Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ մրցակցություն՝  տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բոլոր բաժիններում (տեսանյութ)

Մայիս 20,2022 18:30

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը դիմորդների պակաս չունի․ բուհի չորս բաժիններում էլ  թեժ մրցակցություն է․ նախորդ տարվա 119 դիմորդի փոխարեն այս տարի բուհն ունի 160 դիմորդ։

Հաշվապահական հաշվառում և հարկում, ֆինանսներ, կառավարում,  շուկայագիտություն բաժիններից ամենամեծ մրցակցությունը ֆինանսներ բաժնում է։ Այստեղ ունեն 40 տեղ, սակայն 55 դիմորդ։ Կառավարում բաժնում էլ ունեն պետության կողմից սահմանված 40 տեղ, սակայն 48 դիմորդ։ Մյուս բաժիններում ևս դիմորդների թիվն ավելին է, քան սահմանված տեղերն են, ընդ որում շուկայագիտությունը երկու տարի է ՝ ինչ բացվել է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն Aravot․am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր համալսարանը վերջին չորս տարիներին դիմորդների աճ է արձանագրել, եթե 2018 թվականին մենք ընդունել ենք մարզի բոլոր շրջանավարտների 2,8 տոկոսը, ապա այս տարի անցել ենք 9 տոկոսը, մոտեցել ենք 10 տոկոսին։ Դա Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է վերջին տարիներին, իսկ այս տարի մենք  նախորդ տարվա համեմատ գրանցել ենք դիմորդների 37 տոկոս աճ․ 119-ի փոխարեն  ունենք  160 դիմորդ։ Ասեմ  նաև, որ մեր բուհը Հայաստանում միակն է, որի բոլոր մասնագիտությունների գծով դիմորդների թիվն ավելին է, քան պետության կողմից սահմանված տեղերն են»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ կարևոր հանգամանք է, որ բուհ ընդունվեն լավագույնները, այն պիտի լինի լավագույնների միջավայր, որտեղից դուրս եկած լավագույն շրջանավարտները երկիրը տանեն զարգացման լավագույն ուղիով։ «Միջակությունը միշտ նսեմացնում է մարդու կրթությունը և պրոֆեսիոնալիզմը, միայն մրցակցության պարագայում է, որ կարող ես լավագույնների միջավայր ձևավորել։ Եվ մենք այս իմաստով փորձում ենք լավագույնների միջավայր դառնալ, որպեսզի մեր շրջանավարտները մեր կարգախոսի համաձայն ավա8տեն ոչ թե որպես շրջանավարտներ, այլ ավարտեն որպես մասնագետներ»,-ասում է Կարեն Պետրոսյանը։

Նա նշում է, որ մասնագետների մեծ պահանջարկ կա, իսկ իրենց բուհը դեռ չավարտած՝  4-րդ կուրսում, դժվար է գտնել  ուսանողի, որը չի աշխատում։ Կարեն Պետրոսյանը նշում է, որ լավ վարձատրվող աշխատանք ունենալու համար բացի գիտելիքներից, պիտի ունենալ կարողություններ և հմտություններ, իսկ իրենք փորձում են այս ամենին հասնել բուհը միջազգայնացնելու ճանապարհով։

Ըստ նրա, իրենք մշակել են իրենց կառավարման մոդելը։ Կարեն Պետրոսյանի ասելով, իրենք փոխել են այն ընկալումները, որ բուհը դասախոսի համար աշխատանքի գնալու ու աշխատավարձ ստանալու, իսկ ուսանողի համար դասի գնալու ու վերջում դիպլոմ ստանալու տեղ է։  Նա պնդում է, որ դասախոսը պիտի ամեն օր աշխատանքի գալով՝ ուսանողին տա ոչ միայն գիտելիք, այլեւ կարողություն ու հմտություն, իսկ ուսանողն ամենօրյա ուսուցման միջոցով դառնա մասնագետ։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ իրենք մասնագիտություններ բացում են բացառապես ելնելով շուկայի պահանջներից,  այս տարի մագիստրատուրայում դարի մասնագիտությունն են ուսումնասիրելու, այն է՝  մարդկային ռեսուրսների կառավարումը։ Բուհի ղեկավարի խոսքով, այն կոլեկտիվներում  ընկալվում է զուտ որպես հրաման գրող,  կադրային գործի մասնագետ, որը ընդհանրապես կապ չունի այս ընկալման հետ։ «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը պատասխանատու է ամբողջ աշխատակազմի պրոֆեսիոնալ  թիմի ձևավորման և այդ թիմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման համար։ Իսկ մեր աշխատաշուկայում բիզնեսը կաղում է , որովհետև չունեն պրոֆեսիոնալ աշխատակազմ», -ասում է Կարեն Պետրոսյանը։

Խոսելով բուհ-գործատու համագործակցության մասին՝  նա նշում  է, որ իրենք ունեն երկու ծրագրեր՝ «Օգնական» և Օգնական պլյուս»․ ընտրում են լավագույն ուսանողների, ուղարկում են տարբեր կազմակերպություններ՝ պետական կառավարման համակարգում, բիզնեսում,  կնքում են հուշագրեր ու իրենց կադրերը դառնում են ղեկավարի օգնականներ՝  1 դրամ խորհրդանշական աշխատավարձով։ Երկու ամիս աշխատում են, ստանում առաջադրանքներ, մոտ 15 տոկոսը ավարտելուց հետո աշխատանքի առաջարկ է ստանում։ Իսկ «Օգնական պլյուս» ծրագրով կազմակերպությունն իր խնդիրն է սահմանում,  պատվեր են տալիս ուսանողական թիմին, թիմն էլ մենթորի հետ լուծում է գործատուի խնդիրը, անվճար ռեսուրս դառնում,  իսկ գործատուն այդ ընթացքում կողմնորոշվում է՝ որ մասնագետին կամ մասնագետներին կարող է վերցնել աշխատանքի։

Կարեն Պետրոսյանը նաև նշում է, որ փոխվել է այն ժամանակը, երբ իրենց բուհն ասոցացվում էր հարուստների համալսարանի հետ։ Իրենք  վարձավճարի զեղչի այնպիսի համակարգ են մշակել, որ սովորող ուսանողը վճարի վարձի կեսը։ Բոլոր այն ուսանողները, որոնք 18-ից ավել առաջադիմություն ունեն, կեսն են վճարում, իսկ բոլոր նրանք, որ 15-ից ավելի հասարակական ակտիվություն ունեն, վարձը զեղչվում է 30 տոկոսով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031