Վերջին մի քանի օրերին ակնհայտ դարձավ, որ տարածաշրջանում առանցքային դեր խաղացող երկու գերտերությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, սատարում են Հայաստանի ներկայիս իշխանությանը: Նախ՝ Պուտինը Լուկաշենկոյի շուրթերով բողոքեց Հայաստանում անցկացվող ցույցերի դեմ. «Ես դեռ հունվարին եմ զգուշացրել, որ որոշակի արտաքին ուժերի նպատակն է ողջ հետսովետական տարածաշրջանում կայունության եւ զարգացման խաթարումը։ Սկսեցին Բելառուսից, հետո անցան Ղազախստանին, հիմա հերթը ՌԴ-ինն է, եւ, ինչպես տեսնում եք, ՀՀ-ում էլ են խնդիրներ ստեղծում»: Իսկ այնուհետեւ Բելառուսի նախագահի ակնարկած «որոշակի ուժերի» ներկայացուցիչը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, հայտարարեց, որ իր երկիրը սատարում է Հայաստանի ժողովրդի՝ 2018 եւ 2021 թվականների ընտրությանը, որով ժողովուրդը, դեսպանի կարծիքով, իր հավատարմությունն է հայտնել ժողովրդավարությունը: Եթե շարունակենք այդ տրամաբանական շղթան, ապա այդ ժողովրդավարության մարմնավորումը Փաշինյանի իշխանությունն է: Այսինքն՝ ըստ Լուկաշենկոյի (Պուտինի), ցուցարարները վատն են, որովհետեւ խնդիրներ են ստեղծում «որոշակի արտաքին ուժերի» դրդմամբ, իսկ ԱՄՆ ներկայացուցչի ասածից կարելի է եզրակացնել, որ ցուցարարները վատն են, որովհետեւ խոչընդոտում են 2018 եւ 2021 թվականների՝ մեր քաղաքացիների ժողովրդավարական ընտրությանը եւ, հետեւաբար, ժողովրդավար չեն:
Մի խոսքով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, աշխարհաքաղաքական բոլոր խնդիրներում հակադիր դիրքերում լինելով, Փաշինյանին սատարելու հարցում իրար հետ համամիտ են: Պարզ է, որ գերտերություններն աջակցում են այս կամ այն իշխանությանը ոչ այն պատճառով, որ տվյալ երկիրը գնում է կամ չի գնում ժողովրդավարության ճանապարհով: Գերտերությունները, ինչպես նաեւ բոլոր մնացած նորմալ պետությունները, առաջնորդվում են իրենց շահերով: Տվյալ դեպքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մտավախություն ունեն, որ իշխանափոխության պարագայում տարածաշրջանում նոր՝ ավելի դաժան պատերազմ է բռնկվելու, ինչն իրենց շահերից չի բխում: (Ճիշտ է, դեռ հարց է, արդյո՞ք նույնը տեղի չի ունենա, եթե ներկայիս վարչապետը պահպանի իր աթոռը):
Բայց ինձ նաեւ մեկ այլ հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք 2018 եւ 2021 թվականներին Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը: Արդյո՞ք 1933 թվականին գերմանացի ժողովուրդը, խորհրդարանական ընտրություններում ձայն տալով նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը, ցանկանում էր, որ Գերմանիայում ժողովրդավարություն հաստատվի: Ակնհայտ է, որ՝ ոչ: Գերմանացիներն ուզում էին «վրեժխնդիր» լինել Առաջին աշխարհամարտում ստորացուցիչ պարտության համար, ուզում էին պատժել այդ պարտության գլխավոր «մեղավորներին»՝ հրեաներին: Բնականաբար, ռեժիմների մեջ համեմատության ոչ մի եզր չկա: Խոսքը քաղաքացիների մեծամասնության մոտիվացիայի մասին է: Հայաստանում հիշյալ ընտրությունների ժամանակ այդ մեծամասնությունը ղեկավարվում էր ոչ թե ժողովրդավարության մասին տեսլականներով, այլ՝ իրեն ստորացրած, իրեն կեղեքած, իր համար ատելի իշխանությունից վրեժ լուծելու կրքով: Մի խոսքով՝ ղեկավարվում էր ատելությամբ եւ թշնամանքով, որոնք ժողովրդավարության հետ, իմ կարծիքով, անհամատեղելի են:
Ժողովրդավարությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին այլընտրանքային կարծիքի հանդեպ հանդուրժողականություն է: Երբ «ժողովրդավարները» կոչ են անում ոստիկաններին՝ «լխկել» ցուցարարներին, ես կասկածի տակ եմ դնում նրանց ժողովրդավար լինելու հանգամանքը:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան
“Տվյալ դեպքում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մտավախություն ունեն, որ իշխանափոխության պարագայում տարածաշրջանում նոր՝ ավելի դաժան պատերազմ է բռնկվելու, ինչն իրենց շահերից չի բխում.”
Կամա՞յ կամ ակամայ վրիպում է. ՌԴ մասին չեմ գիտեր, բայց ԱՄՆի Փաշինյանի զօրակցիլը ոչ մի կապ չունի պատերազմի հետ, այլ հայ թրքական նախապայմաններով լի մերձեցման. չեմ կարծեր որ այս տողերը գրելէ առաջ չկարդացիք ԱՄՆի եւ Թուրքիոյ ԱԳ նախարար երկու զրույցը։