Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ժողովրդավարության ֆորումին ապացույցներ է ներկայացնում, թե ինչու ինքը բռնապետ չէ. «Բռնապետության ձգտող երկրներում բանտերի թիվը շատանում է, մենք երկու ՔԿՀ ենք փակել»

Մայիս 20,2022 14:45

Այսօր ժողովրդավարության հայկական ֆորումին բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ այս ֆորումը ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին ու ճիշտ վերնագրի ներքո է անցկացվում. «Ես սովորաբար ասում եմ, որ ժողովրդավարությունը ՀՀ-ի միջազգային հայկական բրենդն է: Հղում եմ անում միջազգային զեկույցներին, բայց, քանի որ այդ զեկույցներին առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան այստեղ, ես հակառակ տեսանկյունից մոտենամ, այդ զեկույցները ոչ թե պատճառ են, այլ արդյունք են»: Ըստ նրա, ՀՀ-ում ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտը ՀՀ քաղաքացին է. «ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ»: Նա հորդորեց ներկաներին ծափահարել ՀՀ քաղաքացուն, ով ՀՀ-ում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է եւ անկյունաքարն է:

Փաշինյանը խոսեց խաղաղության օրակարգի մասին՝ ասելով, որ այն որդեգրել է կառավարությունը ու դրա մանդատն է տվել ՀՀ քաղաքացին: Վարչապետն ասաց, որ իրենց առաքելությունը կատարել են, բայց չեն ավարտել, ուստի հիմա շատ կարեւոր է ժողովրդավարություն ամրապնդելու համար ավարտեն իրենց առաքելությունը. «Ինչպես ՀՀ-ին բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ ՀՀ-ին կբերենք խաղաղություն, որովհետեւ կարծում եմ, մեկը առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Կարող եմ առնվազն  հպարտությամբ նշել, որ ՀՀ-ում կա քաղաքական իշխանություն, որը այս առաքելության շուրջ համախմբված է: Այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն ՀՀ-ի բոլոր ժողովրդավարական ուժերը»:

Նա ասաց, որ իրար աչքերի մեջ նայելով՝ պետք է վերլուծեն ՀՀ-ի վերջին 30 տարվա պատմությունը՝ անկեղծության, ազնվության մթնոլորտում: Հետո հայտարարեց, որ ինչքան էլ դրական խոսեն մեր ժողովրդավարության մասին, այնուամենայնիվ, այն «անամպ» չէ. «Մենք բախվում ենք երկու խումբ խնդիրների հետ: Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են բոլոր ժողովրդավարական երկրները, այն է՝ ժողովրդավարության օգտագործումը՝ ընդդեմ ժողովրդավարության: Այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները այս մարտահրավերի հետ առնչվում են, ժողովրդավարական սկզբունքները օգտագործվում են՝ ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Այս մարտահրավերը հաղթահարելու լավագույն ձեւը պետական ինստիտուտների ժողովրդավարացումն է՝ պրոֆեսիոնալության, թափանցիկության եւ հաշվետվողականության հիման վրա: Այսօր մեր մարտահրավերներից մեկը դատական համակարգն է»:

Նա ասաց, որ իրենց քննադատում են դրա համար, ընդ որում՝ տեղին, բայց իրենք պատրաստ են հետեւողական լինել. «2021-ի արդյունքներով ՀՀ-ն միջազգային զեկույցների մեջ ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն, սա կարեւորագույն փոփոխություն է, սա նշանակում է ՀՀ-ն երկրորդ լիգայից անցում է կատարել դեպի ժողովրդավարության բարձրագույն լիգա: Հաջորդը մամուլի ազատությունն է, որը 2018-ից ի վեր շատ մեծ առաջընթաց է կատարում»: Նա նշեց, որ քաղաքացիների մեդիագրագիտությունը պիտի բարձրացնեն, որ սուտ տեղեկատվությունը կարողանան տարբերել իրական տեղեկատվությունից, որպեսզի վարչական միջամտություններ չանեն. «Լրատվամիրջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը պիտի կայանա, որովհետեւ մարդիկ պիտի իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը եւ ինչ նպատակ դա կարող է ունենալ: Ընդ որում, խոսքը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության մասին է»:

Հաջորդը Փաշինյանը նշեց բանտային բնակչության խտության մասին. «2021-ի արդյունքներով ՀՀ-ն բանտային բնակչության խտության առումով զիջում է միայն մեկ եվրոպական երկրի՝ Մոնակոյի: Փորձ է արվում ձեզ ներկայացնել, թե ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասած քաղաքական թիմը փորձում է ՀՀ-ում հաստատել բռնապետություն, քաղաքական բռնաճնշումներ իրականացնել: Ես կարծում եմ բանտային բնակչության խտության ցուցանիշը իր մասին խոսում է, որովհետեւ բռնապետության  ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է եւ ոչ թե նոսրանում, բանտերի թիվը շատանում է, մենք երկու քրեակատարողական հիմնարկներ ենք փակել»:

Հետո Փաշինյանը սկսեց հումորներ անել, ասաց, որ այդ ՔԿՀ-ները փակել են, որովհետեւ իրենց պատկերացրած չափանիշներին չէին համապատասխանում, բայց այնպես չի, որ եղած ՔԿՀ-ները բոլորն այդ բարձր չափանիշներով են, պարզապես բոլորը փակել չեն կարող. «Ինչպես արդարադատության նախարարն է ձեւակերպում՝ խնդիր է դրել ՀՀ-ում ունենալ երազանքի քրեակատարողական հիմնարկ, տարօրինակ է հնչում, բայց բացահայտում է մեր մտքերի ընթացքը: Կեցցե հայկական ժողովրդավարությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031