Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս ցույցերով իշխանափոխություն չի լինի

Մայիս 21,2022 10:00

Թող ինձնից չնեղանան հարգարժան ընդդիմադիրները, բայց մարդիկ, որոնց ես հանդիպում եմ փողոցում, հիմնականում բողոքում են ցուցարարներից, իսկ ոմանք նրանց անվանում են «քոչարյանականներ»: Այսօր մի կին, նույն դժգոհությունները կրկնելով, ինձ ասաց, որ ամեն օր աղոթում է Փաշինյանի համար, որ Աստված նրան իմաստություն տա, եւ նա կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել: Ենթադրում եմ, որ նա նախկինում էլ է նման աղոթքներ արել, բայց դրանք ակնհայտորեն տեղ չեն հասել, որովհետեւ ներկայիս վարչապետն արդեն իսկ հասցրել է երկիրն այս վիճակին:

Ընդհանուր առմամբ՝ կարող եմ արձանագրել, որ մինչեւ 2018 թվականը փողոցում ինձ հանդիպած քաղաքացիներն անիծում էին Հայաստանի ղեկավարներին՝ հիշում եմ, տաքսիստներից մեկը նույնիսկ հրաժարվեց ինձ տանել Հյուսիսային պողոտա, ասելով՝ «քեզ շատ եմ հարգում, բայց էդ ղարաբաղցիների որջը ես չեմ քշելու»: Իսկ հիմա վերաբերմունքն առաջին դեմքի հանդեպ, գոնե իմ փորձից ելնելով, դրական է, եւ ամենադառը բանը, որը ես լսել եմ «բա ինչ աներ էդ խեղճ տղան (կամ մի քիչ ավելի կոպիտ բառեր)» արտահայտությունն է:

Իհարկե, սա սոցիոլոգիական հարցում չէ, բայց, մյուս կողմից, չի կարող պատահել, որ 30 տարվա ընթացքում ինձ հանդիպեին հատուկ ընտրված մարդիկ, որոնք ինչ-որ ուղղորդված տեսակետ են ներկայացնում: Դուք գուցե կասեք, որ մարդիկ գտնվում են «Հ1»-ի քարոզչական ազդեցության տակ: Բայց ես դրան կարող եմ պատասխանել, որ «Հ1»-ը ճիշտ նույն ձեւով խիստ դրական լույսի տակ ներկայացնում էր նաեւ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի գործունեությունը, եւ դրան ոչ ոք չէր հավատում: Ավելին՝ նախորդ ղեկավարի ժամանակ ընդդիմադիր հեռուստաալիքներ չկային, իսկ հիմա կան: Այնպես որ՝ քարոզչությունն այստեղ կապ չունի: Թե ինչու է հայաստանցիների զգալի մասը սիրում ձախողված, պատերազմում պարտված ղեկավարին՝ դա դեռ երկար ենք վերլուծելու: Բայց փողոցային բողոքներ կազմակերպող ընդդիմադիրները պետք է գիտակցեն իրականությունը, ոչ թե ապրեն պատրանքներով, թե իբր «ժողովուրդը ոտքի է կանգնել»:

Քաղաքացիները նաեւ հարցնում են ինձ՝ «Նիկոլը չի թողի, չէ՞, որ սրանք գան»: Ճիշտն ասած՝ որեւէ մեկին հուսադրելու կամ, հակառակը, հիասթափեցնելու գործառույթներ ես իմ վրա չեմ վերցնում: Բայց ես իսկապես կարծում եմ, որ  ա’յս  ցույցերով իշխանափոխություն չի իրականացվի: Դա չի նշանակում, որ Փաշինյանի իշխանությունը հավերժ է: Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ներկայիս վարչապետն այլեւս ոչ մեկին՝ ոչ Արեւմուտքին, ոչ Ռուսաստանին պետք չլինի (ակնհայտ է, որ հիմա երկուսին էլ պետք է՝ դրա համար էլ նրան բոլոր կողմերից աջակցում են): Փաշինյանը պետք չի գալու այն ժամանակ, երբ անի իրենից սպասվող քայլերը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում: Իսկ դա, վախենամ, Հայաստանը կդնի ավելի ծանր վիճակի մեջ, քան այսօր է: Եվ այդ դեպքում մոլորված մարդիկ գուցե հասկանան, որ սխալվել են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Nimar says:

