«Ասել՝ եթե հանկարծ չհաջողեց «Դիմադրության» շարժումը, մենք բոլորս գնալու ենք նստելու ենք տանը, դա միամտություն է: Եթե չի լինի այսօր, վաղը մեկ այլ տեղ պայթելու է այդ բողոքը: Բայց պետք է ամեն ինչ անենք, որ չթողնենք վաղվան»,- Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերներն ու կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ըստ նրա, մարդիկ հասկանում են, որ այսօր երկրի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է. «Նույնիսկ այն թեզը, որը փորձում են այսօրվա իշխանությունները հասցնել ժողովրդին՝ թե Արցախի հարցը եթե չլինի, մեր անվտանգության հարցը լուծվելու է, մարդիկ տեսնում են, որ հենց Հայաստանի տարածքում է վտանգված մեր զինվորների, մեր տղաների կյանքը: Ո՞րն է լուծումը, երբ խոսում ենք անվտանգության մասին. չի կարող իշխանությունը, որը նոյեմբերի 10-ի համեմատ ավելի վատ վիճակում գտնվող պետություն ունի, բանակցել մի տարբերակ, որը կբխի ՀՀ շահերից: Բոլորիս մոտ կա մտավախություն, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը «բանակցելու» Բրյուսելում, ճիշտ կլինի ասել՝ ինչ են Փաշինյանին պարտադրելու Բրյուսելում: Փաշինյանը գնում է Հայաստանի անունից պայմաններ ու պահանջներ ընդունելու ու վերադառնալու»:
Էլինար Վարդանյանը նշեց, որ Փաշինյանին թվում է՝ ինչպես 4 տարի շարունակ կարողացել է խաբել, մանիպուլացնել հայ ժողովրդին, նույն ձեւով խաբելու է ՌԴ-ին ու Արեւմուտքին. «Մեկը չկա իր կողքը գոնե մի քիչ ավելի զգոն, որ իրեն զգուշացնի՝ այդ գործիքը Արեւմուտքի ու ՌԴ-ի պարագայում չի աշխատում ու իր խաբելու, ստելու փորձերը կարող են ծանր հետեւանքներ ունենալ եթե ոչ իր, ապա Հայաստանի համար միանշանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