Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 6 կետերը Ադրբեջանին մանեւրելու լայն հնարավորություն են տալիս

Մայիս 21,2022 14:30

«Կա հստակ ու անբեկանելի տպավորություն եւ հաստատված հիմնավոր մոտեցում առ այն, որ հայկական կողմի «կոնտր առաջարակները» դրանք ադրբեջանական առաջարկների լրամշակված ու անորոշ ձեւակերպումներ թույլ տվող թեզերն են, ու հայկական կողմը իր մոտեցումներում բացահայտորեն առաջնորդվել է ադրբեջանական շահերով ու գերակայություններով»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը:

– Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակեց 6 կետերը, որոնք Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին՝ ի սկզբանե համաձայնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ ադրբեջանական հինգ առաջարկներին: Ինչի՞ մասին էին Էդմոն Մարուքյանի գաղտնազերծած կետերն, առհասարակ:

– Այդ կետերը Միջազգային իրավական ու քաղաքական դիրքերից ամրագրում են այն իրողությունը, որ ՀՀ-ի ներկա ղեկավարությունը որեւէ խոչընդոտ ու խանգարող հանգամանք չի տեսնում փաստելու, որ պատրաստ է հայկական պետության պատանդ հայտնվելու ու Արցախի չգոյության շահերի հաշվին՝ գնալ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման: Ինչպես հայկական կողմի, այսպես կոչված՝ առաջարկներում, այնպես էլ, հատկապես, ադրբեջանական հնչեցված թեզերում, կան դրույթներ, որոնց իրացման պարագայում, Արցախը եւ այնտեղ բնակվող հայ ազգաբնակչությունը ոչ միայն հայտնվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այլեւ չի ունենալու որեւէ կարգավիճակ. դա փաստում է մեկ պարզ իրողություն, որ որեւէ հայ՝ հայտնվելով Ադրբեջան պետության տարածքային ամբողջականության ու իրավական կառավարման տիրույթում, ենթակա է էթնիկ զտման, այսինքն՝ ցեղասպանման: Պատմական նման փաստերի պակաս, իհարկե, չկա: Հենց այս առումով, չպետք է մոռանալ այն մոտեցումը, որի հիմքով տարիներ շարունակ՝ մինչեւ ՀՀ-ում 2018-ի հեղաշրջումը՝ հայկական կողմը որդեգրել էր Արցախի բանակցային օրակարգում. դա չցեղասպանվելու հիմքով ինքնորոշման իրավունքի իրացումն էր: Ավելին՝ հայկական կողմի հնչեցված առաջարկներում, ի լրումն ադրբեջանականի, առկա չէ կոնկրետացում՝ Արցախում բնակվող հայ ազգաբնակչության իրավունքների մեջ ինքնոշորման գերակա իրավունքի մասով. սա արվում է նպատակային, որպեսզի ներկայումս մանիպուլյատիվ կերպով օգտագործվի հայ հասարակությանը մոլորեցնելու համար: Կա հստակ ու անբեկանելի տպավորություն եւ հաստատված հիմնավոր մոտեցում առ այն, որ հայկական կողմի «կոնտր առաջարակները» դրանք ադրբեջանական առաջարկների լրամշակված ու անորոշ ձեւակերպումներ թույլ տվող թեզերն են, ու հայկական կողմը իր մոտեցումներում բացահայտորեն առաջնորդվել է ադրբեջանական շահերով ու գերկայություններով: Ակնհայտ է եւս մեկ պարզ իրողություն, որ եթե, այնուամենայնիվ, որեւէ փաստաթուղթ ստորագրվի, ապա հաջորդ օրն իսկ մենք կունենանք ՀՀ-ում 140 հազարից ավելի փախստականներ, որոնք տեղափոխվելու են ՀՀ, որպեսզի չցեղասպանվեն Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ կորցնելու ենք Սյունիքը:

– Հայաստանը չի ունեցել եւ չունի Ադրբեջանից տարածքային պահանջներ. այս ամրագրումը արված է գաղտնազերծված վեց կետերից երկրորդում: Էդմոն Մարուքյանը սա մեկնաբանում է՝ երկրորդելով Նիկոլ Փաշինյանին, որ ԱՊՀ համաձայնագիրը ստորագրելով, կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են «անկլավների»՝ վեց գյուղերի տեսքով, վերադարձի մասին, իսկ Հայաստանում տպավորություն է, որ այդ ամենն ապահովելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

