Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարզային տրանսպորտը բարեփոխվում է ու թանկանում (տեսանյութ)

Մայիս 20,2022 17:24

Ինչո՞ւ է թանկացել Երեւան-Չարենցավան տրանսպորտի ուղեվարձը: Այսօր այսպիսի հարց ուղղեցին լրագրողները ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանին: Նա «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացնում էր մարզային տրանսպորտային համակարգում իրականացվող բարեփոխումները:

Պարոն Սողոմոնյանն ի պատասխան ասաց, որ մրցութային գործընթացը կարգավորվում է իրավական ակտերով, օրենքներով ու որոշումներով, որտեղ հստակ նշված են մեխանիզմները որով առաջնորդվում են ընկերությունները եւ դրանից ելնելով՝ մրցույթին մասնակցող ընկերություններն իրենք են առաջարկում մեկ ուղեւորի համար փոխադրավարձը:  «Արդյունքները բացվում են մրցույթի ամփոփման ժամանակ եւ դա ընկերության իրավունքն է՝ առաջարկել երթուղու համար սահմանված ուղեվարձը»,-ասաց նա:

Ըստ Խաչիկ Սողոմոնյանի, տրանսպորտն այն եզակի ծառայություններից է, որի փոխադրման գինը վերջին տարիներին չի փոխվել. «Սակայն այսօր հասել ենք մի իրավիճակի, որ փոխադրողները կանգնում են խնդրի առաջ. բոլոր բաղադրիչները թանկացել են, սակայն ուղեվարձը նույնն է մնացել»:

Վարչության պետն ասաց, որ յուրաքանչյուր մարզի միջհամայնքային երթուղիները սպասարկելու է 1 ընկերություն: Այս փուլում իրականացվում են մարզերում միասնական օպերատորների ընտրության մրցույթներ: Նրա խոսքով, միասնական մեկ օպերատորով երթուղիները սպասարկելու նպատակն այն է, որ, եթե մի ուղղությունը շահութաբեր չէ, մյուսը՝ շահութաբեր է, կարողանան փոխհատուցել մյուս երթուղիների հաշվին. «Երբ հայտարարում են մրցույթներ, եւ այդ  հատվածներում ճանապարհները բարեկարգ չեն, ուղեւորահոսքը փոքր է,  մասնակցող ընկերություններ չենք ունենում: Երբ բողոքներ ենք ստանում, որ այս կամ այն համայնքում տրանսպորտ չի գործում, պայմանավորած է ոչ շահութաբերությամբ: Որեւէ մեկը չի ցանկանում ներդրում անել եւ մասնակցել»:

Այս պահի դրությամբ մրցույթներ են իրականացվել 3 մարզում՝ Կոտայքում, Արարատում, Արմավիրում: Խաչիկ Սողոմոնյանի ներկայացմամբ, Արմավիրում երկու մասով է անցկացվել՝ Վաղարշապատի տարածաշրջան ու Արմավիրի տարածաշրջան:

«Կոտայքի մարզում կա հաղթող ընկերություն՝ «Մուլտի տրանսպորտ», որն արդեն բերել է տրանսպորտային միջոցների մեծ մասը: Կոտայքում նախատեսված էր 150  տրանսպորտային միջոց, 110-ն այս պահին շահագործվում է, 40-ը ճանապարհին է: Վերլուծությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ներգրավելու՝ պայմանավորված ուղեւորահոսքի մեծացմամբ: Կոտայքում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումից հետո վերանայվել են ուղետոմսի գները: Մի շարք ուղղություններում թանկացում է գրանցվել»,-ասաց նա՝ նշելով, որ Արարատի մարզում եւս անցկացվել է մրցույթ, որտեղ եղել է հաղթող, սակայն արդյունքներն այս պահին  վիճարկվում են դատարանում, ինչը ենթադրում է, որ գործընթացը ժամանակավորապես կանգ է առել:

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում էլ անցկացված մրցույթում կա հաղթող ընկերություն, որը մասնակցել է երկու տարբերակով՝ փաստացի տրասնպորտային միջոցներով եւ այն պարտավորությամբ, որ պետք է բերեն տրանսպորտային նոր միջոցներ: Վարչության պետն ասաց, որ դրանք արդեն Հայաստանում են, առաջիկայում կարվի գնահատում՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին:

Իսկ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում մրցույթում հաղթող չէր ճանաչվել, այդ պրոցեսը եւս գտնվում է դատական փուլում: «Մասնակցող ընկերություններն ունեին խախտումներ, դրա համար հանձնաժողովը որոշել է հաղթող չճանաչել: Ընկերություններն էլ վիճարկել են հանձնաժողովի որոշումը»,-նշեց Խաչիկ Սողոմոնյանը:

Այլ համայնքներում էլ մրցույթների ընթացքը դադարեցվել էր՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված: Ասաց, որ այժմ այդ հարցի ուղղությամբ աշխատանք է տարվում, եւ առաջիկայում Արագածոտնի մարզում եւս կհայտարարվի մրցույթ: Ապա կհաջորդեն Շիրակի, Տավուշի մարզերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031