Լրահոս
Օրվա լրահոսը

Տանիքի բացակայությունը չի խանգարում հաղթարշավին

Մայիս 23,2022 12:30

Հարցազրույց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ

– Պարոն Դադասյան, օրերս հանդես եկաք ըստ Ժակ Պրեվերի պոեզիայի՝ «Ինչպես նկարել թռչուն» սիրային կատակերգության պրեմիերայով։ Ներկա լինելով ներկայացման գլխավոր փորձին, մտաբերեցինք 1990-ականների վերջերին ձեր իրականացրած նույն ներկայացումը, որտեղ դուք եւս բեմում էիք։ Կարելի՞ է ասել, որ վերականգնել եք ներկայացումը, այս անգամ, ինչպես ասում են՝ թարմ ուժերով կամ թատրոնում առաջին քայլերն անող երիտասարդ մնջախաղացներով։

– Այո, ներկայացմանը մասնակցեցին թատերական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողներս՝ Տոնի Ամզոյանը, Ալինա Մարաբյանը, Անժելա Պողոսյանն ու Խաչատուր Դարբինյանը, որոնք փաստորեն կարողացան վերարտադրել իմ այն զգացողությունները, որոնք ունեցել եմ բեմադրական աշխատանքների, փորձերի ժամանակ։ Հպարտ եմ նրանցով։ Այո, ներկայացումը վերականգնված է ինստիտուտում իմ գործընկեր Ինա Հախնազարյանի ջանքերով։

– Ինչո՞ւ որոշեցիք ներկայացմանը ներգրավել միայն ուսանողներին։

– Քանի որ մտաբերել եք ըստ էության այդ ներկայացման առաջին պրեմիերան, ապա, կարծում եմ, հիշում եք սյուժեն։ Եթե համառոտ ներկայացնեմ, այն զարգանում է այսպես. երիտասարդների «սիրո նետերը» դիպչում են մեծահասակներին՝ շնորհիվ չարաճճի տղայի աշխույժ, էներգիայով լեցուն մորաքրոջ, որին հաջողվում է ի վերջո գտնել դպրոցի՝ կարծես զգացմունքներից զուրկ պեդանտ ուսուցչի սրտի բանալին։

– Վերջերս Մոսկվայում ավանդաբար անցկացվող ««У Троицы»» մնջախաղի միջազգային փառատոնի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ ութերորդ անգամ հունիսի 3-11-ն անցկացվող փառատոնային ելույթներին հրավիրված է նաեւ Երեւանի մնջախաղի թատրոնը՝ մեզ քաջածանոթ «Շերանիկ» ներկայացմամբ, որով էլ կփակվի փառատոնը։ Միջազգային փառատոներին մասնակցության մեծ փորձ ունեցող ձեր թատրոնը վերջին անգամ 2020-ին է փայլել՝ «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող «Ֆաջըր» հեղինակավոր փառատոնին։

– Մոսկովյան փառատոնին թատրոնը մասնակցելու է առաջին անգամ։ Նախ ինձ հրավիրել էին մասնակցելու ժյուրիի աշխատանքներին, հետո՝ որպես փորձագետ՝ փառատոնի շրջանակներում անցկացվող «Երիտասարդ ռեժիսորների լաբորատորիա» մրցույթին։ Այստեղ ընդգրկված մասնագետները պետք է ընտրեն հետաքրքիր մտահղացում, գաղափար, ծրագիր ներկայացրած երիտասարդ ռեժիսորին, որի աշխատանքը կֆինանսավորվի՝ Ռուսաստանի որեւէ թատրոնում բեմադրելու նպատակով։ Հայաստանից լաբորատորիա-մրցույթին կմասնակցի Նորա Գրիգորյանը։

(Վերջին շրջանում այդ ռեժիսորի մասին շատ է խոսվում, մասնագետները առանձնացնում են հատկապես Երեւանի ռուսական թատրոնում իրականացրած նրա «Օնեգին», «Կոնտրակտ» բարձրարվեստ աշխատանքները- Ս. Դ.)։

