Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես չե՛մ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա, դրա համար կգնայի Անկարա». սփյուռքահայ Սարգիս Մկրտչյան

Մայիս 21,2022 20:10

Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման կազմակերպած հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Իրանում ծնված եւ մեծացած, բայց արդեն քանի տարի Հայաստան տեղափոխված սոցիոլոգ Սարգիս Մկրտչյանը: Ասաց` այն, ինչ ասելու է, իր ու իր ընտանիքի տեսակետն է:

Սարգիս Մկրտչյանի խոսքով ինքն ու իր շատ հայրենակիցներ չորս հարյուր տարի պայքարել են՝ հայ մնալու համար, հիմա վերադարձել են Հայաստան եւ իրենց պարտադրում են թրքանալ:

«Ես չեմ եկել Հայաստան, որ տղաս թուրքի հետ ամուսնանա, դրա համար կգնայի Անկարա»,-ասաց նա՝ նշելով, որ արդեն 4 տարի է՝ մղձավանջի մեջ է, 44-օրյա պատերազմից հետո էլ զգացողություն ունի, թե այս ամենը երազ է. «Թվում է՝ քիչ հետո կարթնանամ, որ այն, ինչ պատահել է, երազ է, որ մեր 5 հազար տղաները ողջ են, որ Արցախն ազատագրված է, բայց, ցավոք, այդպես չէ»:

Նրա խոսքով․ «2018 թվականին մի խումբ մարդիկ օգտագործեցին ամբոխներին խաբելու ամենաարդի տեխնոլոգիաները եւ սկսեցին քայլել, ժողովրդին փողոց դուրս բերել՝ իբր ընկերային տնտեսական հողի վրա հեղափոխություն անելու նպատակով, բայց ինձ ու իմ նման շատերի համար պարզից էլ պարզ էր, որ դա ընդամենը քող է, որ խնդիրը նպատակային է, որ ազգն ու հայրենիքը դրված են զոհասեղանին: Անցնող 4 տարիները ապացուցեցին, որ մենք ճիշտ էինք: Սոցիալ-տնտեսական կյանքի պայմանները չբարելավվեցին, հասարակության լայն զանգվածների կյանքի պայմաններն ավելի վատացան, իսկ փոխարենն այդ խումբն իր արբանյակներով, պետական ամբողջ հնարավորությունն օգտագործելով իր չտեսած օրերը սկսեց ապրել՝ հարյուր հազար դոլարանոց մեքենաներ, արտերկրում առանձնատներ, ճամփորդություններ»:

Խնդիրը, սակայն, ըստ Սարգիս Մկրտչյանի, միայն փողը, լավ ու վատ ապրելը չէր, այլ՝ «թուրքի առաջ ծնկի եկողի, թուրքի անունը լսելուց սարսափողի ու անվախի, քաջի միջեւ պայքարն էր»:

Նրա խոսքով, այս հայի երկու տեսակը նոր չէ եւ արմատներ ունի: Ապա հիշեցրեց 1900-ական թվականները, երբ ֆիդայիները ազատագրական պայքար են մղել, սակայն հայ գյուղացիները բահերով ընկել են ֆիդայիների հետեւից՝ ասելով, որ դուրս գան իրենց գյուղից, քանի որ իրենք թուրքի հետ լավ են ապրում:

«Ո՞ր թուրքի հետ, որը գողացել էր նրա կովը, թալանել նրա տունը, առեւանգել էր աղջկան»,-ասաց Սարգիս Մկրտչյանը:
Ապա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին:

«Խոսում ենք Մարտի 1-ի մասին՝ կիզակետում Նիկոլ Փաշինյանն է, խոսում ենք արցախյան 44-օրյա պատերազմի մասին, հինգ հազար զոհերի, Արցախի 75 տոկոսի կորստի մասին՝ կիզակետում Նիկոլ Փաշինյանն է, խոսում ենք հղի կնոջը սպանելու մասին՝ կիզակետում Նիկոլ Փաշինյանն է, փաստորեն, որտեղ մահ եւ արյուն, այնտեղ Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց նա:

Սարգիս Մկրտչյանի խոսքով, երբեք Հայաստանի եւ սփյուռքի միջեւ այսքան խզում չի եղել. «Երբեք սփյուռքն այսքան օտարված չի եղել Հայաստանից: Դժգոհություններ, քննադատություններ եղել են, սակայն այսպիսի խզում երբեք չի եղել: Ըստ նրա, 2018-ին իշխանափոխությունից հետո շատ սփյուռքահայեր վաճառել են Հայաստանում իրենց տները եւ վերադարձել են սփյուռք, ինչը հուսահատության արդյունք է, կային մարդիկ, որոնք ուզում էին վերադառնալ Հայաստան, բայց փոշմանել են»:

Նա ասաց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Իրան այցելությունը չեղարկել է Սիրայի ու Լիբանանի այցից հետո, երբ այնտեղ մեր հայրենակիցների կողմից վատ ընդունելության է արժանացել: Նա սփյուռքահայերին էլ կոչ արեց մաս կազմել այս պայքարին:

Ասաց, որ իրենց շարժումը հասել է նրան, որ Փաշինյանն իր տան մեջ «շարել է կարմիր, սեւ, երկնագույն բերետներով ոստիկաններ, սփյուռքն էլ պետք է հասնի նրան, որ դեսպանները իրենց կեցվածքը փոխեն դրսում եւ կանգնեն պայքարի կողքին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031