Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան բարձր է գնաճն, այնքան ավելի մեծ է հավելավճարներ վճարելու հնարավորությունը»

Մայիս 21,2022 14:00

Հայաստանում այս տարվա ապրիլ ամսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 8.4% գնաճ եւ յուրաքանչյուր ամիս, հատկապես պարենը, էլ ավելի է թանկանում։ Եւ երբ մեր երկրում դրամն արժեւորվում էր, շատերի մոտ հարց էր ծագում՝ ներմուծված ապրանքների գները ինչո՞ւ չեն նվազում, մի բան էլ հակառակն է տեղի ունենում, թանկանում են։

Արդյոք գնաճն արդարացված է եւ ունի օբյեկտիվ պատճառներ։ «Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պարզաբանում է՝ դասական տարբերակում զարգացող շուկաներ ունեցող երկրները միշտ յուրօրինակ են լինում, որովհետեւ ինստիտուցիոնալ առումով կայացած չեն, ֆորմալ առումով ընդունում եմ, որ ժողովրդավարական երկրներն են, որ իշխանությունները պատասխանատու են, հաշվետու քաղաքականություն են վարում եւ գոյություն ունեն չհիմնավորված գների սահմանափակումներ՝ չհիմնավորված շահույթների, չկա ստվեր եւ այլն։ Սակայն, մեր երկիրը, ըստ տնտեսագետի, այդ կատեգորիայում չէ։

«Եթե մեր երկրում ուսումնասիրություն անենք, ապա կտեսնեք, որ ամենեւին էլ այդպես չի եղել, առավելեւս այս վերջին տարիներին, երբ նման ակնկալիքները նույնիսկ կարող էին լավատեսական լինեին։ Իրականությունն այն է, որ այո, ցնցումային իրավիճակում են բոլոր շուկաները, սկսած բազային, էներգակիրների, պարենամթերքի շուկայից, վերջացրած նույնիսկ ամենապարզ ԱԱՀ մասնաբաժին ունեցող ապրանքների արտադրություններից։ Գնաճը բոլոր ուղղություններով ճակատային հարձակման թրենդի մեջ է, եւ մենք էլ բացառություն չենք այս իմաստով»,-ասում է տնտեսագետը:

Նա դիտարկելով էներգակիրների թանկացումը, հատկապես բենզինի, դիզվառելիքի, գազի, նկատում է՝ ՀՀ-ում վերջին տարիներին գնաճը տեղի է ունեցել տասնյակ տոկոսներով, հատկապես՝ վերջին տարում։ Սրան էլ գումարելով ռուս-ուկրաինական պատերազմը, տնտեսագետը նշում է՝ կանխատեսումները բնավ լավատեսական չեն։ Մեր երկրում գնաճի վրա ազդեցությունը արտաքին շուկաներից է, տնտեսագետը հիշեցնում է՝ այս տարվա համար ՖԱՕ-ի՝ պարենի համաշխարհային կազմակերպության ինտեգրալ ինդեքսը՝ պարենային զամբյուղի 44%-ն է, սա աննախադեպ բարձր գնաճ է. «Եւ սա նշանակում է բոլոր շուկաներն արդեն արձագանքում են։ Մյուս ուղղությունը ֆինանսական շուկաների գլոբալ արձագանքներն են այն ամենին, ինչ արեց ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը համավարակի տարիներին, մոտ 40%-ով ավելացրեց դրամական բազան, փող տպեց ու բաժանեց իր քաղաքացիներին, բիզնեսին, եւ սա ամբողջ աշխարհում ազդեցություն ունեցավ։ Իհարկե, իրենք աստիճանաբար սեղմելու են դրամական զանգվածը, մի մասը քաշելու են հետ, բայց, ինչպես ասում են, ջինը դուրս է եկել սափորից»։

