Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չենք գտնի գոնե մեկ դեպք, երբ իրեն պարկեշտ պահող պատգամավորի նկատմամբ լրագրողներն ինչ-որ անթույլատրելի բան են արել»․ «Առերեսում»

Մայիս 21,2022 22:00

Իրավապահ մարմինները բավական օպերատիվ արձագանքեցին ցուցարարների կողմից այս կամ այն իշխանամետ գործչի նկատմամբ վիրավորական վանկարկումներին՝ ձերբակալելով դրանք իրականացնողներին։ Սակայն նույն օպերատիվությունը չդրսեւորվեց, ասենք, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հարձակվեց լրագրողի եւ օպերատորի վրա։ Սա այն պարագայում, երբ լրագրողական կազմակերպություններն էլ հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով նրան ենթարկել պատասխանատվության։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ այդ հայտարարությունը ստորագրած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն արձագանքելով հարցադրմանը, թե ինչու անտեսվեց իրենց հորդորը ՝ ասաց․ «Իրականում մեծ հույսեր չեմ էլ կապում: Նույնիսկ եթե այդ քրեական գործը հարուցված լիներ՝ չեմ էլ ակնկալում, որ սեղմ ժամկետում կներգրավվեր որպես մեղադրյալ ու կենթարկվեր քրեական պատասխանատվության լրագրողի հանդեպ բռնություն կիրառած ու նրա օրինական գործունեությանը միջամտած պաշտոնյան։ Եվ մեր հայտարարության մեջ հատուկ ընդգծել էինք, որ թեեւ այսքան տարիների ընթացքում կարծես այդ միջադեպերը մշտապես ուղեկցում են քաղաքական լարված իրավիճակներին, բայց այդպես էլ հատկապես ոստիկանության եւ իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները չսովորեցին ճիշտ, բարեխիղճ հաղորդակցվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների հետ։ Եվ մյուս խնդիրն էլ այն է, որ ընդհանրապես նման գործերում անպատժելիությունը շարունակվում է նաեւ հետհեղափոխական Հայաստանում»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ապրիլի 12-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ լրագրողական կազմակերպություններից ակնկալելով հստակ գնահատական հետեւյալ միջադեպի վերաբերյալ․ «Լրագրողների աշխատանքային գոտում, «Հրապարակ» օրաթերթի կողմից որպես լրագրող հավատարմագրված Վահե Մակարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ»։ Սակայն լրագրողական կազմակերպությունները որեւէ կերպ չարձագանքեցին այս հայտարարությանը։ «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի պատճառաբանությունը մասնավորապես հետեւյալն էր․ «Եթե լրագրողներն առանձին դեպքերում ցուցաբերում են ոչ պատշաճ վարքագիծ՝ դա հիմնականում լինում է որպես պատասխան այն հայտարարություններին կամ գործողություններին, որոնք գալիս են քաղաքական վերնախավից՝ լինի դա ընդդիմություն, թե իշխանական շրջանակներ։ Եվ կարծում եմ՝ այն ագրեսիվությունը, որ կա որոշ պատգամավորների նկատմամբ՝ պայմանավորված է նաեւ նրանով, որ նման վարքագիծ իրենք են դրսեւորել լրագրողների նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններով եւ այլն։ Եվ եթե փորձենք մեկ առ մեկ ուսումնասիրել, թե ինչպես են լրագրողները վերաբերվում այս կամ այն պատգամավորին, ու բոլոր նախադեպերը, որոնք եղել են՝ մենք չենք գտնի գոնե մեկ դեպք, երբ իրեն պարկեշտ պահող պատգամավորի նկատմամբ լրագրողներն ինչ որ անթույլատրելի բան են արել»։

Ու թեեւ Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասել էր, թե «Ես չեմ տեսել պատգամավորների կողմից լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կամ սադրիչ բնույթի ինչ-որ գործողություններ, որպեսզի դրդեն լրագրողին խախտել գործող կանոնները»՝ հենց նրա գործընկերն էր, որ լրագրողներին անվանեց «վերբալ մարմնավաճառներ»։ Ու թե Արթուր Հովհաննիսյանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե անգամ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը յուրովի պաշտպանեցին այդ վիրավորանքը՝ իբր դա ոչ բոլոր լրագրողներին է վերաբերել, այլ անբարեխիղճներին։ Շուշան Դոյդոյանի համար այս բացատրությունը բավարար չէ․ «Ու պատահական չէ, որ նույն պատգամավորի մասին ենք խոսում։ Ինքն իրեն դիրքավորել է այդպես, որ սկանդալային է, որոշ դեպքերում նաեւ անցնում է պատգամավորի էթիկայի սահմանները»։ «Շատ դեպքերում դա գիտակցաբար է անում»,– լրացրեց Բորիս Նավասարդյանը։

Շուշան Դոյդոյանն ընդգծեց․«Մենք չունենք գոնե մեկ՝ եզակի դեպք, երբ պատգամավորի՝ էթիկական նորմերի խախտումն արժանացել է էթիկայի հանձնաժողովի քննությանը։ Այսինքն՝ քննարկվել է եւ որոշակի գնահատական տրվել հենց ներսից։ Մինչդեռ լրագրողական հանրությունը երբ որ այս կամ այն միջադեպի առիթով հայտարարություններ է անում՝ մենք մշտապես փորձում ենք անդրադառնալ նաեւ այդ հարցերին, թե որքանով են համայնքի ներկայացուցիչներն իրենց դրսեւորել լրագրողական էթիկայի շրջանակում»։ Բորիս Նավասարդյանը հավելեց․ «Մենք նույնիսկ քննադատության ենք ենթարկվում, որ նշում ենք անհրաժեշտությունը՝ լրագրողների, իրենց պահելու պրոֆեսիոնալ էթիկայի շրջանակներում»։

Ի դեպ, ԵՄԱ նախագահը ուշագրավ արձագանք տվեց, երբ քննարկում էինք այն փաստերը, որ վարչապետը ոչ խոսնակ ունի, ոչ էլ այլեւս բաց, ոչ խտրական մոտեցումով ընտրված ասուլիսներ է անցկացնում։ «Ինձ թվում է՝ ինքը գերադասում է այն իրավիճակները, որտեղ ինքը կարողանում է ըմբոշխնել սերը,– մասնավորապես ասաց պրն Նավասարդյանը։- Եվ 2018-ին, 2019–ի որոշ մասում այդ սերն ինքը զգում էր ու հաճույքով շփվում լրագրողների հետ։ Հիմա կան առավել լարված հարաբերություններ, կարող են լինել նաեւ անդուր հարցեր, եւ այդ շփումներից Նիկոլ Փաշինյանը խուսափում է, մանավանդ որ իր քննադատությունը, իր հարձակողական, ագրեսիվ ոճը դրսեւորելու համար ինքն այլ հարթակներ ունի, քան մամուլի ասուլիսները եւ հարցազրույցներն են»։

Լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ զրուցել ենք նաեւ մամուլին առնչվող օրենսդրական նախաձեռնությունների, ծանր վիրավորանքի քրեականացման եւ Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականների մասին։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031