Մայիսի 12-ին Ժնեւի հանրահայտ Victoria Hall-ում կայացավ շքեղ գալա-համերգ` նվիրված 20-րդ դարի օպերային ամենանշանավոր երգչուհիներից մեկին` Մարիա Կալլասին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ճանաչված շվեյցարաբնակ օպերային երգչուհի, սոպրանո, Ժնեւի «Ավետիս» մշակութային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Վարդուհի Խաչատրյանը, այդ համերգին իր հետ միասին հանդես է եկել օպերային դիվա Անջելա Գեորգիուն: Համերգն անցել է լեփլեցուն դահլիճում, եղել են տեւական հոտնկայս ծափահարություններ:
Վարդուհի Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2023թ. աշխարհը նշելու է Կալլասի ծննդյան 100-ամյակը, եւ այս համերգը եւս այդ համատեսքտում էր: Նախատեսված է նույն ծրագրով շրջել աշխարհի տարբեր երկրներում: Victoria Hall-ում կայացած բացառիկ համերգին հնչել են Մարիա Կալլասի երգացանկի լավագույն արիաները` գրված մեցցո, լիրիկական, դրամատիկ եւ կոլորատուրային սոպրանոների համար:
Երգչուհիները հանդես են եկել իտալական Festival Puccini Torre del Lago նվագախմբի ընկերակցությամբ, որը ղեկավարում էր իտալացի դիրիժոր Կորադո Վալվոն: Այս համերգի կազմակերպիչն էր Ժնեւի «Ավետիս» մշակութային կազմակերպությունը, որը համագործակցում է աշխարհահռչակ եւ մեծանուն այնպիսի երաժիշտների հետ, որոնց թվում են` Մաքսիմ Վենգերովը, Միխայիլ Պլետնյովը, Խատիա Բունիաթիշվիլին, Էլինա Գարանչան, Մարթա Արգերիխը եւ այլք:
«Ավետիսը» Ժնեւում պարբերաբար ներկայացնում է նաեւ հայազգի ճանաչված երաժիշտների` Սերգեյ Խաչատրյան, Նարեկ Հախնազարյան, Բարսեղ Թումանյան, Հովհաննես Այվազյան, Շուշան եւ Աստղիկ Սիրանոսյաններ, Ջուլիետա Գալստյան, դիրիժորներ Վագ Պապյան եւ Հարություն Արզումանյան:
Կարդացեք նաև
Մարիա Կալլասին նվիրված համերգով «Ավետիսը» եզրափակեց 2021-2022թթ համերգաշրջանը, եւ այժմ պատրաստվում է 2022-2023թթ. համերգաշրջանին, որը նույնպես առատ կլինի բարձրարվեստ երաժշտական անակնկալներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վարդուհի Խաչատրյանը: