Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին․ «Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, այլեւս հերիք է»

Մայիս 21,2022 21:07

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր մայրաքաղաքի փողոցներով քայլերթի ժամանակ կանգ առան կառավարական առանձնատան մոտ։ Այստեղ ելույթ ունեցավ շարժման առաջնորդներից ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա, ցույց տալով կառավարական առանձնատունը, որը վարչապետի կեցավայրն է, ասաց․ «Այստեղ գտնվողն օրուգիշեր պետք է մտածի Հայաստանի, Արցախի, հայ մարդու շահի մասին, բայց հիմա այդպես չէ։ Մենք հասել ենք մի իրականության, որ Հայաստանի իշխանությունը, թիվ մեկ պաշտոնյան հայ մարդու, Արցախի, Հայաստանի շահից հրաժարվում է։ Մեր շարժումը հասել է մի կետի, որ արդեն ամեն օր գիտենք՝ ովքեր են պաշտպանում այստեղ գտնող իշխանությանը՝ թուրքերը։ Թուրքերին մենք ասում ենք ոչ։ Հայաստանին ասում ենք՝ այո։ 1992 -ին, երբ վիճակը շատ ավելի ծանր էր, քան հիմա, մեզանից շատերը ունեն մտավախություններ, որովհետեւ այս իշխանությունն իր բոլոր թերություններով մեզ բերել է պարտություն, բայց 1992 թվականին իշխանությունը, Գերագույն խորհուրդն ընդունեց հայտարարություն, որ ոչ մի իշխանություն, լինի դա Բրյուսել գնալիս, թե ուրիշ տեղ, իրավունք չունի բանակցի Արցախն ինչ-որ նշաձող իջեցնելու մասին, չի կարող»։

Վարդեւանյանն ասաց, որ կառավարական առանձնատանը գտնող պաշտոնյան պետք է գիտակցի՝ հայ ժողովուրդը այլեւս իրեն հստակ ասել է, որ ինքը մանդատ չունի Հայաստանն ու Արցախը զիջումների տանելու․ «Մեր գործողությունները երբ սկսել ենք, մեկ նպատակ ենք ունեցել․ դա Հայաստանի եւ Արցախի իրական շահն է։ Հայաստանի ու Արցախի ամրությունն ու պաշտպանությունը»։

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ, ինչպես միշտ, կրկնեց՝ Նիկոլ, դու պետք է գնաս, այլեւս մանդատ չունես ժողովրդի անունից երկիրը ներկայացնելու․ «Քո ձեռք բերած որեւէ պայմանավորվածություն առոչինչ է։ Նիկոլ, դու այլեւս չկաս, դու ոչինչ ես։ Նիկոլ, դու մի ճանապարհ ունես՝ հեռանաս արագ ու անցնցում, թե՝ փորձես երկիրն ապակայունացնես։ Դու այլ տարբերակ չունես։ Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից՝ սկած փոքր երեխայից մինչեւ ծեր, մոտենում, ասում են, որ ուզում են քեզ հյուր գալ։ Բայց չեն գալու, որովհետեւ դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, այլեւս հերիք է, պետք է հեռանաս եւ վերջ։ Հեռացի՛ր»։

Սաղաթելյանն ասաց՝ ինչպես որ իշխանությունը մտածում էր՝ կգնան, կզիջեն, ժողովուրդը ոտքի չի կանգնի, հիմա էլ մտածում են, որ ժողովուրդը կհոգնի։ Ապա դիմելով ժողովրդին՝ ասաց՝ դուք չեք պատկերացնի՝ ինչքան շատ եք, վերջը չի երեւում, ձեր ցավը տանեմ․ «Հայ ազգը ոտքի է կանգնել։ Այս պայքարն անկասելի է, այս պայքարը անկում չի ունենալու, որովհետեւ դա կլինի ժողովրդի անկումը, ժողովրդի պարտությունը, իսկ հայ ժողովուրդը չի պարտվելու։ Ալիեւի, չգիտեմ՝ ում հետ ինչ խոսես, առոչինչ է։ Միջազգային հանրությունը թող տեսնի՝ իշխանությունը փողոցում է, եւ սա է հայ ժողովրդի կամքը»։

Նա կրկին հայտարարեց՝ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել։

Ապա շարժման մասնակիցները քայլերը շարունակեցին՝ վանկարկելով՝ «Նիկո՛լ, դավաճան»։

«Էսպես չեղավ, պիտի նենց գոռաք, որ մինչեւ Բրյուսել լսեն։ Հլը բռունցքները բարձր՝ առանց Նիկոլ Հայաստան»,-քայլերթի մասնակիցներին դիմեց Սաղաթելյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031