Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ զինվորական ճանաչում եմ, կա՛մ արդեն դուրս են եկել զինված ուժերից, կա՛մ պատրաստվում են դուրս գալ, խայտառակ վիճակ է». Կարեն Վրթանեսյան

Մայիս 22,2022 15:40

«Նոյեմբերի 9-ից հետո իրականությունը ցույց տվեց, որ պարտությունը չի ավարտվել, պատերազմն էլ չի կանգնել: Նոյեմբերի 10-ին մեր զինված ուժերը շատ ավելի լավ վիճակում էին, քան հիմա: 1,5 տարի է անցել, իբր խաղաղության, բայց մեր զինված ուժերը ավելի վատ վիճակում են գտնվում: Մեր ռազմավարական դիրքերը, այն տարածքները, որ ապահովում են մեր անվտանգությունը, տարածքային առումով ահավոր վատ վիճակում ենք: Նոյեմբերի 10-ին Սյունիքի անվտանգությունը պաշտպանված էր՝ արեւելքի բարձունքներով: Նոյեմբերի 10-ին մեր հիմնական միջպետական ճանապարհը Գորիսից Իրան տանող կտրված չէր: Այսօր գյուղեր կան, որ նորմալ ճանապարհ չունեն: Իբր նոր կառուցված ճանապարհից առավոտյան լուսանկար է հրապարակվել՝ լրիվ ավիրված է»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերներն ու կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հայտարարելով, որ ինչ զինվորական ճանաչում է, կա՛մ արդեն դուրս են եկել զինված ուժերից, կամ պատրաստվում են դուրս գալ, խայտառակ վիճակ է:

Ըստ Վրթանեսյանի, պաշտպանության բանակը կազմաքանդել են Երեւանում նստած այսպես ասած իշխանությունները. «Ադրբեջանը այս իրավիճակում մի վայրկյան չի դադարել իր բանակը կառուցել, ավելացնել, ուժեղացնել, ամեն օր աշխատում են ռեֆորմների վա, նոր սպառազինություն են ներկրում: Ոչ միայն վերականգնում են կորուստները, որ ունեցել են պատերազմի ընթացքում, այլ անընդհատ նոր բաներ են ներկրում ու ըստ իրենց, անցնում են Թուրքիայի բանակի, ՆԱՏՕ-ի ստանդարտների: Ավելացնում են ռազմական բյուջեն: Այսինքն, Ադրբեջանի համար պատերազմը չի ավարտվել»:

Ըստ Վրթանեսյանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է ֆիզիկապես գրավել Հայաստանը, ազատվել հայկական տարրից ու կիսել այն. «Այստեղ հայկական ինքնավարություն էլ չի լինի երեւի քաղաքական առումով: Երեւի շատ հոռետես եմ, բայց 2018-ից հետո իմ բոլոր հոռետեսական մտքերը, ցավոք, իրականացել են»: Նա նշեց, որ եթե մենք չենք կարողանում մեր անվտանգությունը պաշտպանել, աշխարհը ինչո՞ւ պետք է նեղվի, երբ Ադրբեջանը մտնում է ՀՀ սուվերեն տարածք. «Նիկոլ Փաշինյանը բերեց նրան, որ մենք է՛լ ավելի խորը կախվածության մեջ լինենք ՌԴ-ից»:

Վրթանեսյանը նշեց, որ մարդիկ տեսնում են ինչ է կատարվում երկրում. «Ինչքան էլ սիրահարված լինեն Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ հասկանում են, որ այստեղ հանձնեց, այնտեղ հանձնեց, ուղղակի ձեւացնում են, թե դա այդքան էլ կարեւոր չի: Երեւի թե այդ մարդկանց պետք է դիմել՝ բացատրելով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ իշխանություն չէ, նա ձեւացնում է, թե իշխանություն է, սիմվոլներն է օգտագործում իշխանության, ընտրություններին ձեւացրեց, թե ընտրված է, թեեւ իր ծրագրում որեւէ բառ չկար Արցախը հանձնելու մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031