Ատոմ Մարգարյանի ներկայացմամբ՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին տեղի են ունենում զարգացումներ, որոնք հանգեցնում են դոլարի փոխարժեքի անկմանը, այսինքն, արժույթների արժեւորմանը գոնե ԵԱՏՄ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում. «Եւ դա վարչական կոշտ որոշումների հետեւանք է։ ՌԴ կառավարությունը որոշեց եւ պահանջեց ռուսական էներգակիրների, հացահատիկի եւ այլնի դիմաց ռուսական ռուբլիով վճարել։ Դա նշանակում է, որ դոլարի պահանջարկն իջեցրել է։ Բայց, կարծում եմ, որ սա ժամանակավոր երեւույթ է։ Այսպիսի աննախադեպ պատժամիջոցները, սարսափելի ճնշումները ռուսական տնտեսության վրա կարող են ունենալ երկարաժամկետ բացասական հետեւանքներ։

Շոկային ճգնաժամի առաջին փուլը հետեւում է, հիմա երկրորդ փուլն է՝ ավելի համակարգային, կառուցվածքային եւ լուրջ մակրոտնտեսական ազդեցության հնարավորությամբ։ Եթե կարգավորող մարմինները խելքները չհավաքեն գլուխները, ստատիկ, իրադրային եւ ավանդական գործիքակազմով հնարավոր չի լինելու իրավիճակը երկարաժամկետ վերահսկելի պահել»։

Տնտեսագետի խոսքով՝ «փողոցում այս ճակատամարտերը» ուղղակի զավեշտ են, երկու կողմից էլ։ Գաղտնիք չէ, եթե խորքային նայենք, այսպես կոչված՝ նախկինները կամ ընդդիմություն կոչվածը, իրենց մի զգալի մասը խոշոր բիզնեսի սեփականատերեր են կամ նրանց ներկայացուցիչներն են։ Բնականաբար, գնաճը ձեռնտու է խոշոր բիզնեսին, նրանք կարող են գինը ավելի բարձր սահմանեն, քան ասենք կարող է իրական գինը լինի, եւ նրանց ոչ ոք չի կանգնեցնի։ Բարձիթողի վիճակ է, պետությունը պետք է իր կարգավորող մարմիններով ֆիքսի իրական շահույթներն ու հարկի»։

Տեղական արտադրության սննդամթերքի բարձր գներն էլ Մարգարյանը չհիմնավորված է համարում, նա օրինակ է բերում կաթնամթերքի շուկայում գնագոյացումը։ Ասում է՝ ասենք թթվասեր արտադրող ընկերությունը ապրանքի վրա գրում է՝ պատրաստված է անարատ կաթից. «Իրականում, շատ դեպքերում, դա ժամկետանց կաթի փոշի է, եւ եթե նայենք իրականում ինչ ծախսեր է կատարել այդ բիզնեսը այդ կաթի փոշու ձեռքբերման վրա, եւ իրականում ինչ կարժենար այդ ապրանքը անարատ կաթից արտադրելու դեպքում, կտեսնեինք, որ ոչ մի տրամաբանություն չկա գների մեջ։ Բարձր գնաճ է նաեւ բանջարեղենի շուկայում։ Լոլիկը, վարունգը, ելակը եւ այլն, դրանց մեծ մասը կապ չունի իրական բնական վարունգի կամ ելակի հետ։ Դրանք գենմոդիֆիկացված, քիմիայով սնուցված ապրանք են, բայց իրական ինքնարժեքից մի քանի անգամ բաձր գներով են վաճառվում։ Այստեղ կան օլիգոպոլիկ ազդեցություններ, դրա համար էլ առասպելական գներ են։ Ուստի պատասխանատու մարմինները պետք է այստեղ աշխատեն, մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործն անի, ՊԵԿ-ն էլ պարտավոր է ֆիքսել իրական ծախսերը եւ շահույթը, սննդի անվտանգության տեսչական մարմինն էլ՝ իր գործն անի»։
Տնտեսագետը նաեւ նկատում է՝ կառավարությանը ձեռնտու է գնաճը, որովհետեւ որքան բարձր են գներն, այնքան ավելի շատ են հարկերը՝ բյուջեն կատարելու եւ գերակատարելու համար եւ պաշտոնյաներին հավելավճարներ վճարելու հնարավորություններն էլ ավելի մեծ են. «Բայց գնաճը սարսափելի չի լինի, եթե մարդկանց եկամուտներն էլ համաչափ լինեն։ Իրականում գներն ավելի արագ են աճում, քան եկամուտները»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031