Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պետությո՞ւն է, թե ԺԵԿ է, որ ամեն մեկն արթնանա ու որոշի գնա սահման պոստ պահի». Տիգրան Աբրահամյան

Մայիս 21,2022 21:20

«Սա պետությո՞ւն է, թե ԺԵԿ է, որ ամեն մեկն արթնանա ու որոշի գնա սահման պոստ պահի, տնից վերցնի զրահաբաճկոնը, սաղավարտը գնա դիրք պահելու: Բա պետությունն ինչի՞ համար է»,-այսօր Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով իշխանականների այն հակադարձումներին՝ թե ցույցեր անելու փոխարեն գնացեք սահման:

Նա հարց ուղղեց՝ ինչո՞ւ ոստիկանական այդ զորքերը, որոնց իշխանություններն արդեն մեկ ամսից ավելի է՝ հանում են շարժման մասնակիցների դեմ, չեն գնում «պոստ» պահելու:
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ 2018-ին նոր եկել էր իշխանության: Փաշինյանն ասել էր, որ ոստիկանական զորքերն այլեւս չեն զբաղվելու հասարակական կարգի պահպանությամբ, որովհետեւ նրանք գնալու են սահմաններ՝ մարտական հերթապահություն իրականացնելու: Սակայն այսօր լրիվ հակառակ գործընթացներն են տեղի ունենում:

Տիգրան Աբրահամյանի խոսքով, այսօր իշխանությունները փորձում են կալանավորել այն անձանց, որոնք պայքարում են սեփական հողում ապրելու համար. «Այս իշխանություններն այն, ինչ կապված է պետության, ազգայինի, Հայաստանի եւ Արցախի հետ, ձերբակալում են»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հիշեցրեց, որ վաղը Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել՝ բանակցություններ վարելու:
Նա ասաց, որ հանրահավաքին եկած քաղաքացիների բազմությունը ապացույցն է այն բանի, որ «վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մանդատ չունի հայ ժողովրդի ու Հայաստանի անունից բանակցություններ վարելու»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով, այն, ինչի շուրջ պետք է բանակցեն, մեր ժողովրդի շահերը չեն արտահայտում, ինչն էլ դիմադրության շարժման անդամներն ամբողջությամբ մերժում են:

Նա պատասխանեց պարբերաբար հնչող այն հարցին՝ ինչ է լինելու, եթե այս իշխանությունները հեռանան: Ասաց, որ հաջորդ իշխանությունը պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կտանեն իրական ու արժանապատիվ խաղաղության:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց՝ ինչպես պետք է հասնել արժանապատիվ խաղաղության: Ասաց, որ ճիշտ ձեւակերպելու դեպքում հայկական կողմը բանակցային գործընթացի մեկնարկին կարող է մոտենալ միջազգային հանրության համար ավելի ընկալելի, միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դիրքերից:

Նրա խոսքով, սուտ է ու հակահայկական է իշխանությունների այն արդարացումները, թե այսօր ինչ որ անում են, առավելագույնն է:

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմից հետո մարտավարական առումով Հայաստանին անհրաժեշտ է զերծ մնալ վտանգավոր եւ ճակատագրական կտրուկ քայլերից՝ մինչեւ աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը եւ հստակեցումը. «Երկրորդ՝ ձեւավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի եւ ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի եւ միջազգային ու տարածաշրջանային այլ կարեւոր գործընկերների համար՝ նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային արդյունավետ եւ հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով: Երրորդ՝ ռազմական, ռազմարդյունաբերական տեխնոլոգիական, տնտեսական եւ ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել եւ կյանքի կոչել հեռանկարային եւ ռազմավարական հայեցակարգ: Չորրորդ՝ համախմբել համայն հայության ողջ ներուժը, եւ սփյուռքը պետք է դառնա մասնակից  ու պատասխանատու համահայկական օրակարգերի խնդիրների կենսագործման համար»:

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց երթ իրականացնել, որը պետք է անցնի կառավարական ամառանոցի կողքով: Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031