Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Վիկտորին․ «Այն, ինչ ինձ հիմա անհանգստացնում է՝ ատելության խոսքն է Հայաստանում»

Մայիս 20,2022 18:33

ԵՄ դեսպանն ասում է՝ երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ՝ ես ցնցվում եմ, այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, եւ այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ, օրինակ՝Ազգային ժողովում

Ժողովրդավարությունը գործընթաց է, եւ այն պահանջում է չհանձնվել: Այս մասին այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Ես հստակ տեսնում եմ, որ շատ մարդիկ չեն հավանում իմ տեսանկյունը, բայց ես տեսնում եմ զգալի առաջընթաց Հայաստանում եւ զգալի հանձնառություն բարեփոխություն իրականացնելու։ Բնականաբար, կան խոչընդոտներ, թերություններ եւ մեզ անհրաժեշտ է բաց քննարկում, թե ինչ կարող ենք ավելի լավ անել եւ ամեն քայլում, ինչ անում ենք, պետք է ստանանք քաղհասարակության գնահատումը իրավիճակի եւ դա ներառել մեր առաջարկներում եւ մեր քաղաքականության մեջ։ Ես հիմա տեսնում եմ շատ աղտոտված իրավիճակ, տեսնում եմ մի իրավիճակ, որտեղ ինձ հետաքրքրում է, թե որտե՞ղ է Հայաստանի քաղաքացին, եւ կան շատ հարցեր, խնդիրներ, որոնք մենք պետք է հասցեավորենք միասին, եւ կրկին ես ասում եմ՝ ՄԱԿ-ը հիմքն է հանդիսանում, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Բայց գենդերային հավասարության, կանանց իրավունքների հարցում դեռեւս կա բարելավելու տեղ Հայաստանում։ Շատ կարեւոր է որոշակի դժվար հարցեր լուծել։ Օրինակ՝ ընտանեկան բռնությանն անդրադառնալ, մենք չպետք է դա անտեսենք, դա մի սկզբունք է, որի վրա պետք աշխատենք։ Դա նշանակում է, որ պետք է կանխարգելեք խտրականությունը, խարանումը խոցելի խմբերի համար, եւ ես կրկին խոսում եմ ԼԳԲՏ համայնքի մասին, այստեղ նրանք թիրախավորաված են որոշակի խմբերի կողմից եւ սա պետք է հասցեավորել, սա պետք է լուծվի եւ անվանում ստանա»,-ասաց դեսպանը։

Նա ասաց, որ շատ ոլորտներում կա լավ համագործակցություն, նշեց ՄԻՊ գրասենյակը․«Որովհետեւ սա պետք է լինի անկախ ինստիտուտ, սա կառավարության գործակալությունը չէ։ Երբ ես ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն էի (2007-2009 թվականներ, Ն․Բ․) այստեղ, պետք է պաշտպանեի ՄԻՊ-ին այդ ժամանակ, որովհետեւ նա ուզում էր Մարտի 1-ի հետաքննություն աներ, եւ մենք պետք է միասին այնտեղ կանգնեինք, դա շատ կարեւոր էր»։ Անդրեա Վիկտորինի կարծիքով՝ կարեւոր է այսպիսի դժվարին իրավիճակներում կառավարությունն ու քաղհասարակությունը փորձեն համալիր մոտեցում ցուցաբերեն, փորձեն միասին աշխատել, ոչ թե միմյանց դեմ, որովհետեւ այդ պարագայում չի կարող առաջընթաց գրանցվել։

«Այն, ինչ ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում։ Երբ լսում եմ որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ՝ ես ցնցվում եմ, այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է, եւ այն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ պետք է տիրեն բարեվարքության կանոններ։ Օրինակ՝Ազգային ժողովը։ Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն։ Ես տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք, եւ դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը եւ այնուհետեւ դա բարձրանում է մի մակարդակի, որտեղ ես ասում եմ՝ լավ, արդյոք ես ընդունում եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետեւ դա անցնում է կարմիր գիծը։ Երբ ինչ-որ մեկը մոտենում է ինձ եւ ասում, որ պետք է ինչ-որ բան անեք գենդերային հավասարության վերաբերյալ, պետք է աշխատեք կարիքավոր կանանց ուղղությամբ, ես ընդունում եմ դա, բայց չեմ կրկնի այն, ինչ ինձ ասվում է, բայց ես ասում եմ, շատ լավ, ես ազատ եմ պատասխանելու, որովհետեւ ես չեմ տեսնում այնպիսի բան, որը պետք է համարեմ քննադատություն, եւ դա մի բան է, որը հիմնարար կարեւորություն ունի։ Միայն եթե մենք բոլորս կարողանանք թե՛ միջազգային կազմակերպություններից, թե՛ կառավարության մարմիններից, թե՛ քաղհասարակություն կողմից գտնել պատշաճ միջոց մեր փաստարկները ներկայացնելու։ Կարեւոր է, որ լսենք միմյանց։ Գոռալը հեշտ է, բայց պետք է միմյանց լսենք, այնուհետեւ զարգանանք որպես միջազգային հանրություն, ՄԱԿ-ի ընտանիք, որպես ինստիտուտներ, որոնք գտնվում են Հայաստանում եւ տեսնել, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել։ ԵՄ-ն պատրաստակամ է, մենք ակտիվ ենք տարբեր բարեփոխումների ոլորտում»։

Դեսպանն ասաց, որ ԵՄ-ն բարձր է գնահատում, որ Հայաստանը ՍԵՊԱ-ն ընդունում է որպես բարեփոխումների հիմք․«Եթե ունեք պատերազմ, եթե ունեք տրավմատիզացված բնակչություն, պահանջվում է ժամանակ, եւ լավ կլինի մի փոքր հետ կանգնել եւ տեսնել՝ ինչի եք հասել եւ ինչպես կարող եք շարունակել գործընթացը, որովհետեւ այս դժվար միջավայրում շատ կարեւոր է առանց որեւէ միամտության հույս տալ մարդկանց։ Ուստի, իրապես բարեփոխումներ են պետք իրականացնել՝ տնտեսական, տարածաշրջանային, տարբեր ոլորտներում, եւ դա պետք է անենք միասին»։

Իր խոսքն ավարտելով, դեսպանն ասաց․«Խնդրում եմ, մի վիրավորեք մեզ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Կեղծ արժեքներ դավանող, որ թքած ունի տասնյակ հազարավոր տեղահանված Արցախցիների իրավունքների վրա, բայց խոսում է ԼԳԲՏ համայնքի իրավունքներից, հերիք է կեղծեք, ձեզ հետաքրքրողը միայն Բաքվի նավթն է, իսկ հայերի վրա թքած ունեք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031