Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովերն» ինձ համար Հայաստանի անկախության ֆենոմեններից է»

Մայիս 21,2022 12:00

Հարցազրույց գրող, լրագրող, պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենեջեր եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համանուն մասնաճյուղի ղեկավար Անուշ Քոչարյանի հետ:

– Դուք արդեն 2 տարուց ավելի է՝ երգչախմբի մենեջերն եք ու Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» մասնաճյուղի ղեկավարը։ Մինչ այդ էլ դասական երաժշտության ոլորտում առանձին իրադարձություններ նախաձեռնում էիք, բայց այս դեպքում արդեն ուրիշ ծավալի աշխատանք է, երգչախումբն առանձնահատուկ է։ Ինչպե՞ս ստանձնեցիք այս պատասխանատու աշխատանքը։

– Կան հանդիպումներ, որոնք անխուսափելիորեն կապ ունեն ներսի հետ։ «Հովեր»-ում հայտնվելը հենց այդ «ներս գնալու» մասին է։ Մի առիթով ասել եմ եւ նորից կասեմ՝ «Հովեր»-ն ինձ համար Հայաստանի անկախության ֆենոմենն է, ավելի կարճ՝ այդ անկախությունը բովանդակային տեսանկյունից ամրագրողներից մեկը։ Իմ եւ իմ սերնդակիցների համար սա շատ կարեւոր արտահայտություն է, որովհետեւ մենք ծնվել ենք «խորհրդային» ծննդյան վկայականով ու ընտանիքներում, որտեղ այդ նույն հասարակարգի կանոնի ու բարքերի վերապրման դրվագներ կային, ու անմիջապես պիտի անկախության գիտակցման փուլին անցնեինք… 90-ականների ստեղծարար կոլեկտիվ մոտեցումները ինձ համար գոնե թե որոշիչ նշանակություն ունեն. դրանք ծնվեցին հենց անկախության հետ։ Այս իմաստով «Հովեր»-ը ոտքիդ տակն ամրացնում է, «տեղորոշում» է, ականջդ շոյում եւ իմաստ է տալիս… Ինքնության յուրահատուկ կերպ է։ Ավելին՝ եւ հային, եւ օտարերկրացուն քո մասին կարողանում ես պատմել իրենց ստեղծածով, ասել, որ անհատների շնորհիվ՝ ինչպիսին Սոնա Հովհաննիսյանն է, որքան բան կարող է փոխվել, եթե հավատաս ու աշխատես… Անընդհատ աշխատես։ Ինչպե՞ս ստանձնեցի այդ աշխատանքը. նախ որպես ունկնդիր հավատալով Սոնային եւ երգչախմբին։

– Այս տարի «Հովեր» երգչախմբի հիմնադրման եւ գործունեության 30 տարին է լրանում։ Դժվա՞ր չէ, արդյոք, աշխատել մի կոլեկտիվի հետ, ներկայացնել նրանց Հայաստանում եւ Հայաստանից դուրս, երբ արդեն երեք տասնամյակի պատմություն կա։

– Մանրակրկիտ ու որոշյալ աշխատանք է։ Ասում եմ՝ որոշյալ, որովետեւ գործ ունեմ կոլեկտիվի հետ, որն արդեն, այո, երեսուն տարվա պատմություն ու նշանակալի արխիվ ունի։ Դժվարն այն աշխատանքն է, որն արել է «Հովեր»-ը՝ անհերքելի բարդ պայմաններում, տարիներ շարունակ առանց կայուն ֆինանսավորման, շատ ավելի ուշ՝ 2009-ին (հիմնադրումից 17 տարի անց) պետական կարգավիճակ ստանալուց առաջ եւ հետո… Խնդրում եմ նկատես, որ այստեղ սեթեւեթանք չկա. պարզ, բայց զարմանալի բան է նման գոյատեւումը… Տարիների ընթացքում՝ համառ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ «Հովեր»-ը Հայաստան է բերել մրցանակներ, պրոֆեսիոնալ բարձր կարծիքներ, համագործակցություններ եւ Հայաստանից դուրս է տարել խմբերգային արվեստն ու քչերին հայտնի ստեղծագործություններ։ Ինձ մնում է միայն «արթուն» մնալ. ցանկացած բառ, տեքստ, համագործակցության առաջարկ եւ զրույց երգչախմբի մասին պարտավորեցնող, բայցեւ հաճելի պատասխանատվություն է. պիտի կարողանաս այնպես պատմել ու ներկայացնել, որ երեսուն տարին չծանրանա, այլ շոշափելի դառնա…