– Թատրոնի խաղացանկը ընդգրկուն եւ ուշագրավ է հատկապես ներկայացումների բովանդակային առումով։ Ունեք բեմադրություններ, որտեղ ներկայացված են անգամ նախորդ դարերի պատմական իրողություններ ու անցքեր։ Ինչո՞ւ ընտրվեց հենց «Շերանիկը»։ Դա փառատոնի կազմկոմիտեի որոշո՞ւմն էր, թե՞…

– Դուք կարծես մոտեցաք հարցի պատասխանին։ Փառատոնն ունի հոգեւոր ուղղվածություն, այն է՝ բեմադրությունները պետք է ունենան երկրիդ պատմության հետ առնչվող սյուժե եւ, անկասկած, հոգեւոր բովանդակություն։ Իսկ «Շերանիկը» բեմադրված է Հաղպատի Ավետարանի մոտիվներով եւ ներկայացնում է 13-րդ դարի Անի մայրաքաղաքի կենցաղը։ Իսկ հրավիրող կողմը ծանոթ է մեր թատրոնին՝ շնորհիվ ռուսաստանյան հյուրախաղերի։ Ժյուրիի կազմում ընդգրկված են մասնագետներ, որոնց հետ ես ոչ միայն շփվել, այլեւ համագործակցել եմ։ Իսկ ժյուրիի նախագահն է ճանաչված թատերագետ, ԳԻՏԻՍ-ի թատերագիտության ամբիոնի պրոֆեսոր Նինա Շալիմովան։

– Ճի՞շտ է մեզ հասած տեղեկությունը, թե մոտ կեսդարյա պատմություն ունեցող մնջախաղի թատրոնն առաջին անգամ ձեռնամուխ է եղել մանկական ներկայացման։

– Այո, դա մեր տաղանդավոր դերասան ու ռեժիսոր Մերի Կիրակոսյանի մտահղացումն է։ Հուլիսին կներկայանանք այդ աշխատանքով։ Խոսքը փոքրիկների սիրելի Ալիսայի մասին է՝ ըստ Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների եւ հայելիների թագավորությունում» հեքիաթների։

– Մի տեղեկություն էլ ունենք. ասում են՝ օտարազգի արվեստագետը նախաձեռնել է ֆիլմ նկարահանել՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ձեր թատրոնի հրաշալի դերասան Հովհաննես Հաջինյանին։

– Օգոստոսին հրավիրված եմ Վրոցլավի Հենրիկ Տոմաշեւսկու անվան մնջախաղի թատրոն՝ վարպետության դասընթացներ անցկացնելու նպատակով։ Դրանք նկարահանվելու են ու տեղ կգտնեն մեր հերոս դերասանին նվիրված ֆիլմում։ Իսկ նախաձեռնողը Վրոցլավի թատրոնի մնջախաղաց Մաթեուշ Կովալսկին է, որը բազմաթիվ առիթներ է ունեցել շփվել մեր թատրոնի դերասանների հետ, այդ թվում՝ Հովհաննեսի։

– Չենք կարող չհետաքրքրվել 2008 թվականից Ծաղկաձորում անցկացվող, իր ժանրում միակ՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի ճակատագրով։

– Ընդամենն ասեմ, որ հույս ունեմ, թե երկու տարին մեկ անցկացվող փառատոնը կվերսկսի աշխատանքները հաջորդ տարվանից։

– Պարոն Դադասյան, առանց «տրադիցիոն» հարցի հնարավոր չէ պատկերացնել ձեզ հետ հարցազրույցը…

– Հասկանալի է՝ մեր թատրոնի շենքի մասին։ Ընդամենը կարող եմ ասել հետեւյալը. հավաստիացնում են, որ շուտով կվերսկսվեն վերակառուցման աշխատանքները։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Ինչպես նկարել թռչուն» ներկայացումից։

«Առավոտ» օրաթերթ
21.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031