիրյանին՝ հարցնեք, թե Մ. Սաղաթելյանն այդ օրը պետի սենյակից դուրս եկե՞լ է, քննիչի սենյակ մտե՞լ է, որեւէ մեկին ծեծե՞լ է»: Պակաս սկանդալային չէր Գրիշա Գրիշյանի գործի լուսաբանումը «Առավոտում»: Պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության ֆինբաժնի նախկին պետ, «նախկին» գնդապետ Գրիշյանը 1997թ. դեկտեմբերի 8-ին փաստացի ձերբակալվում է զինվորական դատախազության կողմից։ Խուզարկվում է նրա բնակարանը, իսկ Գ. Գրիշյանը տեղափոխվում է ՌՈ մեկուսարան՝ «կասկածվելով» շուրջ 70 հազար ԱՄՆ դոլարի հափշտակության մեջ։ Գտնվելով ազատազրկման մեջ, զինդատախազությունը Գ. Գրիշյանի ընտանիքից ստանում է (կամ շորթում) 200 հազար ԱՄՆ դոլար գումար, ապա վերադարձնում… 124 հազար ԱՄՆ դոլարը։ «Պատկերացրեք, ինչքան վստահ էին իմ անմեղության մեջ, որ առանց գործը կարճելու գումարը ետ տվեցին։ Որպես արդարացվածի՝ դիմեցի փոխհատուցման պահանջով։ Լուրը հասավ ԶԴ։ Այդտեղ էլ պատահական լսեցի, որ հանցակազմի բացակայությամբ կարճված գործը իրադրության փոփոխությամբ վերացրել են»:

Վանաձորի մի բնակչուհի փորձել էր մոտենալ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին՝ նամակ տալու համար, քաղաքապետարանի չորրորդ հարկից հագուստը պատառոտելով ոստիկանները իջեցրել էին առաջին հարկ, «չոռնի խոդով» «Նիվայով» տարել ՆԳ բաժանմանունք, փակել մեկուսարանի խցում, իսկ ՀՀ նախագահի` Վանաձոր գալու օրը, երբ բողոքի ցույց էր արել, նրան մեկուսացրել էին («Թե ինչ եղավ հետո»): Մայիսի 11-ին անդրադարձել ենք քաղավիացիայում տիրող իրավիճակին, ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա»-ի միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագրին, արդարադատության այդ ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանի պարզաբանումներին:

Արժե բացել արխիվներ, հիշեցնել: «Նոր պատերազմն ավելի ծանր կլինի» հրապարակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահող, Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովի հետ «Առավոտին» տված հարցազրույցն է (մայիսի 11), նա 2002-ին ոչ միայն քննադատել էր հակամարտության կարգավորման առկա տարբերակները, այլ հանդես եկել նոր առաջարկով, որ պայմանականորեն կարելի է անվանել «ամեն փուլում՝ փոքր փաթեթ»:Կազիմիրովն ասել էր. «Այն տարբերակը, որ առաջարկում էր Ադրբեջանը, զուրկ էր ամեն փուլի հավասարակշռվածությունից։ Նրանք առաջարկում էին առաջին փուլում ազատել բոլոր գրավյալ տարածքները, իսկ հետո… Այսինքն՝ նախ վերադարձրու այն ամենը, ինչ իմն է, իսկ հետո կքննարկենք այն, ինչ համարում ես քոնը։ Հավելեմ, հետո կարող է պարզվի, որ այն ընդհանուր է՝ ոչ միայն մի կողմինը»:

Պատրաստեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031