Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանը հստակեցումներ է ներկայացրել տեղահանվածների բնակվարձի ու զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ

Մայիս 22,2022 11:16

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Խուսափելու համար անիրազեկվածությունից, տարմեկնաբանություններից ու շահարկումներից՝ ներկայացնեմ որոշ հստակեցումներ տեղահանվածների բնակվարձի ու զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ:

Նախորդ շաբաթ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քննարկմանն է դրել տեղահանվածների բնակվարձի և զբաղվածության խնդիրների լուծման պետական մոտեցումների հարցերը: Քննարկումների արդյունքում նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին, որոնց կատարման ուղղությամբ աշխատանքներ ենք մեկնարկել իմ գլխավորությամբ, որպեսզի առաջիկա շաբաթներին մշակված փաթեթները ներկայացնենք ԱՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Մի քանի կետ առկա իրավիճակի, նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականների ու կատարվող աշխատանքների վերաբերյալ.

1. Ինչպես հանձնարարել ու հայտարարել է նախագահը, հուլիսից փոխվելու է տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովելու (բնակվարձի) ծրագրի տրամաբանությունը: Մասնավորապես, բնակարանային կարիք ունեցող և Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր տեղահանված անձ ստանալու է ամսական 40,000 դրամ աջակցություն, դրա փոխարեն լուծվելու են կառավարության, տեղահանվածի և տանտիրոջ միջև կնքված եռակողմ պայմանագրերը: Այսինքն, բնակարանային կարիք ունեցող տեղահանված ընտանիքները ստանալու են ողջամիտ գումար և ինքնուրույն են որոշելու, թե որ տանն ու ինչ պայմաններով կբնակվեն: Ծրագրի մանրամասն պայմաններն ու մեխանիզմները դեռևս քննարկման ու մշակման փուլում են:

2. Պատերազմից հետո ԱՀ կառավարության կողմից որոշում է կայացվել շարունակել բռնազավթված տարածքներում ժամանակին գործող պետական հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի վճարումը՝ փաստացի աշխատողների մասով՝ ամբողջությամբ, իսկ փաստացի չաշխատողների (պարապուրդում գտնվողների) մասով՝ 50 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձը և ոչ ավելի, քան շուրջ 120,000 դրամը: Այդ հիմնարկների ու կազմակերպությունների աշխատակիցների (և՛ աշխատող, և՛ փաստացի չաշխատող) թիվը շուրջ 4,500 է, իսկ աշխատավարձերի վճարման վերաբերյալ թարմացված որոշման վերջնաժամկետը 2022թ. հուլիսի մեկն է:

3. Հաշվի առնելով փաստացի չգործող հիմնարկների աշխատակիցների ֆինանսավորման նշված մեխանիզմի խնդրահարույց մոտեցումները հատկապես հասցեականության, աշխատելու խթանի և մնացած տեղահանվածների հանդեպ սոցիալական արդարության առումներով՝ որոշում է կայացվել հուլիսից վերանայել ծրագիրը և չաշխատելու (պարապուրդի) դիմաց գումարի վճարման փոխարեն այլ կերպ լուծել տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրները՝ միաժամանակ աջակցելով ու խթանելով նրանց զբաղվածության ու վերամասնագիտացման հարցերում: Աշխատանքային քննարկման փուլում են գտնվում մի շարք հնարավոր մոտեցումներ, ինչպիսիք են՝

• Հուլիսի 1-ից կրճատվող ու գործազուրկ տեղահանված անձանց որոշակի ժամկետով նպաստի տրամադրում՝ այդ ընթացքում աջակցելով նրանց աշխատանք գտնելու հարցում.

• Մասնավոր հատվածում աշխատանքի ընդունվող անձանց որոշակի ժամկետով հավելավճարի տրամադրում.

• Պետական հատվածում աշխատանքի ընդունելիս գործազուրկ տեղահանվածներին առաջնահերթության տրամադրում, ինչպես առ այսօր արվել է կրթության, առողջապահության ու այլ բնագավառներում.

• Հասարակական աշխատանքների դիմաց վարձատրության տրամադրում.

• Միկրոձեռնարկատիրության համար որոշակի պայմանների ապահովում.