– Ամեն դեպքում գործ ունեք 28 պրոֆեսիոնալների հետ, հաստատ հեշտ չէ…

– Պրոֆեսիոնալների հետ… Ճիշտ նկատեցիր։ Բարդ կլիներ, եթե անհատական մոտեցումներն ու պահանջները առաջնային լինեին… Այլ է, երբ աշխատանքն ու վերջնարդյունքը հստակ է։ «Հովեր»-ը դիսցիպլինար, զգայուն, հոգատար, ներկան շոշափող, պրոֆեսիոնալ ամբողջություն է…Կա աշխատանքային ընթացք, ստեղծարար մոտեցումներ, ծրագրային նորություններ, համագործակցության առաջարկներ, երբեմն էլ իրագործելու տեսանկյունից քիչ հավանական թվացող նախագծեր ու ծրագրեր, որոնք ճիշտ ժամանակին են առաջ գալիս։ Եվ կա անընդհատ աշխատանք, ոգեւորության պահ, էլի աշխատանք…«Հովեր»-ի համերգներին երբեք նստած ինձ չեմ հիշում, որովհետեւ իրենց հետ լինել նշանակում է վարվել այնպես, ինչպես իրենք. երբ իրենք բեմում են, ես էլ դահլիճում եմ կանգնած: Մենք փոխադարձ վստահություն ունենք, ու, կարծում եմ, գիտակցում ենք, որ «լավագույնն» այն ժամանակն է, որն ապրում ենք հիմա, այս պահին՝ անկախ բարդություններից, գլոբալ/լոկալ ճգնաժամերից։


– Այսինքն՝ «Հովերի» Անուշ» արտահայտությունը տեղին է եւ ընդունելի ձեզ համար։

– Երկու տարի առաջ մի իրադարձության շրջանակներում ներկայացնում էի «Բալկոն» նախագիծս (նկատի ունի «Բալկոն» մեդիանախագիծը, որն իրենից հարցազրույցների շարք էր ներկայացնում. զրույցները ընթանում էին Անուշի բնակարանի բալկոնում) ու վերջում կեսկատակ-կեսլուրջ ասացի, որ երեւի շատ բան է փոխվել, եթե մարդուն միայն իր ներկրած կամ վաճառած ապրանքի անունով չեն վերագրում անում, ու, որ «Բալկոնի» Անուշ» արտահայտությունն ուրախացնող է։ Եթե հիմա շրջանառվում է «Հովերի» Անուշ» արտահայտությունը, ուրեմն մի բան ստացվում է։ Ամեն դեպքում ինձ համար առանձնահատուկ պատասխանատվության ու հնարավորինս մտածված կողմնորոշվելու կարեւոր ուղենիշ է։


– Ընդունված է ասել, որ հայաստանյան լսարանը փոքր է համերգային մեծ իրադարձությունների համար, որ ունկնդիրը հատկապես դասական երաժշտությամբ շատ հետաքրքրված չէ։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։

