Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունը խաղաղ ցույց անցկացնելու, որը չի առաջացնում անկանոն ու քաոսային իրավիճակ ու չի խախտում մյուսների իրավունքները»

Մայիս 20,2022 15:51

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցում էր Հայաստանում Ժողովրդավարության հայկական ֆորումին: Հիշեցնենք, որ այդ ֆորումին մասնակցում են բացառապես իշխանությունը ներկայացնող պատգամավորներ, իսկ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել: Նա պանելային քննարկման ժամանակ նշեց, որ Հայաստանում հանրային ծառայությունում արժանիքների վրա հիմնված կոմպետենտ մարդկանց ներգրավելու անհրաժեշտություն կա: Նրա գնահատմամբ՝ վերջին 3-4 տարիների ընթացքում եղել է ընտրական բարեփոխում, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, աջակցել են լրագրողներին՝ հմտություններ ձեռք բերելու հարցում, կոռուպցիայի կանխարգելման հարցում են օգնել Հայաստանին, բայց ներդրումները պետք է շարունակվեն. «Այստեղ մեծ ուշադրության կարիք կա, մարտահրավերները հսկայական են: Արդարացի կլինի նշել, որ եթե բոլոր դատավորներին միանգամից հանեին, դա էլ մարտահրավեր կլիներ: Բայց սա էլ կարեւոր ուղղություն է ու անկախ բարեվարքը շատ կարեւոր է Հայաստանի դատական համակարգի հետագա առաջընթացի համար»:

Նա խոսեց ոստիկանության բարեփոխումների մասին. «Անցած տարի մեկնարկեց պարեկային ոստիկանությունը ու հետեւելով, թե ինչ է լինում հանրահավաքների, ցույցերի ընթացքում, պարզ է, որ կան մտահոգություններ: Տեսել ենք հաղորդումներ, տեսանյութեր՝ ուժի կիրառման վերաբերյալ, պետք է քննություն անցկացվի եւ հաշվետվողականություն լինի այս հարցերի շուրջ: Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այդ դրվագները հետաքննելու, քննություն իրականացնելու մոտեցում կա ու ցուցարարների խաղաղ ցույցերի իրավունքը հարգելու, նաեւ լրագրողների՝ միջոցառում անխաթար լուսաբանելու իրավունքը հարգելու խնդիրը կա: Ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունը խաղաղ ցույց անցկացնելու, որը չի առաջացնում անկանոն ու քաոսային իրավիճակ ու չի խախտում մյուսների իրավունքները: Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, քանի որ գիտեն, որ այդ ԱՄՆ-ն ներգրավված է, ասում են՝ սա՞ է ձեր ժողովրդավարությունը: Գիտեք, ո՛չ: Ժողովրդավարությունը իրերի կատարյալ վիճակ չի: Դա շարունակական մշտապես ընթացքի մեջ գտնվող գործընթաց ՝ հաշվետվողականություն ապահովելու, մարդանց իրավունքները պաշտպանելու: Դա միայն մի կտոր չի: Ուզում եմ նշել նրանց, ովքեր խոսում են ԱՄՆ-ի մասին, քննադատում են, մենք էլ ունենք մեր մարտահրավերները, մեր ոստիկանների վարքագիծը, պահվածքը եւս մի ուղղություն է, որտեղ մենք մշտապես խնդիրներ ենք ունենում ու ձգտում ենք բարելավել: Սա միայն Հայաստանին չէ բնորոշ: Մենք ավելին ունենք անելու մեր փոխգործակցության, աշխատանքի արդյունավետ իրականացման ուղղությամբ ու մեր ջանքերն ուղղելու նրանց, ովքեր խոցելի են, մարգինալացված են, նկատի ունեմ կանանց, հաշմանդամություն ունեցողներին, ԼԳԲՏ անձանց, բոլոր նրանց, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն: Ես լավատեսորեն եմ տրամադրված, ի հեճուկս բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են ՀՀ-ի առաջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031