ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն այսօր Մատենադարան հասավ «Նիկոլ մարդասպան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումների ուղեկցությամբ: Մատենադարանում նախատեսված էր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ-ում գտնվող Լիտվայի նախագահի հանդիպումը: «Դիմադրության» շարժման մասնակիցները՝ չնայած տեղացող հորդ անձրեւին, բողոքի գործողություն էին անում Մատենադարանի շենքի մոտ. նրանք Ֆրանսիայի հրապարակից երթով եկել էին Մատենադարան՝ Նիկոլ Փաշինյանին «դիմավորելու» համար:
Մեծաթիվ ոստիկաններ՝ մի քանի շարքով պատ կազմած, փակել էին Մաշտոցի պողոտայից Մատենադարան տանող մուտքը:
Ինչեւէ, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Կորյունի փողոցից թեքվեց դեպի Մատենադարան, ցույցի մասնակիցները գունավոր ծուխ բաց թողեցին եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ մարդասպան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»:
Ավելի ուշ, ընդդիմադիր առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված ընդդիմության հանրահավաքը չի կայանալու՝ անձրեւի պատճառով: Ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակ են հրավիրում վաղը՝ մայիսի 20–ին, ժամը 18։00-ին։
Կարդացեք նաև
«Շատ կարեւոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը՝ Նիկոլ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։ Ձեր մասնակցությունը շատ կարեւոր է, մասնակցելով վաղվա հանրահավաքին դուք «ոչ» եք ասում էս կապիտուլյանտին, «ոչ» եք ասում երկիրը նոր զիջումների տանելուն, եւ ուղերձ եք հղում ամբողջ ժողովրդին, որ այս մարդը, ով ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին, այլեւս չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու, ՀՀ–ն ներկայացնելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