Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժումն այսօր Ֆրանսիայի հրապարակից քայլեց դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահական նստավայր։ «Լիտվայի նախագահին ասելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից մանդատ չունի բանակցել Արցախի եւ ՀՀ-ի մասին»,-բարձրախոսով հայտարարում են երթի մասնակիցները։ Հիշեցնենք, որ երկօրյա պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից արդեն իսկ մեծ թվով ոստիկաններ ուղեկցեցին երթը՝ «պատ» կազմած թույլ չտալով, որպեսզի երթի մասնակիցները չմոտենան նախագահական նստավայրի մայթին։
Նստավայրի դարպասները բաց էին, նախագահ Վահագն Խաչատրյանը դռների դիմաց սպասում էր՝ Լիտվայի գործընկերոջն ընդունելու։ Ցուցարարները Լիտվայի նախագահի շարասյանը դիմավորեցին «Նիկոլ՝ դավաճան», «ամոթ» վանկարկումներով։ Դիմավորումից հետո նախագահականի դարպասները փակվեցին։ «Այս պահին դուք բանակցում եք մի անձի հետ, որը չի ներկայացնում ՀՀ ժողովրդի շահերը։ Լիտվայի նախագահի միջոցով Եվրոպային ասում ենք, որ Նիկոլը մանդատ չունի Արցախի համար բանակցելու»,-դիմելով Լիտվայի նախագահին՝ բղավում էին ցուցարարները։
«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք ամեն մեկիցդ, որովհետեւ յուրաքանչյուրդ այստեղ կանգնած՝ մի քանի հազար հայի կարծիք եք ասում։ Լիտվայի նախագահի պատվիրակության միջոցով փաստեցինք, որ դավաճան Նիկոլը չունի մանդատ՝ Արցախի հարցով բանակցելու»,-հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ հավելեց, որ այժմ գնալու են «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ սպասվում է Փաշինյանի մասնակցությամբ ժողովրդավարության հայկական համաժողովը։
Կարդացեք նաև
«Գնալու ենք ասելու, որ ՀՀ-ում խոսքի ազատությունը ոտնահարված է, չկա քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունքները ոտնահարված են»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