    “…Թե ինչու է հայաստանցիների զգալի մասը սիրում ձախողված, պատերազմում պարտված ղեկավարին՝ դա դեռ երկար ենք վերլուծելու:”

    Ոմանց համար բաժակը կիսով չափ դատարկ է, իսկ ոմանց համար՝ կիսով չափ լի:
    Այս դեպքում, ի սկզբանե որպես աքսիոմ ընդունելով սեփական գնահատականները, միանգամայն սպասելի է, որ կբախվեք անբացատրելի պարադոքսի հետ։ Դա երեւի այն պատճառով է, որ ներկայիս ղեկավարն առնվազն իր նախորդներից վատը չէ, իսկ մարտադաշտում թշնամին ապացուցել է, որ իր բանակն ավելի ուժեղ է։ Իմ կարծիքով, երբ այս փաստերի գոյությունն ընդունվի, հանելուկային պարադոքսը կվերանա, և կարիք չի լինի ժամանակ ծախսել զանգվածային հոգեբանության և աշխարհաքաղաքական գուշակությունների ոլորտում երկար, բարդ հետազոտությունների վրա:
    Իրականությունն ինքնին բավականին բարդ է, իմաստ ունի՞ ավելի բարդացնել այն:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Այս ցույցերով իշխանափոխություն չի լինի”

    Կարելի է, իհարկե, հարմարավետորեն թաքնվել նիկոլի համար ամեն օր աղոթող կանանց ու արցախատյաց տաքսիստների թիկունքում, բայց ավելի ազնիվ կլիներ ասել. «Չեմ ուզում, որ այս ցույցերով իշխանափոխություն լինի» կամ «Չեմ ուզում, որ իշխանափոխություն լինի այս ցույցերով» կամ «Ավելի լավ կլինի՝ նիկոլը չթողի, որ սրանք գան իշխանության»…

    “Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ ներկայիս վարչապետն այլեւս ոչ մեկին՝ ոչ Արեւմուտքին, ոչ Ռուսաստանին պետք չլինի (ակնհայտ է, որ հիմա երկուսին էլ պետք է՝ դրա համար էլ նրան բոլոր կողմերից աջակցում են):”

    Դա այդքան էլ ակնհայտ չէ: Ինչքան էլ նիկոլական քարոզչությունը պնդի, թե գերագույն գլխավոր հողատուին բոլորը «աջակցում» են, ակնհայտ է, որ դա, մեղմ ասած, այդպես չէ: Իրականում Նիկոլին աջակցում են միայն սեւ-կարմիր բերետներ հագած Ալիեւն ու Էրդողանը՝ ախուրյանցի Անոյի հետ միասին, իսկ ահա Մոսկվան եւ նույնիսկ Վաշինգտոնը փաստորեն փուռն են տալիս դրան: ՀԱՊԿ-ը «չորով» մերժում է բռնապետիկի՝ ղազախական տարբերակով օգնելու թախանձագին խնդրանքը ու դնում բիոլաբորատորիաների հարցը, իսկ ամերիկացի մորաքույրը չգիտես ինչու որոշում է դեն նետել դիվանագիտական շղարշը եւ բացահայտել իրենց թավշյա, զիլ ժողովրդավար գործակալին…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Այնպես որ՝ քարոզչությունն այստեղ կապ չունի: Թե ինչու է հայաստանցիների զգալի մասը սիրում ձախողված, պատերազմում պարտված ղեկավարին՝ դա դեռ երկար ենք վերլուծելու:”

    Քարոզչությունն այստեղ ունի անմիջական կապ: Եթե տասնամյակներ շարունակ մարդկանց ուղեղները լցնես պարտվողականության, հողատվության, քիրվայականության քարոզչական աղբով ու կերակրես ապազգային, հակապետական, դեբիլ սերիալներով, ապա կստանաս նիկոլ վարչապետ ու ախուրյանցի Անոների մի զգալի հոտ: Երկար վերլուծելու կարիք էլ նույնիսկ չկա. ներկայիս անտանելի սոցիալական ապատիան հենց այդ քարոզչության արդյունքն է: Զարմանալի ոչինչ չկա, եթե հաշվի առնենք, որ տասնամյակներ շարունակ հսկայական միջոցներ են ներդրվել դրսից, բուծվել հարյուրավոր ՀԿ-ներ ու ազդեցության գործակալներ, պետական ապարատը ներսից քայքայող «լայնախոհ» գործիչներ…

    • Աբո says:

      Հարգելի Գալիլեո գալիլեյ
      ՛՛ախուրյանցի Անոները՛՛ հող են քաղհանում, անասուն են պահում, մի խոսքով արժեք են ստեղծում, իրանց երեխեքին ուղարկում են բանակ ու էդ երեխեքից շատերն էլ զոհվում են, ու իրանց ու իմ նման ռամիկ հասարակ մարդկանց մեղքն էնքանա, որ Նիկոլին չհավանելով էլ չենք տեսնում գոնե մի մեկին որ Նիկոլից մի քիչ ավելի լավն ա, մարդ չկա որի հետևից ժողովուրդը գնա, մարդ չկա, էղածներից մեջից էլի վատից լավից Նիկոլով յոլա են գնում, սաղ իրանց ճղում են պաշտոնի ու իշխանության համար, արտասհմանցիներն էլ ճոռո ճոռո խոսում են տեղները տաք ու ապահով : Պետությունը խոսալով չի ուժեղանալու ոչ էլ խելոք մտքեր արտահայտելով, պետք ա գիշեր ցերեկ աշխատել լծվել բեռ քաշել ամեն մեկն իրա տեղում:
      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/05/21/1269266/?replytocom=1263862#respond

      © 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      • Հայկ համբարձումեան says:

        Ձեր վերջին տողը ճիշդ է, բայց դժբախտաբար ռամիկի աշխատանքը պետութիւն չի կերտեր. Պէտք չէ մարդեր բնտռել այլ միասնական գաղաբարներ. օրինակ՝ Արցախը անկարելի է Ազրպէյճանի կազմում, ցեցասպանութեան ճանաչում եւ հատուցում, սահմաններու անխախտելիութիւն եւ այլն. իսկ եթէ այսպիսի հիմնարար հարցերու շուրջ միասնականություն չկայ, երեւի հայկական պետութեան իմաստ ալ չկայ…

      • Ջորդանո Գալիլյան says:

        Հարգելի Ալբերտ այնշտայն,

        Նախ եւ առաջ՝ մարդկանց անունները եւ կեղծանունները չի կարելի աղավաղել կամ շփոթել: Ճիշտ կլիներ, որ «ռամիկ հասարակ» մարդիկ իրենց նիկոլական փողոցահայերենը օգտագործեին հարազատ միջավայրում՝ քաղհանի ժամանակ, կով կթելիս կամ էլ նիկոլի երանելի սրբապատկերը գոմում համբուրելիս, այլ ոչ թե այնպիսի հարթակներում, որտեղ պահանջվում է առնվազն գրական հայերենի իմացություն եւ բավականաչափ գիտելիքներ հասարակական գիտությունների բնագավառից: Հատուկ «ռամիկ հասարակ» մարդկանց համար, որոնք իրենց չհասկացող միամիտ գեղացու տեղ են դրել, բացատրում եմ կետ առ կետ.

        1. «Ախուրյանցի Անոները» աշխատավոր զանգվածների հետ առանձնապես կապ չունեն. նրանք ընդամենը նիկոլական վարձու սադրիչներ են՝ անհայրենիք ու փողապաշտ, իրենց ստեղծած «արժեքը» կարմիր եւ սեւ բերետավորներ ենիչերիներն են…

        2. «Ախուրյանցի Անոները» ընդհանրապես չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում եւ եթե հանկարծ զոհեր են լինում, ապա շատ հանգիստ ծախում են իրենց զոհված երեխաների արյունը եւ քեֆ անում հենց դահիճների հետ…

        3. “Նիկոլին չհավանելով էլ չենք տեսնում գոնե մի մեկին որ Նիկոլից մի քիչ ավելի լավն ա”

        Լուրջ չե՞ք տեսնում: Ուրեմն 10 միլիոն հայերի մեջ չկա՞ մեկը, որ մի քիչ գոնե գերազանցի էդ կիսագրագետ դավաճան ստախոսին: Համոզված եմ, որ այդ աստիճանի կույր հնարավոր չէ լինել: Սա կուրություն էլ չէ, այլ նիկոլիզմի գավառական պարզունակ քարոզ…

        4. “մարդ չկա որի հետևից ժողովուրդը գնա”

        Անպայման պիտի ինչ-որ մեկի հետեւից գնա՞ք: «Ժողովրդի» անունից չի կարելի խոսել, խոսեք կոնկրետ ձեր անունից: Ամեն մեկն ինքն է որոշում՝ մարդ կա, թե ոչ: Եթե դուք մարդ չեք տեսնում, ինքներդ արեք այնպես, որ ուրիշները գան ձեր հետեւից, եթե իհարկե դուք ձեզանից ինչ-որ բան ներկայացնում եք…

