«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դատավորի հետ կապված գաղտնի փաստաթղթեր է ինձ ուղարկել՝ հերթական անգամ բացահայտելով կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Անունները չհրապարակելու դեպքում հուսով եմ ինձ պատասխանատվության չեն ենթարկի՝ այս տեղեկությունը հայտնելու համար»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումին ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ վեթինգը կա, շարունակվում է, բայց մեծ վեթինգի համար պետք են սահմանադրական բարեփոխումներ. «Դեսպան Թրեյսին էլ դա նշեց, որ մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը եւ չունենալ արդարադատության կոլապս: Այն իրական աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, մեր նախարարության ամենաարդյունավետ ու ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը պատկերացում չունի:
Մենք զբաղվում ենք նաեւ նոր դատարանների ստեղծմամբ, դատավորների ավելացմամբ, նրանց մասնագիտական պատրաստմամբ, դատավորների աշխատավարձի բարձրացմամբ: Մեզ համար ամենակարեւոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է: Սա լավագույն ճանապարհն է, որ մենք ունենանք անցնցում արդարադատություն: Ամեն դատավոր պետք է իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որը օբյեկտիվ է, դա իրենց կորպորատիվ ընկերները չեն, որը կա էթիկայի հանձնաժողովում: Դա մի մարմին է, որը առանց ճնշումների, առանց յուրային ու ոչ յուրային նայելու՝ հարուցում է կարգապահական վարույթներ: Ամեն դատավոր պետք է իմանա, որ երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արդարադատության նախարարը բերում են այդ կարգապահական վարույթները ԲԴԽ, այնտեղ լինելու է արդար որոշում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