– Գիտեք, այսօր աբսուրդը ինչում է, որ հայ հանրույթի ու հասարակության մի մասը գործող իշխանությունների առաջ փորձում է հիմնավորել, որ Արցախը որեւէ իրավական փաստաթղթով, անկլավները որեւէ հանգամանքի պարագայում չեն կարող ու չպետք է հայտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ: Իսկ գործող իշխանությունները ու նրանց մունետիկները ջանք ու եռանդ չեն խնայում ինչպես մեդիաներով, այնպես էլ հատկապես իրենց քայլերով, հակառակը անելու ուղղությամբ: Այն, ինչ ես նշեցի, ավելի շուտ, բնորոշ է պետական դավաճանության հրապարակային գործունեությանը ու իրավագիտության կարգավորման տիրույթի հարց է: Վերադառնալով բուն հարցադրմանը՝ նշեմ, որ գործող իշխանությունը ու նրանց արտախորհրդարանական մունետիկները բացահայտ մանիպուլյացիայի են ենթարկում ԱՊՀ-ի կամ այլ կառույցի ֆորմատում իբր պետությունների՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու թեզը: Դրա համար կարելի էր պարզ ու հասանելի գործողությունների դիմել, մի քիչ ավելի լավ տիրապետել պատմությանը եւ իրավական գործընթացներին: Արցախը ԽՍՀՄ իրավական գործիքակազմով Ադրբեջանի կազմից դուրս է եկել 1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ իրեն հռչակելով անկախ պետություն: Բոլոր հետագա գործողությունները իրավական առումով, որոնց արդյունքում Ադրբեջանը անկախացել է, կամ ՀՀ-ի հետ համատեղ անդամակցել է որեւէ կազմակերպության, հետեւաբար իբր փոխադարձ ամբողջականություն են ճանաչել, որեւէ կապ չեն ունեցել Արցախի հետ: Բազմաթիվ անգամներ ՀՀ-ի նախկին ղեկավարները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ինչո՞ւ են դա արել, քանի որ Ադրբեջան պետության անկախացման փուլում Արցախը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո իրավական, ինչպես նաեւ մասամբ փաստական առումով չի եղել: Գործող իշխանությունները շատ լավ են տեղեկացված այս ամենից, սակայն քանի որ լայն հանրությունը տեղյակ չէ, փորձում են մանիպուլացնել՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու իրենց մոտեցումը փաստարկել ու հանրության վրա վաճառել՝ հղում անելով ՀՀ-ի նախկին ղեկավարների քայլերին:

Ինչ վերաբերում է անկլավների թեմային, դեռ 2020թ. նոյեմբերի 9-ի հռչակագրի ժամանակ հայկական կողմը՝ ի դեմս վարչապետի, համաձայնություն տվել է անկլավները Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ: Ինչո՞ւ է թեման ձգձգվել ու մինչ հիմա չի հանձնվել, քանի որ դա կարող էր ծանր հետեւանք ունենալ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություն պահելու հանգամանքի վրա: Արձանագրենք, որ գործող իշխանությունն արդեն մի շարք նախապատրաստական աշխատանքներ իրականացրել է, ինչպես տեղերում տեխնիկական առումով, այնպես էլ հանրային մեդիա հոսքերի մեջ մանիպուլյացիաների առումով, որոնց նպատակը անկլավների հանձնումը լեգիտիմացնելն է:

– «Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»,- ասված է գաղտնազերծված 6 կետերից մեկում: Ինչի՞ մասին է այս կետը:

– Այս ձեւակերպումը շատ ընդհանրական, ոչ մի հստակություն չպարունակող, ավելի շատ դեկլարատիվ թեզեր պարունակող ձեւակերպում է: Օրինակ, անվտանգության երաշխիքների մասով դիրքորոշում չպարունակող, ինչպես նաեւ, հատկապես, կարգավիճակի այն կարմիր գիծը, որը կապված է Արցախի հայ ազգաբնակչության կենսական շահերի հետ, այս թեզում որեւէ կերպ ուրվագծված չէ: Այսինքն, ավելի շատ մանիպուլյատիվ, ընդհանրական, դիտարկում՝ հանուն դիտարկման, փիլիսոփայության ներքո թեզ է: Սա Ադրբեջանին բավական լայն մանեւրելու հնարավորություն է տալիս, որովհետեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո, այն մոտեցումները, որոնք Ալիեւը առաջարկում է, լիովին կարելի է տեղավորել հայկական կողմի հնչեցրած այս մոտեցման մեջ: Այսինքն, էլի գալիս ենք այն պարզ եւ, փաստորեն, արդեն հստակ ապացուցված փաստին, որ հայկական կողմի թեզերը, փաստացիորեն ածանցվում են Ալիեւի հնչեցրած թեզերից՝ որոշակի փոքրիկ սրբագրումներով եւ լրամշակումներով: Այսինքն, թե ոգին, թե հիմնական մոտեցումները, թե շահերը, թե Արցախի ապագայի եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումները լիովին կախված են եւ պայմանավորված են Ադրբեջանի ազգային շահերով:

– Տեսակետ եղավ, որ այդ կետերը փաստում են, որ Հայաստանը պատկերացում չունի, թե ի՞նչ է ցանկանում ընդգրկել խաղաղության պայմանագրի մեջ. կիսո՞ւմ եք այդ մոտեցումը:

