Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում եւս տեղավորվում է «ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի» տրամաբանության շրջանակում»

Մայիս 23,2022 14:30

Ըստ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի՝ ընդդիմության ցույցերը հնարավորություն է գտնել այլընտրանքային լուծումներ՝ ասելով, որ ես չեմ կարող պայմանագրով հստակ ֆիքսել, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, քանի որ դա հասարակության ակտիվ մասը չի ընդունում:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունները նորություն չի համարում: «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետը նշեց. «Նորություն չէ՝ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ 2018-ին ՀՀ-ում եղել է հեղափոխություն հանուն ժողովրդավրության, Հայաստանը բռնել է ժողովրդավարության ճանապարհը եւ չնայած շատ բարդ ժամանակահատվածի՝ շարունակում է ընթանալ ժողովրդավարության ուղով, եւ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ-ում գործող կառավարությանը»: Արցախի հարցով ԱՄՆ դեսպանը նշել էր՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն այն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մեր դիտարկմանը՝ իշխանական շրջանակներն այս հայտարարությունը որպես դրական են ներկայացնում, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Այո, Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ, այն պետք է լուծվի համապարփակ կարգավորմամբ, այդ թվում նաեւ երեք սկզբունքների՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման վրա: Բայց ուժի չկիրառման սկզբունքն արդեն կոպտորեն խախտվել է 2020-ին Ադրբեջանի կողմից: Սակայն որեւէ մեկն ուղղակիորեն եւ կոնկրետ չի դատապարտում, որ Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքը, եւ ստատուս քվոն փոխվել է, ուստի ի՞նչ է լինելու դրանից հետո: Եթե այդ հստակեցումները չեն արվում, ապա ինքնին այդ սկզբունքի հիշատակումն, ինձ թվում է, մի քիչ լուրջ չէ: Այն, որ ԱՄՆ դեսպանը խոսում է, որ նաեւ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի, դա հասկանալի է, նաեւ ՀՀ կառավարությունն է դա ասում, մյուս կողմից էլ Ադրբեջանն է պատրաստ քննարկել Արցախի որեւէ կարգավիճակ Արդբեջանի կազմում: Հետեւաբար այս հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի, ավելի շատ տեղավորվում է այն ընդհանուր տեսլականի մեջ, որը կա մեր արեւմտյան գործընկերների մոտ»: Իսկ թե այդ տեսլականին հասնելու ճանապարհը որն է, Բենիամին Պողոսյանն այս մասին ասաց. «Ադրբեջանը քայլ է կատարում, հրաժարվում է «Արցախ չկա, կարգավիճակը պատմական աղբանոցում է» տեսլականից, բայց ՀՀ-ն էլ քայլ է անում եւ հրաժարվում «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» տեսլականից, եւ կողմերի այս դիրքորոշումները հատվում են «Արցախի ինքնորոշում՝ Ադրբեջանի կազմում» տրամաբանության շրջանակում»:

Իսկ թե ինքնավարություն ո՞ր տարածքներում՝ 2020-ի նոյեմբերի 10-ից հետո մնացա՞ծ, ԼՂԻՄ-ի տարածքում կամ ի՞նչ ինքնավարություն, սա ըստ քաղաքագետի՝ հստակեցված չէ: Այն պնդումներին, թե ԱՄՆ դեսպանի հայտարարությունները դրական էին, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Արեւմուտքում կա ընկալում, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ ճանապարհով, եւ այդ ճանապարհն անցնում է դե յուրե Արցախի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում ինքնավարությամբ եւ երաշխիքների տրամադրմամբ: Եթե դա համարում եք ՀՀ-ի համար դրական… Բայց որեւէ մեկը, այդ թվում՝ համանախագահները, չի ասում, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, որը պիտի անցկացվի ԼՂ-ում, որին պետք է մասնակցի հայ եւ ադրբեջանական բնակչություն՝ 1989-ին եղած համամասնությամբ՝ 75 տոկոս հայեր, 21 տոկոս ադրբեջանցիներ: Իսկ որ կարգավիճակը պետք է որոշվի, բոլորն էլ դրա մասին ասում են: Ադրբեջանն էլ է ասում: Պարզ է, որ նա պատրաստ է քայլ անել ու համաձայնել Արցախի ինքնավարությանը, բայց Ադրբեջանի կազմում: Ուստի, եթե որեւէ մեկը հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պիտի լուծվի, դա բոլորովին չի նշանակում, որ ինքը դեմ է Արցախը որպես ինքնավարություն Արդբեջանի կազմում թողնելուն: Եթե ՀՀ-ն եւ Ադրբեջանը պայմանավորվում են, որ Արցախը պետք է ինքնավար մնա Ադրբեջանի կազմում, դա նշանակում է Արցախի կարգավիճակի հստակեցում եւ որոշում: Արցախի ինքնավար կարգավիճակը Ադբեջանի կազմում եւս հարյուր տոկոսով տեղավորվում է «ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի» կոչերի կամ տրամաբանության շրջանակում: Այնպես որ, եթե որեւէ մեկը կհայտարարի, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, որը պետք է իրականացվի ամբողջ ԼՂԻՄ տարածքում եւ հետեւյալ համամասնությամբ, այդ դեպքում կարելի է ասել, որ դա դրական հայտարարություն է»:

