Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պետք է հստակեցնի, թե ի՞նչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակ ասելով»․ Գեղամ Ստեփանյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

Մայիս 22,2022 16:28

«Արցախի ժողովրդի համար որեւէ ինքնավարությունը ընդունելի չէ, եւ սա ինքնանպատակ պնդում կամ քմահաճույք չէ»,-այսօր, Ստեփանակերտում ընթացող «Ապագա հայկականի» թեմայով ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով այսօր Բրյուսելում կայանալիք Նիկոլ-Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը եւ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթին վերաբերվող հարցին:

«Արցախի ժողովուրդը արդեն շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ինքնավարություն Ադրբեջանի կազմում և գիտի վիճակագրական հստակ տվյալներով այն խտրական քաղաքականությունը, որ Խորհրդային Միության տարիներին վարվում էր Ադրբեջանի ղեկավարության կողմից: Արդյունքում, Ստեփանակերտում և ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների թիվն աճում էր, հայերի թիվը՝ նվազում: Արդյունքում, պարտադրանքի ձևով արցախցիների վզին փաթաթվում էր ադրբեջանական կենցաղ, մշակույթ և այլն: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որևէ ձևով Ադրբեջանի կազմում ներգրավված լինելն ու ընդգրկված լինելը մեզ համար ընդունելի չէ»,֊ ասաց Գեղամ Ստեփանյանը՝ պնդելով, որ ով, ինչպես կընդունի կամ կմեկնաբանի, բայց Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Լրագրողների ճշտող հարցերին՝ ինչպե՞ս է դա պատկերացնում, եթե Բրյուսելում, այնուհանդերձ ընդունվի փաստաթուղթ եւ դա դրվի իրականացման ռեժիմի մեջ, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․«Չի ընդունվելու Արցախի ժողովրդի կողմից, ուղղակի չի ընդունվելու. եթե իրականությունից կտրված որոշում կայացվի մեզ ի՞նչ, պարտադրվելո՞ւ է այն»:

Դիտարկմանն էլ, որ Արցախի իշխանությունների հակադրումները կարծես տեղ չեն հասնում, Գեղամ Ստեփանյանը հիշեցրեց, որ Արցախի ԱԺ-ն, ԱԳՆ-ն, ինքը հստակ դիրքորոշում բարձրաձայնել են․ «Թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ իշխանությունները միաբերան նույն բանն են ասում՝ կարմիր գիծ կա, և դա այն է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Չի կարող մեր ճակատագիրը որոշվել առանց մեր կամքը հաշվի առնելու: Չի կարող Բրյուսելում կամ Վաշինգտոնում նստածը  որոշի, թե Ստեփանակերտում կամ  Մարտունիում ապրող մարդը  ինչպես պետք է ապրի. սա աբսուրդ է»:

Գեղամ Ստեփանյանն էլ նկատեց, որ տարբեր հանդիպումներում տպավորություն է ստացել, որ իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրման անվան տակ փորձում են «սղղացնել»՝  որևէ  ձևով Արցախը Ադրբեջանի կազմում ներգրավելը․ «Մեր հստակ պատասխանը եղել է այն, որ այդ մոլորություններից հետ կանգնեք, դա հնարավոր չէ: Մենք տեսել ենք այդ խտրական քաղաքականությունը, դրանից հետո անցել է 30 տարվա ադրբեջանական հայատյաց քաղաքականություն: Որևէ ռացիոնալ մարդու մտքով կարո՞ղ է անցնել, որ դրանից հետո  Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, կամ արցախցին կարո՞ղ է պաշտպանված իրավունքներ ունենալ դրա կազմում: 80 քաղաքացիական անձ դաժանաբար սպանվել է Ադրբեջանի կողմից, Բաքուն համակարգված կերպով իրականացնում է  հայկական մշակույթի ոչնչացում ու վանդալիզմ, դրանից հետո ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ այս ֆոնին նույն ՄԱԿ գլխավոր քարտուղարը, օրինակ, վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանն իրենց լավ գործընկերն է, ՄԻ պաշտպանն ասաց, որ այո, դա դառը իրականությունն  է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը թաղված է քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի տակ․ «Եվ սա այն մտահոգությունն է, որ մեր կողմից բազմիցս նաև բարձրաձայնվում է տարբեր քննարկումների ժամանակ: Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առկա տոննաներով  փաստաթղթերը դնելու են մի կողմ ու քննարկելու են  քաղաքական շահերը, ապա անիմաստ է… բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով: Այսինքն մենք ունենք այդ քարտը, որը միշտ պետք է օգտագործենք՝ ինքնորոշման իրավունք, Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունք, կյանքի իրավունք , մեր մշակութային արժեքները պահպանելու իրավունք: Եվ սա ընկալելի է միջազգային հանրության հանրային դաշտում: Այսինքն, եթե քաղաքական որոշումներ կայացնողները անընդհատ քաղաքական շահերին են հղում անում, ապա  առնվազն հանրային շահերով առաջնորդվողների համար ընդունելի է իրավունքների պաշտպանության օրակարգը, և մենք հենց դա ենք թիրախավորում»։

Գեղամ Ստեփանյանը նաեւ նկատեց․ «Եթե, օրինակ, ռուս խաղաղապահները մինչև Արցախ գալը այլ կարծիքի էին, ապա Արցախում լինելով, արդեն այս 1,5 տարվա ընթացքում բազմաթիվ այլ հանգամանքների են ծանոթացել և տեսանելի է նաև նրանց վերաբերմունքը այս հարցերի վերաբերյալ: Եվ սա է պատճառը, որ մենք շատ հաճախ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների ասում ենք, որ եթե մեզ չեն հավատում, ապա կարող են գալ ու սեփական աչքերով տեսնել իրականությունը, որից հետո էլ ձևակերպեք ձեր օրակարգերը»:

Aravot.am-ի հարցին՝ Հայաստանում քաղաքական որոշումներ կայացնողները կարծես այնքան էլ չեն պնդում այն սկզբունքները, որոնք նշվեցին․ հետևաբար ի՞նչ քայլեր պետք է արվեն, Գեղամ Ստեփանյանն արձագանքեց․ «Հայաստանի դիրքորոշման մեջ, որն արտահայտված է վեց կետերում, նշված էր Արցախի անվտանգ ապրելու իրավունքի ապահովում և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում: ՀՀ-ն պետք է հստակեցնի, թե ի՞նչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակ ասելով  և պետք է հստակեցվի գոնե այն մակարդակով, որ այդ վերջնական կարգավիճակը չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Հիշեցմանը՝ իշխող ՔՊ-ական պատգամավորներից Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ չի բացառվում նաեւ այդ հեռանկարը, քանի որ դա էլ կարգավիճակ է, Գեղամ Ստեփանյանն արձագանքեց․ «Ինչ ուզում են թող հայտարարեն՝ մեզ համար այն ընդունելի չէ»:

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031