«Հայրենիք» խմբակցության Վանաձորի համայնքի ավագանու անդամները նույնպես չեն պատրաստվում մասնակցել Վանաձորի համայնքի ավագանու նիստերին:
Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանն ասում է, որ օրենքը, որի շրջանակներում Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հակասահմանադրական է. «Ոչ մի ձեւ չի առնչվում ո՛չ տրամաբանության, ո՛չ ժողովրդավարության սկզբունքների հետ: Սա սահմանափակել է եւ՛ գործող ավագանու իրավունքները, եւ՛ վանաձորցու տված քվեի իրավունքները: Եվ դրա համար, եթե նիստեր լինեն, մենք չենք մասնակցելու»,- ասաց Դոխոյանն ու, խոսելով առաջիկա անելիքների մասին, հավելեց. «Ըստ այս ապօրինի օրենքի, առաջիկայում նախատեսվում է նոր ընտրություն: Եթե լինի նոր ընտրություն, դա կքննարկենք ու միգուցե կմասնակցենք նոր ընտրությանը»:
Ավագանու անդամն ասում է, որ իրենց խմբակցությունը բողոքարկել է օրենքի իրավազոր լինելը, համաձայն որի վարչապետը ստացավ լիազորություն Վանաձորում նշանակել համայնքի ղեկավարի ժամանակով պաշտոնակատար. «Հիմա գործընթացը դատական պրոցեսի մեջ է, մենք բողոքարկել ենք տարբեր ատյաններ, որպեսզի այս օրենքի իրավազոր լինելը ճանաչեն հակասահմանադրական: Ոչ մի բան չէր խանգարում, որպեսզի թույլ տային ավագանին գործեր, ավագանին ընտրեր իր քաղաքապետը: Եվ առհասարակ, ցանկացած օրենք, եթե ունի վատթարացնող ուժ, դա կարող է գործել միայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող պրոցեսների վրա: Բայց այս օրենքն ունի հետին ուժ, որն ազդել է արդեն իսկ ձեւավորված ավագանու վրա: Մի քանի ասպեկտներով է այն հակասահմանադրական, դրա համար մենք բողոքարկել ենք ընդհանրապես օրենքի լինելիության հարցը»:
Այն հարցին, թե արդյո՞ք ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո Վանաձորը դուրս կգա կոլապսից, Դոխոյանն ասաց. «Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, ինչի՞ համար, որովհետեւ սահմանադրությամբ ամրագրված ՏԻՄ էության մեջ ասվում է, որ համայնքի բյուջեն, համայնքի կառավարումը կազմակերպում է ավագանին: Հիմա, եթե իրենք սահմանադրությանն ու ժողովրդավարական սկզբունքներին հակասելով մեկ օրում ծնկի վրա ընդունել են մի օրենք, որով պետք է ժամանակավոր պաշտոնակատարը ինչ ուզենա անի, տնօրինի բյուջե, կայացնի որոշումներ եւ այլն, ես չեմ ասում, որ ժամանակավոր պաշտոնակատարը վատ բաներ է անելու, բայց ո՞ւմ հետ է քննարկելու, ավագանին առհասարակ կոլեգիալ մարմին է: Հիմա, եթե վանաձորցու լիազոր մարմինը չի որոշում, բա ո՞վ է որոշելու այս դեպքում: Երբ որ կառավարությունը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, արդյո՞ք հաշվի է առել, որ լիներ այն ուժից, որը ստացել է վանաձորցու քվեների մեծամասնությունը: Դա էլ չի հաշվի առնված, բա էլ ի՞նչ տրամաբանություն է հաշվի առնված: Դրա համար հիմա ինչ գործընթաց էլ տեղի ունենա, մենք այս պրոցեսին չենք մասնակցելու: Հուսով եմ ինչ էլ անեն, գոնե լավ բան կանեն, հետագան կտեսնենք»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