• Արհեստագործական, թվային ու պահանջարկ վայելող այլ մասնագիտություններով վերապատրաստումների կազմակերպում:

4. Հուլիսի 1-ից լուծարվում են բռնազավթված տարածքների միայն փաստացի չգործող հիմնարկներն ու կազմակերպությունները (կոմունալ ծառայություններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, մարզամշակութային կառույցներ), իսկ բոլոր շրջանային վարչակազմերը և համայնքապետարանները, ինչպես նաև փաստացի գործող մի շարք կրթական ու մշակութային հիմնարկներ շարունակելու են գործել՝ իրենց գործունեության ծավալներին համապատասխան հաստիքացուցակներով: Դա ամենևին չի նշանակում, որ տվյալ հիմնարկները լուծարվում են մեկընդմիշտ, և քանի որ շատ բռնազավթված համայնքներ վերաբնակեցվելու են համայնքային սկզբունքով, այդ ժամանակ նորակառույց շատ բնակավայրերում կարող են վերականգնվել նախկինում գործող կրթօջախները ևս:

5. Լուծարման ու կրճատման վերաբերյալ կառավարության որոշումների արդյունքում վերոնշյալ շուրջ 4,500 տեղահանված անձանցից կրճատվելու է շուրջ 3,500 անձի հաստիք, իսկ մնացածը շարունակելու են աշխատել չլուծարվող հիմնարկներում: Կրճատվող շուրջ 3,500 անձանցից շուրջ կեսն արդեն ունի այլ աշխատանք Արցախում և ՀՀ-ում: Պետք է ընդգծել, որ հիմնարկների լուծարման ու հաստիքների կրճատման գործընթացը պայմանավորված չէ ֆինանսի խնայման ցանկությամբ, հակառակը՝ պարապուրդի այս գործող ծրագրի փոխարեն նախատեսվող ծրագրերը շատ ավելի շատ գումար են ուղղելու տեղահանված անձանց սոցիալական ու զբաղվածության կարիքների բավարարմանը, քան այժմ ուղղվում է պարապուրդում գտնվող անձանց վարձատրությանը: Մոտեցումների ու սկզբունքների առաջիկա այդ փոփոխության հիմնական նպատակներն են՝

• Չաշխատող անձանց տրվող՝ ըստ էության սոցիալական նպատակ ունեցող վարձատրության փոխակերպում իր բուն տեսակի՝ սոցիալական նպաստի.

• Զբաղվածությունը խթանող վճարների ու պայմանների կիրառում.

• Միկրոձեռնարկատիրական գործունեության համար պայմանների ապահովում և նախաձեռնողականության խթանում.

• Վերապատրաստման խթանում և պատշաճ պայմանների ու մեխանիզմների ապահովում.

• Բոլորի համար հավասար ու արդար պայմանների ապահովում՝ առկա տարբերակված ու անհավասար մոտեցման փոխարեն:

6. Հաշվի առնելով բնակվարձի և զբաղվածության վերոնշյալ ծրագրերի շրջանակներում տեղահանվածներին հատկացվելիք ֆինանսական միջոցների նշանակալի աճը՝ կարծում ենք, որ վերանայվող մոտեցումների միջոցով հնարավոր կլինի ավելի հասցեական ու արդյունավետ կերպով բավարարել տեղահանված անձանց սոցիալական կարիքների գոնե հիմնական մասը, ինչպես նաև աջակցող ու խթանող միջոցներ կիրառել նրանց զբաղվածության ու սոցիալական վիճակի հետագա բարելավման ուղղությամբ: Ուստի, հավաստիացնում եմ, որ տեղահանված անձանց կարիքների բավարարումը ԱՀ նախագահի ու կառավարության առաջնահերթություններից է, որը դրսևորվել է հետպատերազմյան բազմաթիվ սոցիալական ծրագրերի տեսքով: Իսկ հաստիքների կրճատումը որևէ կոշտ ու անտարբեր մոտեցման արդյունք չէ, քանի որ մենք շատ լավ գիտակցում ենք տեղահանվածների ծանր սոցիալական ու հոգեբանական դրությունը և հնարավորինս կանգնած ենք մեր քաղաքացիների կողքին:

7. Վերոնշյալ մոտեցումների հստակեցումից հետո մենք հնարավորինս ներառական գործընթացով հանրային քննարկումներ ենք մեկնարկելու, որպեսզի բոլոր շահագրգիռ խմբերի կարծիքը հաշվի առնենք ծրագրերի վերջնականացման համար: Այսինքն, ծրագրերի նախագծերը քննարկվելու են նաև տեղահանվածների ներկայացուցչական խմբերի հետ:

Հ.Գ. Իհարկե, բացի տեղահանվածներից, մենք ունենք այլ խոցելի սոցիալական խմբեր ևս, որոնց կարիքների բավարարումը ևս կառավարության պարտականություններից է, սակայն քանի որ այս գրառմանս թեման վերաբերում է տեղահանվածներին, այդ պատճառով այլ ծրագրերի չանդրադարձա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031