Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ Մկրտչյան Արթուրը որոշել է իր ձեռքով ստեղծել դատարան, ինքն է որոշել՝ ով պետք է քննի Իգոր Խաչատուրովի գործը. «Հրապարակ»

Մայիս 21,2022 11:28

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ նրան մեղադրում են ընդդիմության ակցիաներից մեկի ժամանակ, իբրեւ թե, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նախորդ գիշեր դատարանը բավարարել է քննիչի՝ Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը, եւ նրան կալանավորել են՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու ու նրան դատական նիստին մասնակից դարձնելու։

Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղյակ չի եղել, որ գիշերվա կեսին իր պաշտպանյալի գործով կալանքի միջնորդություն են քննում, իր խոսքերով ասած՝ արտակարգ դատարանում, ուստի չի կարողացել ներկա գտնվել նիստին եւ բերել հակափաստարկներ՝ փորձելով այդպիսով հետ պահել դատարանին Իգոր Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացնելուց։

Խաչատուրովը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ միակը չէ պատերազմի մասնակիցներից, որոնց նկատմամբ այս օրերին Նիկոլ Փաշինյանին «առընթեր» դատական համակարգը քրեական հետապնդումներ է իրականացնում ու կալանավորում։

«Քաղաքական հրահանգ կատարող կամակատարները պետք է հնարավորություն մեզ ընձեռեին, որպեսզի մենք կարողանայինք հակափաստարկ ներկայացնել։ Դատական նիստը պաշտպանի բացակայությամբ են իրականացրել, գաղտագողի, ստեղծել են արտակարգ դատարան ու էդ արտակարգ դատարանում, առանց պաշտպանին պատշաճ ծանուցելու, դատական նիստ են անցկացրել»,- ասաց Պողոսյանը։ Ի դեպ, դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը եւ ինքնաբացարկ է հայտնել Իգոր Խաչատուրովի գործով, եւ նրա փոխարեն այլ դատավորի է մակագրվել գործը, ընդ որում, ըստ փաստաբանի՝ գործը մակագրվել է ձեռքով, ոչ թե էլեկտրոնային համակարգի միջոցով։

«Գործը քննել է քաղաքական պատվեր կատարելու հարցում արդեն ոնց որ մասնագիտացած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ով նախկինում ՀՔԾ քննիչ է եղել, երեւի ՀՔԾ-ում վերջին չորս տարվա պաշտոնավարման ընթացքում լավ սերտել է էդ գործողությունները, հիմա էլ նույն գործողությունները գործադրում է նաեւ դատարանում՝ որպես դատավոր»,- ասաց նա։ Արուսյակ Ալեքսանյանն էլ օրենքի խախտմամբ, հապճեպ ու գաղտագողի կայացրել է կալանքի որոշումը` առանց մեղադրյալին ու նրա պաշտպանին լսելու, ինչն աննախադեպ է անգամ մեր անկատար դատական համակարգի պայմաններում:

Ինչ վերաբերում է փաստաբանի նշած «արտակարգ դատարանին», ապա նա իր ձեւակերպումն այսպես բացատրեց․ «Իրականում դա եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ արգելված ինստիտուտ է՝ արտակարգ դատարանի ստեղծումը, դա Սովետական Միության ժամանակ էդ հայտնի «տրոյկաներն» էին, բայց այս գործի քննության ընթացքում ինչ տեղի է ունեցել, ակնհայտորեն վկայում է էն մասին, որ գիշերը կոնկրետ Իգոր Խաչատուրովի գործը քննելու համար ստեղծվել է արտակարգ դատարան, որովհետեւ նախորդ օրը, երբ ես բողոք էի ներկայացրել, էդ բողոքի համար, այսինքն՝ մակագրություն իրականացնելու համար, դատարանի նախագահ կոչեցյալ Արթուր Մկրտչյանից երեք ժամից ավել էր պահանջվել։ Էսօր պարզվում է, որ էդ ամեն ինչն իրականացնելու համար Մկրտչյան Արթուրին կարելի է բերման ենթարկել ու հինգ րոպեում դատարան ստեղծել։ Հիմա Մկրտչյան Արթուրը որոշել է իր ձեռքով ստեղծել դատարան, ինքն է որոշել՝ ով պետք է քննի Իգոր Խաչատուրովի գործը եւ կալանավորի նրան»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031