Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցանկացած հեղափոխություն ձախողվում է այն ժամանակ, երբ որ գալիս են ու ասում են՝ «պոլի փետ լինի՝ մեզնից լինի». Արմեն Ռուստամյան

Մայիս 22,2022 14:49

«Աշխարհը շունչը պահած սպասում է, թե ինչպես է պետք է ավարտվի ՌԴ-Ուկրաինա բախումը: Այն աշխարհը ասես բաժանել է երկու մասի: Կախված նրանից, թե ինչով է ավարտվելու այդ պատերազմը, մենք կունենանք նոր իրավիճակ: Հայաստանը աշխարհաքաղաքական կարեւոր կիզակետերից մեկն է միշտ եղել, այստեղ միշտ եղել են շահերի բախումներ ու պատմական առումով Հայաստանը պրոբլեմներ է ունեցել այն ժամանակ, երբ այդ շահերի բախումները թեժացել են: Շատ կարեւոր է ճիշտ մոտեցում որդեգրել»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերներն ու կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են անդառնալի դարձնել 44-օրյա պատերազմի հետեւանքները, ու մենք պետք է հասկանանք՝ ինչ ռազմավարություն մշակենք, որ ե՛ւ անվտանգություն ապահովենք, ե՛ւ զարգացում կարողանանք ունենալ. «Մեր տարաձայնությունն ու խնդիրը այսօրվա իշխանությունների հետ հենց այս տարաձայնությունն է: Իշխանություններն ասում են՝ ապագա կա՝ մտքում զիջում ունենալով, կենսական զիջում անենք, որ ապագա ունենանք, մենք ասում ենք, որ կենսական այդպիսի զիջում ունենալու պարագայում՝ ապագա չի լինելու: Այստեղ է մեր հիմնական բանավեճը: Քաղաքական ու պետական ուղեգիծը ճշտելու խնդիր ունենք, եթե դա օր առաջ չանենք, անունը կդնենք՝  իբր գնում ենք խաղաղության, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն, բայց եթե դու քո վրանը չես կառուցում անվտանգության, դա խաղաղություն չի լինելու, լինելու է ստրկացում, նվաստացում: Սա է, որ մեր ժողովուրդը զգալով՝ այսօր ոտքի է կանգնել»:

Ըստ Ռուստամյանի, Հայաստանը աշխարհի համար միշտ երկու հարցով է հետաքրքիր եղել. «Էկոլոգների կողմից հնչել է, թե ատոմակայանը փակեք, բայց այդ ատոմակայանը կենսական նշանակություն ունի քեզ համար, ապահովում է քո աշխարահաքաղաքական կարեւորությունը: Մյուս կարեւոր բանն այն է, որ  դու գտնվում ես աշխարհաքաղաքական մի գծի վրա, որը պանթուրանական շղթան է կտրում, դա անցնում է Սյունիքով: Որ վերջնականապես իրենց երազանքներն իրականացնեն ու ՀՀ-ի թուլացած վիճակից օգտվելով պատմական հաղթանակ արձանագրեն, դա այն է, որ միջանցքի խոսակցությունները գնում են: Եթե Հայաստանը գնաց այդ զիջումների ու այդ միջանցքը անցավ թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության ներքո, մենք հայտնվելու ենք աշխարհաքաղաքական պարկի մեջ: Դու այլեւս ոչ մեկի հետաքրքիր չես՝ որպես գործոն: Հայկական գործոնը պահպանելու խնդիր ունենք մենք»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ամեն պահի աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ քո առջեւ դրած, անիրականանալի թվացող խնդիրը կարողանաս լուծես, դրա համար չի կարելի իրավունքներից հրաժարվել: Մյուս խնդիրը, որ Ռուստամյանը նշեց՝ տնտեսական անվտանգությունն է՝ սահմանների բացման հետ կապված. «Բուլղարիայի օրինակը կա, թուրքերը ամեն ինչ անելու են, որ դու քո տնտեսությունը սպանես, իրենք դոմինանտ դեր ունենան»: Ըստ նրա, թուրքացման վտանգ կա, Թուրքիան չի փոխել իր տեսակը, քիչ-քիչ կարող են այստեղ փոքրամասնություն ձեւավորել ու ստիպեն մեզ տեղանունները փոխել, օրինակ. «Նորաշենը հորական գյուղս է, մի օր կարող է զարթնենք, տեսնենք՝ անունը դնեն Քյուքյան»:

Արմեն Ռուստամյանը նաեւ նշեց, որ ցանկացած հեղափոխություն ձախողվում է այն ժամանակ, երբ որ գալիս են ու ասում են՝ «պոլի փետ լինի՝ մեզնից լինի», կամ երբ ասում են՝ իմ համար վստահելի է, կարող է ցանկացած պաշտոնի նշանակել, մինչդեռ մեր ազգը կծաղկի այն ժամանակ, երբ նշանակումներ անեն՝ 10 մլն հայության միջից ընտրելով համապատասխան ընդունակություններ, ներուժ ունեցողներին. «Արժանիների, գիտակների կառավարության խնդիր ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031