– Դեմոգրաֆիական առումով ճիշտ ես, բայց բովանդակություն-լսարան կապի ձեւավորման համար միայն դեմոգրաֆիայով չես առաջնորդվում։ Կա կայուն ու «լողացող» լսարան. կայունի հետ ամեն ինչ պարզ է, իսկ «լողացող» լսարանը սպասում է քո առաջարկին, քո նորարարությանը, նաեւ ուզում է զարմանալ, հուզվել, ապրում ունենալ… Որպեսզի կարողանաս կապ ստեղծել, նախ պիտի պատմես. այդպես է եղել առաջ, այդպես է հիմա՝ պարզապես գործիքակազմը, ներգրավման մեխանիզմները եւ հնարավորություններն են շատացել, փոխվել։ Անընդհատ պետք է շարժվել առաջ. լսարանն իր տեղում է, բայց կգա, ներկա կլինի, եթե իրեն իսկապես նոր, հետաքրքիր, բազմաշերտ ու պրոֆեսիոնալ բովանդակություն ես փոխանցելու։ Այս իմաստով կարեւոր է նաեւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դերն ու նշանակությունը. այն իր աշխատաոճով եւս լսարանների ներգրավման հետաքրքիր գործունեություն է վարում։

– «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացումով մարտին նշանավորեցիք երգչախմբի 30-ամյակը։ Կպատմե՞ք ներկայացման ստեղծման մասին, «Հովեր»-ն այս տարի էլի հանդե՞ս կգա խմբերգային այս ներկայացմամբ։

– Վաչե Շարաֆյանի «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ» խմբերգային ներկայացման (դաշնամուրի եւ երգչախմբի համար) վերջնարդյունքը երկու տարվա աշխատանքի ամփոփումն էր։ Մտքի հեղինակներ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանը եւ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը գաղափարով կիսվեցին Սոնա Հովհաննիսյանի, իսկ իրականացման փուլում մեզ միացավ իմ շատ սիրելի ռեժիսոր Նարինե Մալյանը… Այդտեղից սկսվեց երկար ու բազմատարր ստեղծագործական աշխատանքը։

Ինչպես գիտեք, խմբերգային այս ներկայացման հիմքում հայ եւ արտասահմանյան գրողների տեքստերն են (Հովհաննես Գրիգորյան, Բրոդսկի, Զահրատ, Ու. Ուիթմեն, Միսակ Խոստիկյան, Համո Սահյան). երգչախումբը կատարում է եւ միաժամանակ խաղում բեմում։ Այս բովանդակության հիման վրա ստեղծվել են ստեղծագործության առանձին մասերի տեսապատկերներ, մեկ անիմացիոն ֆիլմ, երգչախումբը տարբեր համերգների ժամանակ կատարել եւ կատարում է ստեղծագործության մասերը։

Նյութը թարմ է, լսարանին գրավող եւ հետաքրքիր, մատուցման ձեւը՝ յուրահատուկ, ժանրը՝ եւս, բայց միեւնույն ժամանակ մեծ ծախսեր է պահանջում լուսային, պրոյեկցիոն եւ այլ աշխատանքների իրականացման իմաստով։ Երկու տարվա աշխատանքը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հիմա աշխատում ենք ներկայացումը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ։ «Զարմանալի» ու «պարզ» բան ներկայացնելու անհրաժեշտությունը միշտ կա. գուցե, սա հաշվի առնելով, Հայաստանում դեռ առիթներ լինեն բեմ բարձրանալու այս ներկայացումով։

– Վերջում խնդրում եմ ընթերցողի հետ կիսվեք առաջիկա համերգների մասին տեղեկությամբ։

– «Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը մայիսի 24-ին է, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հայ խմբերգային երաժշտության համերգի ծրագիրն ընդգրկում է 11 կոմպոզիտորների ստեղծագործություններ. 7-ը հնչելու է առաջին անգամ։ Առաջիկայում ունենք այլ համերգներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

Զրույցը՝ Արմինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Գլխավոր լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի
Լուսանկարները՝ Էդգար Արշակյանի, Թինա Գեւորգյանի։

«Առավոտ» օրաթերթ
20.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031