– Պետք է հարցին առավել լայն նայել. այո, հայկական կողմը եւ, հատկապես, գործող վարչապետը, անհատապես մեկ խնդիր է ցանկանում լուծել. դա իր՝ իշխանության ամեն գնով մնալու խնդիրն է: Ունենք վիճակ, երբ մեր՝ գրեթե բոլոր հարեւաններն ու արտաքին գործընկերները, ՀՀ-ի հետ իրենց հարաբերություններում ստանում են ամեն բան, ինչ ցանկանում են: Այդ ցանկում առաջամարտիկ են Ադրբեջանը եւ Թուրքիան, ինչպես նաեւ օրինակ՝ ՌԴ-ն: Հայ-ռուսական վերջին ստորագրված համաձայնագիրը նշածիս վառ վկայությունն է: Ունենք վիճակ, երբ գործող իշխանությունն ունի պատկերացում, որ արտաքին բոլոր գործընկերների շահերը սպասարկելու պայմաններում, կարող է արտաքին կոնսենսուս ստեղծել, որ ՀՀ-ում իշխանություն փոխելու օրակարգ ի հայտ չգա: Բացառապես այս մոտեցման ապացույցը նրանում էր, որ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը բաց տեքստով հայտարարեց, որ գործող վարչապետը իրենց համար հարմար ֆիգուր է: Իսկ ի՞նչ է դա նշանակում. առնվազն այն, որ նրա որդեգրած մոտեցումները ԱՄՆ-ի համար ընդունելի են, այսինքն՝ Արցախի ու անկլավների փոխանցումը Ադրբեջանին, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, հակառուսական հռետորաբանությունը եւ քայլերը, Իրանի հետ անկում ապրող հարաբերությունները, համապատասխանում են Վաշինգտոնի շահերին:

– Արդեն 20 օրից ավելի Հայաստանում ներքաղաքական կյանքը անհանգիստ է. իշխանական շրջանակներում հեգնում են, թե ընդդիմությունը շուտով տուն կգնա, միաժամանակ, ոստիկանները վերջին օրերին ակնհայտ ագրեսիվ են սկսել գործել, ինչը, կարծես, ավելի է ամրացնում ընդդիմության դիրքերը: Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում մեր երկրում եւ երկրի շուրջ, աշխարհաքաղաքական կենտրոններից ի՞նչ ազդակներ են նկատելի՝ այդ իրադարձություններին եւ ի՞նչ հանգուցալուծումներ են հնարավոր:

– Ընդդիմադիրների փողոցային պայքարի մեկնարկը տրվեց, երբ գործող վարչապետը հայտարարեց, թե հակված է իջեցնել Արցախի հարցում նրա կարգավիճակի բանակցային նշաձողը, այլ կերպ ասած՝ Արցախը հանձնել Ադրբեջանին: Զանգվածային քաղաքական գործընթացները, որ այսօր տեղի են ունենում երկրում, հանրության արթնացման ու ապաթուրքաֆիկացման, Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնելու օրակարգ են սպասարկում: Դա, իհարկե, ներկա հանրային տրամադրությունների ու առկա քաղաքական ավտորիտարիզմի պայմաններում բարդ իրացնելի գործընթաց է, բայց ընդդիմադիր ուժերը գործնական քաղաքական պայքար են մղում՝ փորձելով հանրությանը կոնսոլիդացնել հայրենիքի փրկության կարեւոր ու պատասխանատու թեզի ներքո: Մեզանում կա կանխավարկած, որ այն, ինչ քաղաքական դաշտում տեղի է ունենում, այս կամ այն կերպով կապված է աշխարհաքաղաքական բեւեռների հետ: Դրա մեջ, իհարկե, կա ճշմարտության որոշակի տոկոս, բայց միշտ չէ, որ աշխարհաքաղաքական բեւեռները այստեղ քաղաքական առումով ակտիվ խաղում են, կամ միշտ չէ, որ ամեն խաղի տակ պետք է բեւեռներ տեսնել: Երբեմն գործընթացները ակտիվանում են, որոշակի թափ են հավաքում, նոր որոշակի բեւեռներ են կպնում գործընթացին՝ փորձելով հասկանալ, իրենց համար ներքին քաղաքական դասավորվածության առավել շահեկան վիճակը. հիմա, կարծում եմ, հենց այդ վիճակն է: Հանգուցալուծումները այս պայքարի պետք է լինի հստակ. կամ ՀՀ-ն կմնա որպես պետություն, կամ այն դառնա պատանդ երկիր՝ հարեւան պետությունների շահերի տիրույթում: Ընդդիմությունը դա լավ է հասկանում ու դա է պատճառը, որ առաջնորդվում է «կամ-կամ» սկզբունքով:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031