Հարցին՝ ինչո՞ւ հիմա ԱՄՆ դեսպանը փորձեց ակտիվանալ, երբ 44-օրյա պատերազմի օրերին պասիվություն էր պահպանում, սա արդյոք կապված չէ՞ այն կարծիքների հետ, որ ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսն է փորձ արվում փոխել, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Նման կարծիք չունեմ: Դրա մասին կարելի էր խոսել, եթե գոնե ԱԳ նախարարի մակարդակով հայտարարվեր, որ դիտարկում ենք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, ռուսական ռազմակայանի՝ ՀՀ տարածքից դուրսբերման, ռուս խաղաղապահների՝ Արցախի տարածքից դուրսբերման հարց»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները պնդում են, որ ԵՄ զեկույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին անցյալ ժամանակով է խոսվում եւ հարցին՝ այդ մտահոգություններն արդարացվա՞ծ են, քաղաքագետը պատասխանեց. «Հստակ է, որ ԵՄ-ն ձեւավորել է ՀՀ-Ադրբեջան բանակցությունների երկրորդ հարթակը: Փաստացի Մինսկի խմբի համանախագահությունը չկա, դա բոլորն են ընդունում, վերջին հաշվով՝ հիմա հանդիպումները տարվում են կամ ՌԴ-ի, կամ ԵՄ-ի միջնորդությամբ, կամ Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիեւ մակարդակով: Նրանք հանդիպում, ինչ-որ հարցեր են քննարկում, որոնք բարձրացվում են ղեկավարների մակարդակով: Օրինակ՝ մայիսի 2-ին նրանք հանդիպեցին, մայիսի 22-ին նախատեսված է Ալիեւ-Փաշինյան հանդիպում՝ Բրյուսելում: ԵՄ-ի քայլերը ցույց են տալիս, որ այս պահին Մինսկի խմբի համանախագահություն չկա: Համանախագահները տարածաշրջան այցեր չեն կատարում եւ հանդիպումներ չեն կազմակերպում: ՀՀ-Ադրբեջան բանակցությունների գործընթացը կազմակերպվում է Ռուսաստանի եւ ԵՄ հարթակներում: Արդեն ՄԽ համանախագահություն՝ որպես այդպիսին, չկա, թեեւ իրավական առումով գոյություն ունի: Միայն ՀՀ-ն դեռեւս փորձում է հայտարարել, որ խաղաղ բանակցությունները պետք է համանախագահության շրջանակներում ընթանան»: Հարցին՝ ի՞նչ հանգուցալուծում սպասել, Բենիամին Պողոսյանը պատասխանեց, որ ամենյան հավանականությամբ՝ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը կսկսի գործել, կընթանան ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շուրջ բանակցություններ. «Խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ՌԴ-ն շահագրգռված չէ, քանի որ հասկանալի է, որ այդ պայմանագիրը, եթե ստորագրվի, ներառելու է նաեւ համաձայնություն Արցախի հարցում: Պարզ է՝ միակ հնարավոր տարբերակը Արցախի ինքնավարությունն է Արդբեջանի կազմում: Եթե նման բան ստորագրվեց, Ադրբեջանն ու մեր արեւմտյան գործընկերները դա օգտագործելու են, որպեսզի չերկարագձեն մեր ռուս խաղաղապահների մանդատը»:

Մեր հիշեցմանը՝ սահմանազատման հանձնաժողով դեռ ՀՀ-ն չի ստեղծել եւ հարցին՝ դա կապ ունի՞ ընդդիմության ցույցերի հետ, քաղաքագետը պատասխանեց. «Ցույցերն ավելի շատ հնարավորություն են տալիս այդ գործընթացները երկարաձգել: Եթե Ադրբեջանը պահանջում է՝ պայմանագիրը պետք է ստորագրվի մինչեւ տարվա վերջ, ապա այս բողոքի գործընթացները հստակ ցույց են տալիս, որ եթե նման բան արվի, ապա ներքաղաքական լարվածության կտրուկ աճ կլինի: Սա հնարավորություն է գտնել այլընտրանքային լուծումներ՝ ասելով, որ՝ ես չեմ կարող պայմանագրով հստակ ֆիքսել, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, քանի որ դա հասարակության ակտիվ մասը չի ընդունում: Հակառակ դեպքում տեղի կունենա իշխանափոխություն, եւ այն մարդկանց հետ գործ կունենաք, որոնք ավելի կոշտ են տրամադրված ձեր հանդեպ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031