Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեմական լեզուն արժեք է»

Մայիս 23,2022 12:00

Ասում է ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանը

Լույս է տեսել ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանի «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գիրքը, որը հասցեագրված է ապագա դերասաններին եւ ոչ միայն: Գիրքը երեք մասից է բաղկացած. «Խոսքը եւ բեմը»՝ տեսական եւ գործնական բաժիններով, «Բանավոր խոսքի լեզուն» եւ «Բեմական խոսքի արվեստը»:

«Առավոտի» հետ զրույցում Գրետա Մեջլումյանն ասաց, որ ուսանողը պետք է նաեւ տեսական գիտելիքներ ստանա, եւ իմանա իր օրգանիկան, արտասանական օրգաններն ինչպես են աշխատում, որն ինչ ֆունկցիա է կատարում եւ այլն: Դրան էլ միտված է գիրքը՝ տեսական եւ գործնական մասերով:

«Տարիներ շարունակ պրպտումների մեջ եմ: Դրան շատ օգնել է մանկավարժական աշխատանքս. ամեն անգամ ինքս էլ մի բան գտել, ըմբռնել եմ, թե ինչն ինչպես անել, որ ուսանողը կարողանա հաղթահարել: Ցանկացել եմ նաեւ այս կերպ օժանդակել ուսանողներիս,-նշել է Գրետա Մեջլումյանը, անդրադառնալով նաեւ հայոց լեզվի դերին ու նշանակությանը,-մեր լեզուն աստվածային, հարուստ, արքայական լեզու է: Բեմական խոսքը հենվում է լեզվի վրա: Եթե լեզվի օրինաչափությունները մենք գիտենք, ապա ամեն ինչ ավելի դյուրին է դառնում: Սակայն մի բան՝ լեզուն արժեք է, որը մինչեւ կյանքի վերջ պետք է սովորել, քանզի մարդն անընդհատ կատարելագործվում է, անընդհատ վերահսկում, կառավարում է իր լեզուն»:
Գրետա Մեջլումյանը մեծ ուշադրություն է դարձնում բանավոր խոսքի լեզվին, որին նաեւ գրքում է անդրադարձել: «Եթերը, հատկապես սերիալները, համացանցը շատ է ավերում մեր լեզուն»,-մտահոգված է մեր զրուցակիցը: Նա նշեց, որ եթերի ղեկը վարողները նախ եւ առաջ պետք է հարգալից լինեն մայրենի լեզվի նկատմամբ: «Ովքեր հարգալից են, իսկույն երեւում է, որ այդ հաղորդումը, ֆիլմը կամ սերիալը տարբերվում է մյուսներից եւ այլ մակարդակում են գտնվում»,-հավելեց նա:

Զրուցակիցս համամիտ չէ այն կարծիքին, որ երբեմն ասում են՝ այդպես բնական չէ խոսքը, ինչու «է»-ով խոսել, ոչ թե «ա»-ով: «Ո՛չ, բնական չէ: Բնականը դերասանի ներքին զգացողությունից է գալիս եւ կերպարը ճիշտ ըմբռնելուց»,-վստահեցնում է Գրետա Մեջլումյանը, օրինակ բերելով «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, որտեղ միլիցիոները՝ Սոս Սարգսյանը, ասում է՝ ուսիդ կեղտը մաքրիր, իսկ Իշխանը (դերակատար Մհեր Մկրտչյան) պատասխանում է՝ սա կեղտ չի, սա թրիք է:

«Նա չի ասում՝ սա թրիք «ա», այլ ասում է՝ թրիք «է»: Նույնն էլ «Աշնան արեւ» ֆիլմում, որտեղ Աղունը նույնպես «է»-ով է խոսում: Բայց տեսեք՝ ինչ բնական ու օրգանական է»,-նշեց մեր զրուցակիցը:

Թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյան-Արծրունու կարծիքով՝ ակնհայտ է, որ մեր առջեւ արժեքավոր եւ լուրջ աշխատանք է: «Գրքի նորարարությունը հեղինակի կողմից առաջարկվող բարդ վարժանքների շարքն է, որը, իր իսկ խոսքով, ամբողջությամբ սեփական նախաձեռնության արդյունք է: Ակնհայտ են հեղինակի՝ մայրենիի ու գրական հայերենի հանդեպ պաշտամունքն ու մեծ պատկառանքը, հայրենասիրությունը, որը փորձում է ներարկել իր ընթերցողին»,-գրավոր կարծիքում նշել է Անուշ Ասլիբեկյան-Արծրունին, ավելացնելով, որ իսկապես անհրաժեշտ ուսումնական ձեռնարկ է: Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը գրել է, որ «հեղինակի դերասանական եւ մանկավարժական հարուստ փորձը իսկապես հնարավորություն է տվել ստեղծելու բեմական խոսքի մասնագիտական խորքերը բացահայտող գիրք»:

Հարցին՝ հայ թատրոնը որտեղից ուր է գնում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ միշտ մտածում է՝ երբ գալիս է մի վառ անհատականություն, տաղանդաշատ մարդ, նա թատրոն է ստեղծում եւ տանում իր հետեւից:

«Թատրոնը պետք է լինի տաղանդների խումբ՝ իրենց բեմադրիչով: Եվ այդ թատրոնը պետք է ծաղկի, առաջ գնա: Վառ օրինակ բերեմ. այսօր ամենալավ վիճակում Համազգային թատրոնն է, որտեղ ամեն անգամ հետաքրքիր, ինքնատիպ, տարբերվող եւ նորովի մատուցմամբ ներկայացումներ են բեմադրվում: Նրանք հանգիստ չունեն, անընդհատ աշխատում եւ ստեղծում են: Կարող եմ ասել՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումները համաշխարհային ցանկացած բեմում վստահաբար կարող են բարձր պահել հայ թատրոնի պատիվը»,-եզրափակեց Գրետա Մեջլումյանը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031