Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալաշկերտի» մրցակիցը՝ Եվրագավաթի ֆինալիստ

Մայիս 20,2022 12:36

 Անցած տարի Եվրոլիգայի չորրորդ որակավորման փուլում Ալաշկերտին բաժին էր հասել իրենից անհամեմատ բարձր խաղամակարդակով Գլազգոյի «Ռեյնջերսը»։ Շոտլանդական ակումբը Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում պարտվել է շվեդական «Մալմյոյին» և հայտնվել Եվրոպա լիգայի փլեյ֊օֆֆ փուլում։

Հայաստանում ֆուտբոլասերները կանխատեսում էին «Ռեյնջերսի» վստահ հաղթանակը։ Սակայն շոտլանդացիների համար ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ։ Գլազգոյում 2021թ. օգոստոսի 19-ին «Ալաշկերտը» արժանի պայքար մղեց և զիջեց նվազագույն հաշվով։ Այն էլ, «Ռեյնջերսի» հեղինակած միակ գոլը վիճելի էր, շատ ֆուտբոլասերներ պնդում էին, որ շոտլանդական ակումբի հարձակվող Ալֆրեդո Մորելոսի խփած գոլը խաղից դուրս վիճակից էր։ Իսկ Երևանում «Ալաշկերտը» չհանձնվեց և մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը պայքարեց խմբային փուլ դուրս գալու համար։ Երևանյան հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղից։ Երևանյան ակումբը խաղի մնացած հատվածը անցկացրեց տասը ֆուտբոլիստներով և չնայած դրան՝ բազմաթիվ դժվարություններ ստեղծեց շոտլանդացիների համար։ Հանրապետական մարզադաշտում 2021թ. օգոստոսի 26-ին գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ ընդհանուր դիմակայության արդյունքում Ռեյնջերսը հայտնվեց Եվրոպա լիգայի խմբային փուլում։

Խմբային փուլում շոտլանդացիներին բաժին հասան դանիական «Բրոնդբյուն», Պրահայի «Սպարտան» և խմբի ֆավորիտը՝ Լիոնի «Օլիմպիկը»։ Ինչպես և սպասվում էր, ֆրանսիական «Օլիմպիկը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը խմբում, իսկ «Ռեյնջերսը» ընդամենը մեկ միավորի առավելություն ձեռք բերեց «Սպարտայի» նկատմամբ և երկրորդ հորիզոնականով անցավ Եվրոլիգայի փլեյ-օֆֆ փուլ։

1/16-երորդ փուլում «Ռեյնջերսին» բաժին հասավ անհամեմատ զորեղ Դորտմունդի «Բորուսիան»։ «Սիգնալ Իդունա Պարկում» շոտլանդացիները հնարավոր դարձրին անհնարինը։ 2-4 հաշվով «Ռեյնջերսը» հաղթեց տանտերերին, իսկ Շոտլանդիայում գրանցվեց 2-2 հաշիվ և «Ռեյնջերսը», չնայած հոռետեսական կանխատեսումներին, դուրս եկավ հաջորդ փուլ։

Դորտմունդի հետ համեմատած՝ 1/8-ում ավելի հարմար մրցակից բաժին հասավ Գլազգոյի թիմին։ Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ ընդհանուր դիմակայությունում «Ռեյնջերսը» առավելության հասավ 4-2 հաշվով։ Մեկ քառորդի առաջին խաղում շոտլանդական թիմը ուղևորվեց Պորտուգալիա և նվազագույն հաշվով պարտվեց «Բրագային»։ Սակայն պատասխան խաղում «Ռեյնջերսին» օգնեց սեփական երկրպագուների խելահեղ աջակցությունը. 3-1 հաշիվ Գլազգոյում, և նրանք կիսաեզրափակչում են։

Այս փուլում Բրոնկխորստի թիմին բաժին հասավ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ «Ռեդ Բուլ Լայպցիգը»։ Գերմանացիների հետ դիմակայությունում գրանցվեց նախորդ փուլի սցենարը՝ 1-0 հաշվով պարտություն արտագնա խաղում, 3-1՝ սեփական հարկի տակ։ ԵՎ շոտլանդական ակումբը բացառիկ հաջողություն է գրանցում։ «Ալաշկերտի» արգելքը դժվարությամբ հաղթահարած թիմը Եվրագավաթի եզրափակչում է։ Իսկ եզրափակչում շոտլանդացիների մրցակիցը դարձավ Ֆրանկֆուրտի «Այնթրախտը»։

Եզրափակչի մասնակիցները մեկ անգամ արդեն հանդիպել են Եվրագավաթի շրջանակներում, սակայն դա եղել է ավելի քան 60 տարի առաջ։ Այդ դիմակայությունում գերմանական ակումբը գերվստահ հաղթանակ է տարել՝ երկու խաղերում էլ խփելով վեցական գոլ։ «Ռեյնջերսը» իր եվրագավաթային միակ եզրափակչում գերմանական թիմի դեմ պարտություն է կրել 1967 թվականին, Գավաթների գավաթի շրջանակներում պարտվել է Մյունխենի «Բավարիային»։

Երկու օր առաջ՝ մայիսի 18-ին, Սևիլյայում դրամատիկ պայքար էր ընդանում։ Առաջին խաղակեսի գոլային երաշտից հետո երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլի հեղինակ դարձան և հիմնական ժամանակի ավարտին չկարողացան որոշել հաղթողին։ Հաշիվն անփոփոխ մնաց նաև ավելացված երկու խաղակեսերին, և սկսվեց դիմակայության վճռորոշ փուլը՝ 11 մետրանոց հարվածաշարը։ Առաջին 3 մոտեցումներն էլ երկու թիմերի ֆուտբոլիստներն անվրեպ իրացրին։ Խաղի ելքը վճռեց Քեվին Թրապի սեյվը։ «Ռեյնջերսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի հարվածը հետ մղեց դարպասապահը, և այդ վրիպումը ճակատագրական դարձավ «Ռեյնջերսի» համար։ «Այնթրախտը» նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը։

«Այնթրախտը» վերջին անգամ Եվրագավաթ էր հաղթել մոտ 42 տարի առաջ։ Գերմանական ակումբի համար սա նշանակալի ձեռքբերում է։ Այսպիսով, ֆրանկֆուրտյան ակումբը ոչ միայն հաջողության հասավ գավաթը հաղթելով, այլ նաև նվաճեց Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր։ Հաջորդ տարի գլխավոր Եվրագավաթում գերմանական ֆուտբոլը ներկայացնելու է միանգամից հինգ ակումբ։ Սա նույնպես բացառիկ իրադարձություն է գերմանական ֆուտբոլի համար։

«Ռեյնջերսում» մոտիվացիայի պակաս չկար. շոտլանդական թիմի պաշտպան Լեոն Բալոգունը նախկինում հանդես է եկել «Մայնցի» կազմում, իսկ «Մայնցն» ու «Այնթրախտը» սկզբունքային մրցակիցներ են համարվում։ Բալոգունը նշել էր, որ բաց չի թողնի հնարավորությունը՝ տխրեցնել նախկին մրցակիցներին։

«Ռամոն Սանչես Պիսխուանը», որտեղ տեղի է ունեցել եզրափակիչը՝ հաջողակ մարզադաշտ չէ «Ռեյնջերսի» համար։ Շոտլանդացիները առաջին անգամ այս մարզադաշտում խաղացել են հեռավոր 1961/62 մրցաշրջանում և Գավաթների գավաթի շրջանակում պարտվել են տեղի «Սևիլյային» 2-0 հաշվով։ Երկրորդ արտագնա հաղթանակը անդալուզցիները «Ռեյնջերսի» նկատմամբ տարել են Չեմպիոնների լիգայի 2009/10 մրցաշրջանի խմբային փուլում։

Իսկ շոտլանդական ակումբը եզրափակիչ հասնելով՝ արդեն իսկ արդարացրել է երկրպագուների սպասումները։ «Ռեյնջերսը» բացառառիկ կամային հատկանիշների շնորհիվ է այսպիսի հաջողությունների հասել։ Դեռ 2012 թվականին շոտլանդական ակումբը սնանկացել էր և նահանջել Շոտլանդիայի երրորդ դիվիզիոն։ Աստիճանաբար բարձրանալով ազգային առաջնություններում՝ վերականգնել է իր անունն ու փառքը։

Ազգային առաջնությունում «Ռեյնջերսը» գրավել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով «Սելթիկին» չորս միավորի տարբերությամբ։ Երկրորդ հորիզոնականը Գլազգոն ներկայացնող թիմին թույլ է տալիս միայն պայքարը սկսել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից։

Սևիլյայում տեղի ունեցածը արդեն պատմություն է։ Թե՛ «Ռեյնջերսը», և թե՛ «Այնթրախտը» դժվարին ուղի են անցել մինչ եզրափակիչ հասնելը և հաղթել են իրենցից անհամեմատ հզոր ակումբների։ Նրանք հպարտանալու առիթ ունեն։ Իսկ ուժեղագույնը որոշվեց խաղադաշտում։ Խաղի դիտարժանության մասին վկայում է նաև այն փաստը, որ Սևիլյա էր մեկնել շուրջ 100 000 «Այնթրախտի» և 80 000 «Ռեյնջերսի» երկրպագու։

 

Լեւոն Կիրակոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031