        5. “էլի վատից լավից Նիկոլով յոլա են գնում”

        Յոլա՞ են գնում: Այսինքն՝ երկիրը կտոր-կտոր թուրքին տալով, բանակը քանդելով, օկուպացիոն բռնապետական կարգեր հաստատելով՝ յոլա՞ են գնում: Իսկ դու, անձամբ դու, պատրա՞ստ ես «յոլա գնալ», երբ վաղը թուրքը մտնի քո տուն ու քեզ դուրս վռնդի այդտեղից: Պատրա՞ստ ես «վատից լավից նիկոլով» ունկնդրել ընտանիքիդ անդամների կոտորածը…

        6. “Պետությունը խոսալով չի ուժեղանալու ոչ էլ խելոք մտքեր արտահայտելով”

        Իհարկե՝ խելոք մտքեր արտահայտել պետք չէ: Բավական է լսել միայն նիկոլի պարտվողական կապիտուլյանտանական մտքի գոհարները եւ միանգամից կհասկանանք, որ «պետությունը» ուժեղանալու է թուրքի առաջ կզած ման գալով, բանակից իսպառ հրաժարվելով, կարմիր ու սեւ բերետավոր ենիչերիներ բուծելով, ըմբոստ հայերին բանտերը լցնելով, Տիգրան Մեծին քննադատելով, հայկական հողերը սրան-նրան ծախելով…

  4. Հայկ համբարձումեան says:

    Նորէն՝ ձեր կեցուածքին մասին, որտեւ կարծես Փաշինյանէն շատ լաւ էք սորվեր խօսիլ գրել խօսիլ առանց որեւէ պատասխանան տալու։

    Եթէ ձեզ համար անոնք մոլորուածներ են որոնք իրենց սխալը պիտի հասկանան միայն երբ գայ այդ սպասուած աւելի ծանր վիճակը, ուրեմն դուք հիմա այս օր գործնական ի՞նչ կ՝ընէք որ օտարներէ կախեալ ձեր վարչապետը այդ ծանր վիճակը վրայ բերել չկարենայ։ Ի՞նչ կ՝ընէք, մէկ անգամ պատասխանէք։

  5. Garo says:

    Էտ ամենը կարճ կոչվումա պոպուլիզմ:
    Պարզա, որ եթե ասես այ գնանք մոցարտ Գագոյի ԱՄՆ-ի դղյակը, մոնումենտի դղյակները բռնագրավենք քո հետևից ավելի շատ մարդ կգա: Քան եթե ասես ժողովուրդ ջան եկեք գնանք Սև լիճը, Շուշին, Հադրութը հետ գրավենք:
    Ողղակի մեր վիճակում գտնվող երկրի համար էտ կործանարար հետևանքներա ունենում:

    Մեր պես պատերազմաական վիճակում գնտվող երկրում դեմոկրատիան ի սկզբանե անիմաստա:
    Համաձայն եմ, որ ցույցերով նիկոլը երբեք չի գնա:
    Պետք են մարդիկ ովքեր պատրաստ են դժվար ծանր պահին պատասխանատվություն վերցնեն ու երկաթյան ձեռքով երկիրը հանեն էս վիճակից:

    Անեն հեղաշրջում վերցնեն իշխանությունը Նիկոլին ու իր ընտրող տաքսիստներին էլ ու բոլորիս էլ քշեն ուսումնական զորամասեր պատրաստվելու ու անհրաժեշտության դեպքում կռվելու:
    Դեղատոմսը էտա տաքսիստից պետք չի կարծիք հարցնել: Պետքա ասել ինչ անի ու ինքը գլուխը կախ պետքա անի:

  6. Սարգիս Զեյթունյան says:

    «Այսօր մի կին, նույն դժգոհությունները կրկնելով, ինձ ասաց, որ ամեն օր աղոթում է Փաշինյանի համար…»
    Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, ու իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար կյանք ունենա:
    Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ ու ասաց նրան.
    – Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինչու՞ ես աղոթում ինձ համար:
    Այրի կինն ասաց.
    – Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Եվ այժմ վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար լինի:
    Վարդան Այգեկցի

Պատասխանել Ջորդանո Գալիլյան

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031