«44-օրյա պատերազմից հետո հասարակության շատ լայն շրջանակներ, այդ թվում՝ շատ հարգված ինտելեկտուալներ, ակտիվորեն քննարկում, բարձրացնում էին հարցը ու նաեւ կասկածի տակ էին դնում, թե ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունն արդյոք ճիշտ ընտրություն էր։ Ու այս քննարկումները հասարակությունում շատ երկար շարունակվում էին, հիմա էլ կան։ Այդ մարդիկ ասում էին՝ արդյոք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանության մեր խնամքը, հարգանքն ու քաղաքականությունը մեզ անհավասար վիճակի մեջ չդրեցին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ավտորիտար մեր հարեւանի հետ պատերազմում եւ հարաբերություններում։ Եւ շատ հաճախ մարդիկ ժողովրդավարությունը համեմատում էին մի ծանր բեռի հետ, որը մեզ խանգարում էր ավելի արագ վազել կյանքի եւ մահվան մարաթոնում»,-այս մասին այսօր Երեւանում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նշված մարդիկ շատ գործնական օրինակներ են բերում, ասում են՝ օրինակ՝ երբ մենք հավասար զենքեր չենք օգտագործում, զենքեր այն իմաստով, որ միջոցների, կարծիքի, պատերազմի դեպքերի վերաբերյալ այլ կարծիքների բացարձակ արգելքը, կամ ինտերնետի, մեդիայի տոտալ վերահսկողությունը, սրանք գործիքներ էին, որոնք պատերազմի ժամանակ արդյոք արժեր այդ ժողովրդավարությանը։
«Ես կարծում եմ՝ անկախ ժամանակներից, պետություններից, իրադարձություններից ժողովրդավարությունը ընտրություն է եւ ժողովրդավարության այլընտրանքն չկա։ Ժողովրդավարություններում արդարադատության, արդարության պակասն է, որ շատ դեպքերում թուլացնում եւ դեֆորմացնում է ժողովրդավարական համակարգերը։ Պատերազմից հետո մենք շատ անհետ կորած անձանց, ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ընտանիքների օրինակով չենք կարող ասել, որ արդարությունը վերականգնվել է։
Այդ մարդիկ սպասում են արդարադատությանը։ Վերադարձած ռազմագերիների եւ նրանց ընտանիքների վերքերը դեռ պետք է բուժենք երկար ժամանակ։ Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները մինչեւ հիմա սգում են ու փնտրում մխիթարություն։ Իրենց տունն ու նորմալ կյանքը թողած տեղահանված մարդիկ փորձում են ինտեգրվել, գտնել ձեւեր, թե ինչպես լինել դիմակայուն։ Եւ նրանցից շատերը իրենց ներսում հույս ունեն վերադառնալ իրենց տները։ Այս խմբերի մարդկանց տրավման հաղթահարված չէ։ Ուրեմն մեր կոլեկտիվ տրավման էլ հաղթահարված չէ»,-ասաց Գրիգորյանը։
Նա ասաց, որ այս տրավման բերում է նոր մարտահրավերներ, դա ուղղակիորեն ուղղված է ժողովրդավարական գործընթացներին, մարդու իրավունքների նշանակությունը նվաստացնելուն։
Կարդացեք նաև
«Ծայրահեղ բեւեռացված հանրային խոսույթը, ատելության խոսքը շատ դեպքերում այդ կոլեկտիվ տրավմայի արտահայտումն ու ապացույցն է։ Այս տրավման մեր դեպքում շատ սադրիչ դաշտ է ստեղծում անգամ երբ խաղաղության մասին խոսակցություններին է գործը հանգում, այս տրավման սադրում է ատելության խոսքը»,-նշեց պաշտպանը։
Նրա խոսքով՝ մեր հասարակությունում կան իրավաբաններ, իրավապաշտպաններ, ովքեր հավատում են, եւ նրանք կոնկրետ քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբավող քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ․«Իրենք հավատում են, որ իրենք են ամենաճիշտ իրավապաշտպանները եւ նրանցից շատերը շատ բարձրաձայն ասում են, որ այդ կազմակերպություններն ու այդ արժեքներն են երկիրը տարել պատերազմի կամ տարել պարտության։ Այդ մարդիկ համարում են, որ իրավապաշտպանությունը հենց նման կազմակերպությունների գործունեությունն արգելելն է, եւ իրենք հավատում են, որ իրենք են ամենաճիշտ ազգային արժեքներով իրավապաշտպանները։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերում անգամ ԱԺ-ում կան որոշում կայացնողներ, պատգամավորներ, որոնք կարծում են, որ մարդու իրավունքների ունիվերսալության սկզբունքը այնքան էլ տեղին չէ։ Անգամ իմ ընտրության ընթացքում հանդիպել եմ նման հարցերի, ովքեր փորձում էին իրավունքների առավել կարեւոր եւ մարգինալ խմբերի տարանջատել։ Սա ուղղակիորեն խնդրահարույց է մարդու իրավունքների պաշտպանության առումով։
Բայց այո, Ժողովրդավարությունը այն է, որ բոլորի կարծիքները պետք է լսել, ժողովրդավարությունն այնպիսի միջավայր է, որ նրանց կարծիքները լսվեն, բայց ժողովրդավարության խաղի կանոններն են, որ այդ մարդիկ բերեն փաստեր։ Նման զարգացումներն ուղիղ բնորոշում են ժողովրդավարության դիմադրողականությունը։ Արդյոք կա այդ դիմադրողականությունը։ Ինչ է դա նշանակում՝ պետական կառավարման մարմինները, անկախ հաստատությունները, քաղհասարակությունը, պրոֆեսիոնալ եւ հաշվետու մեդիան, բոլորս պարտավոր ենք ամեն օր անհամաչափ ճնշումներից հեռու պահենք իրավապաշտպան կազմակերպություններին, կանանց, խոցելի խմբերին, ու մեր ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություններից, նաեւ դաշտ տրամադրենք բաց խոսակցությունների համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