Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Shame», «dictator». Ընդդիմադիր պատգամավորները «Արմենիա Մարիոթում» բունտ արեցին ու աղմուկ բարձրացրեցին. ՊՊԾ-ից սկսեցին քաշքշել ու հրել պատգամավորներին դուրս. ֆոտոշարք եւ տեսանյութ

Մայիս 20,2022 14:07

Ինչպես տեղեկացրել ենք, Դիմադրության շարժման մասնակիցները «Արմենիա մարիոթ» հյուրանոցի մոտ սուլոցներով, «ամոթ» վանկարկումներով դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մասնակցում է ժողովրդավարության հայկական համաժողովին: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին հաջողվեց ոստիկանության հետ բանակցելով՝ մտնել հյուրանոց: Նրանք «Ազատություն  քաղբանտարկյալներին» ցուցապաստառներով հասան մինչեւ այն սրահի մուտքի մոտ, որտեղ միջոցառումն էր, սակայն պետական պահպանության ծառայությունից թույլ չտվեցին մտնել ներս:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց, որ պատգամավորների տեղաշարժը սահմանափակելու իրավունք չունեն: ՊՊԾ աշխատակիցներն էլ ասացին. «Մեր պահպանման տարածքում մենք ենք որոշում պահպանման ռեժիմը»:

Հենց միջոցառման սրահի դուռը բացվեց, պատգամավորները սկսեցին փորձել մտնել՝ բղավելով «shame»՝ ամոթ, «dictator»՝ բռնապետ: Այսպես մոտ տասնյակ պատգամավորներով հյուրանոցի այդ հատվածում փոքրիկ բունտ արեցին ու աղմուկ բարձրացրեցին: Սկսեցին քաշքշել պատգամավորներին, հրմշտել: Պատգամավորները հայտարարեցին. «Սա՞ է իրական ժողովրդավարությունը, սա կոյուղային ժողովրդավարություն է»:

Աննա Գրիգորյանն էլ արձանագրեց. «ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել մի միջոցառմանը, որտեղ Freedom House-ն է»: Ագնեսա Խամոյանն էլ ասաց. «Սա է այն ժողովրդավարությունը, որը պաշտպանում է  ԱՄՆ դեսպանը, ԵՄ ներկայացուցիչը: Իրենք իրենց պահվածքով, երկակի ստանդարտներով ու լռությամբ քաջալերում են ու պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի իրականացրած բռնապետությունը»:

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը վիճում էր Աննա Մկրտչյանի հետ, ասում էր՝ վաղը եթե նրանք լինեն իշխանության, ինքը նրանց կպաշտպանի նույն կերպ, ինչպես եւ Փաշինյանին: Աննա Մկրտչյանն էլ ասում էր. «Ինձ պաշտպանելու կարիք չեք ունենա, որովհետեւ ես դավաճան Նիկոլ չեմ լինելու: Դուք գնացեք ու երկարացրեք Նիկոլի իշխանությունը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը ՊՊԾ պետին ցույց տվեց իր ցուցապաստառն ու ասաց. «Սա իմ ընկերն է, որը երկու պատերազմի է մասնակցել՝ Գոռը, հիմա քաղբանտարկյալ է»: Հետո ցույց տվեց իր շապիկի նկարը. «Սա իմ ընկերն է՝ Արշակը, որը զոհվել է Վարանգաթաղում՝ հայրենիքը պաշտպանելիս: Երկուսն էլ հայրենիք են պաշտպանել, մեկը զոհվել է, մեկը քաղբանտարկյալ է, ա՛յ, դրա համար ուզում եմ ներս գնամ, ընդամենը դա փոխանցեմ՝ որպես ԱԺ պատգամավոր: Ես ձեզ խնդրում եմ, որ ինձ թույլ տաք ես իմ մեսիջը փոխանցեմ, որ ե՛ւ միջազգային հանրության ներկայացուցիչները, ե՛ւ տեղի իշխանությունները, որոնց շատ կարճ է մնացել, իմանան այս պարզ ճշմարտությունը: Ես իմ խոսքն եմ ասելու՝ ձեր ներկայությամբ, ձեզ հետ միասին»: Հովհաննիսյանն իր կողմից այլ լուծում առաջարկեց. «Կարող եք նամակով փոխանցել կառավարությանը»: Ագնեսա Խամոյանը հարցրեց. «Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական վտա՞նգ է սպառնում մեր ներկայությունից: Բայց Փաշինյանը Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է հռչակել»:

Վարդեւանյանը զարմացած էր. «Կարելի է կին պատգամավորի ձեռից քաշե՞լ, մենք նման բան չենք հիշում, մենք նման բան չենք տեսել ախր: Չենք տեսել, որ հայրենասեր տղերք լինեն քաղբանտարկյալ: Այն տղեն, որը սահման է պահել, ո՞նց կարող է լինել քաղբանտարկյալ, սա է աբսուրդը»: Նրանք սկսեցին բղավել ու վանկարկել՝ «պայքար»:

Ներս այդպես էլ չմտան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031