Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ շարունակելու իր ժողովրդավարության ուղին, իր բարեփոխումների ուղին». Անդրեա Վիկտորին

Մայիս 20,2022 15:21

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այսօր ժողովրդավարության հայկական ֆորումին, որին, ի դեպ, թույլ չտրվեց մասնակցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, հայտարարեց, որ ժողովրդավարությունը միանգամից չի լինում, այն ամենօրյա գործողություն է. «Ժողովրդավարությունը մի միջավայր է, որտեղ բոլորը հավասար են, կարող են արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնն ունենալ որոշումների կայացման մեջ ու ապահովել, որ որոշում կայացնողները հաշվետու լինեն: Պետք է հասանելիություն ունենալ իշխանությանը, պետք է լինի իշխանության ճյուղերի տարանջատում, անկախ դատական համակարգ, ունենալ բազմակարծություն հասարակության մեջ, քաղաքական կուսակցություններում ու լրատվամիջոցներում, ունենալ հաշվետու ու թափանցիկ պետական ինստիտուտներ: Մենք գիտենք, որ սա միանգամից չի լինում: Այն ենթադրում է տեւական ջանք՝ առաջընթացի համար: Հիմա կան զգալի մարտահրավերներ, որոնք ազդում են ամբողջ աշխարհում ժողովրդավարության վրա: ՀՀ-ն նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսին կորոնավիրուսն է, 44-օրյա պատերազմը եւ ՌԴ-ի պատերազմի ազդեցությունը Ուկրաինայում: Այս մարտահրավերներն ունեն կարեւոր տնտեսական, սոցիալական եւ տնտեսական հետեւանքներ, որոնք դժվար է հաղթահարել՝ միեւնույն ժամանակ պաշտպանելով մարդու իրավունքների արտահայտումը:

Այնուամենայնիվ, մենք կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները՝ հաշվի առնելով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը եւ Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ ազատ, թափանցիկ, լավ կազմակերպված 2021-ի խորհրդարանական ընտրությունները՝ չնայած նախապատրաստման կարճ ժամկետին ու համաշխարհային առողջապահական ճգնաժամին: Ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ շարունակելու իր ժողովրդավարության ուղին, իր բարեփոխումների ուղին»:

Ըստ Անդրեա Վիկտորինի՝ այդ նպատակին հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է  անկախ, բազմակարծիք, վստահելի եւ պատասխանատու մեդիա ոլորտ. «Խոսքի ազատության իրավունքի ամրապնդումը, անկախ մեդիայի եւ պատասխանատու լրագրության զարգացումը խաղաղության եւ ժողովրդավարության կարեւորագույն նախադրյալներն են, որպեսզի ազդեցություն չկրենք ապատեղեկատվությունից: Հաջորդը, որ ՀՀ-ին անհրաժեշտ է, ակտիվ քաղհասարակությունն է՝ Հայաստանում քաղաքական վերափոխման հասնելու համար»:

ԵՄ դեսպանը խոսեց նաեւ խնդիրների մասին, մասնավորապես, արձանագրեց, որ վիրավորանքը քրեականացնող օրենքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ խոսքի ազատության իրավունքի վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031