Կառավարության ներկայացուցիչներն ասում են՝ փողի խնդիր չունեն, բայց այդ «փողի խնդիր չունենալը», կարծես, «դրական» է անդրադառնում ընդամենը պարգևաճարների, աշխատավարձերի, գումար մսխելու, գործուղումների, առանձին պաշտոնյաների բարեկեցության վրա:
Այս կառավարությունը ոստիկաններին 6,5 մլն դոլար պարգևավճար տալու, աստղաբաշխական գնով մեքենաներ ձեռք բերելու գումար ունի, բայց երբ հերթը հասնում է ինչ-որ սոցիալական ծրագիր, իրական բարեփոխում իրականացնելուն, անհեթեթություններ են անում: Այս կարծիքին է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, որը «Փաստի» հետ զրույցում կառավարության հերթական որոշումը հենց այս համատեքստում է դիտարկում:
Խոսքն այն որոշման մասին է, ըստ որի, հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ «Եթե կարծում են, թե սա համարժեք է կենսաթոշակների 10 % բարձրացմանը, այդ դեպքում թող մինչև 50 հազար դրամ ստացողների կենսաթոշակները միանգամից 10 տոկոսով ավելացնեն: Եթե դա չի արվել, նշանակում է՝ սա իմիտացիա է. բոլորն էլ լավ հասկանում են, որ մարզերի բնակչությունը հեռու է տեղեկատվական տեխնոլոգիաներից, ու մարդիկ առևտուր են անում շուկաներից, բակի խանութներից: Բացի այդ, կառավարությունը չի ներկայացնում հաշվարկ, թե, ըստ կանխատեսումների, բնակչության քանի՞ տոկոսն ունի անկախիկ վճարումներից օգտվելու հնարավորություն: Դեմքի լուրջ արտահայտությամբ փոխվարչապետի մակարդակով ասում են՝ ծրագրի մեջ ներառել ենք նպաստառուներին: Եթե մեկ բառով ասեմ՝ ամոթ է: Նպաստառուն 10 հազար դրամ նպաստ է ստանում, ընդունենք՝ այդ գումարով անկանխիկ առևտուր արեց, խոսքը 500 կամ 1000 դրամ հետվճարի մասի՞ն է»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հայկ Ֆարմանյանը նաև անհավասար մրցակցության խնդիր է տեսնում. «Մանր խանութները սովորաբար անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն չունեն: Այս դեպքում պոտենցիալ հաճախորդը, որը նշված 10 տոկոսը հետ ստանալու ցանկություն ունի, ստիպված պետք է գնա և խոշոր սուպերմարկետից առևտուր անի: Այնտեղ, սակայն, գները թանկ են, մինչդեռ մինչև 50 հազար դրամ կենսաթոշակ ստացողներն առևտուր ոչ թե սուպերմարկետից, այլ շուկայից, փոքր խանութներից են անում, որտեղ, այսպես ասած, գին իջեցնելու մշակույթ կա: Ինքը չի գնալու սուպերմարկետից ավելի թանկ գնով առևտուր անի, ինչ է թե 10 տոկոսը հետ ստանա, ինչը ոչ ավելին է, քան 5000 դրամը: Սա անհեթեթություն է: Ես կառավարության ներկայացուցիչների փոխարեն անգամ ամաչում եմ, որ կես կամ մեկ ժամ դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են, թե մարդը 5000 դրամ հետվճար պետք է ստանա: Մինչդեռ կենսաթոշակային ռեֆորմների մասով ավելի լուրջ խնդիր ունենք: Նույն վարչապետն ասում է՝ 200 հազար դրամ կենսաթոշակ ստացող կա, դրա համար ենք 5000 դրամ շեմ սահմանել, որ անհավասար վիճակ չառաջանա, բայց իրականում ոչ թե 200 հազար, այլ ավելին ստացողներ կան: Սա է գլխավոր խնդիրը»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում