Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Ժողովրդավարության հայկական ֆորումը էությամբ կեղծ էր եւ որեւէ խոսք ասել մամուլի, խոսքի ազատության, ժողովրդավարության մասին հնարավոր չէ»

Մայիս 22,2022 17:50

«Ֆրիդոմ Հաուզի» եւ «Իրազեկ քաղաքացիների միավորումի» նախաձեռնությամբ կազմակերպված «Ժողովրդավարության հայկական ֆորումի» շրջանակներում քննարկվեցին նաեւ Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատությանը, ճշմարիտ տեղեկատվությանը եւ ապատեղեկատվությանը, ինչպես նաեւ ծանր վիրավորանքի քրեականացման օրենքի ընդունման հետ կապված վիճահարույց հարցեր:

Aravot.am-ը խնդրի շուրջ զրուցել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ: «Նախ, սկսենք «Ֆրիդոմ Հաուզի» միջոցառումից, որը նվիրված էր Հայաստանում ժողովրդավարության հաջողություններին, որին հետաքրքիր կերպով հրավիրված չէին ընդդիմադիր եւ չեզոք մամուլի ներկայացուցիչներն ու ընդդիմադիր պատգամավորները: Իսկ իշխանական մամուլն ու պատգամավոր միջոցառմանը եղել են: Հետևաբար, ի սկզբանե, կարելի է ասել, որ այդ միջոցառումը էությամբ կեղծ էր եւ որեւէ խոսք ասել մամուլի ազատության, խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին հնարավոր չէ: Որովհետեւ, եթե ժողովրդավարական ֆորումին չեն մասնակցում օրինականորեն ընտրված ընդդիմադիր պատգամավորները, օրենքի դաշտում աշխատող ոչ իշխանական մամուլը, նշանակում է, որ սա եղել է ավտորիտար ժողով, եւ այնտեղ հնչող բոլոր կարծիքները իմաստազուրկ են: Կրկնում եմ, ինչպե՞ս կարող են քննարկել խոսքի, մամուլի ազատություն երեւույթը, եթե ընդդիմադիր մամուլին չեն թույլատրել մուտք գործել այդ համաժողով:

Կա՞, արդյոք, մամուլի ազատություն Հայաստանում հռետորական հարցին իմ պատասխանն է. երեւի թե կա ազատ արտահայտվելու իրավունք, բայց կան նաեւ սահմանափակումներ, որոնց պատճառով մարդիկ կարող են տուժել: Օրինակ, իշխանությունների հետ նույնացվող որոշակի ՀԿ-ներ, որոնք ֆեյսբուքի հետ, այսպես ասենք, մոտիկություն են անում, անընդհատ բողոքներ են ուղարկում ֆեյսբուքին, որպեսզի արգելափակեն կամ նվազեցնեն ընդդիմադիր լրատվամիջոցների եւ անհատների էջերի տեսանելիությունը: Մասնավորապես, այդ օրը «Մարիոթ Արմենիա » հյուրանոցում պատգամավոր Ագնեսա Խամոյանի ուղիղ եթերը ֆեյսբուքն արգելափակել է, յութուբն էլ 168 ժամի ռեպորտաժն է արգելափակել, որը հիմնված էր լայվի վրա: Հիմա ես եմ հարցը տալիս. մամուլի ազատություն Հայաստանում կա՞: Այո, կա միայն իշխանական մամուլի համար: Իրենք կարող են հանգիստ անպատվել, հայհոյել մարդկանց եւ դրա համար պատասխանատվություն չկրել:

Տեսեք, ԱԱԾ-ն կալանավորել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որը արտահայտություններ է արել Հայաստանի որոշակի դաշտավայրերում ապրող բնակչության հասցեին: Դիցուք, ընդունենք, որ սխալ բան է արել եւ պետք է պատժվի: Այդ դեպքում ինչի՞ կալանավորված չէ ոմն Ռուստամը, որը արցախցիների վրա բայրաքթարներ էր ուղարկում, ինչի՞ կալանավորված չէ այն կինը, որն ասում է՝ հայ ազգը պետք է կոտորվի, ինչի՞ կալանավորված չէ մի երիտասարդ, որը Ռուսաստանի դեսպանատան առջեւ գործողության ժամանակ գոռում էր «մահ ռուսներին»: Ստացվում է, որ ովքեր աջակցվում են իշխանության կողմից, իրենց ամեն ինչ կարելի՞ է: Իշխանությունը խոսում է ինչ ուզում է, իսկ ընդդիմության իրավունքները սահմանափակված են բոլոր հնարավոր կողմերից: Այդ թվում նաեւ վիրավորանքի մասին օրենքով: Նույն Փաշինյանի արտահայտությունները եթե շուռ ես տալիս իրենց դեմ, չգիտես ինչի, դու պատժվում ես, իրենք՝ոչ: Այսինքն, եթե փորձում ես խոսել նույն բառապաշարով, որով իրենք քո հետ են խոսել, քեզ են պատժում: Եթե իշխանության ներկայացուցիչը կամ համակիրը քեզ ասի «շան տղա» ու դու հինգ րոպե հետո նույն բանը իրեն ասես, կարող է քո վրա քրեական գործ հարուցեն, իսկ նրա վրա՝ ոչ: Ահա այսպիսին է Հայաստանում ազատ մամուլի եւ ազատ խոսքի վիճակը»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031