Մինչ արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի եւ Պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին, քննչական կոմիտեում իրականացված նախաքննությունն է վիճարկում մրցույթի մասնակցած քաղաքացին:
2021թ. հուլիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, երրորդ դասի խորհրդական Ռ.Հարությունյանի որոշմամբ, Սեմյոն Բաբայանը ճանաչվել է տուժող: Իհարկե, քննիչը այդ որոշման մեջ սխալ է գրել տուժողի անունը՝ Սեմյան:
Ս. Բաբայանը մարտի 17-ին մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից փաստաթղթավարի քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթին եւ ըստ նրա՝ մրցույթի ընթացքում իր համակարգչից ջնջվել կամ ոչնչացվել է թվով 12 պատասխան, որից 10-ը՝ կոմպետենցիաներից, իսկ 2-ը՝ մասնագիտական հարցերից:
Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ հուլիսի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է հուլիսի 30-ին նախաքննության:
Կարդացեք նաև
Սեմյոն Բաբայանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իր գործով որեւէ առաջընթաց չկա: Ուստի նա դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քարամյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, բարձրաձայնել մրցույթների կազմակերպման ընթացքում անձնական տվյալների գործարկման ժամանակ արտաքին միջամտության գործոնի հարցը:
Մրցույթին «մասնակցել է» լսարանում դրված մի համակարգիչ, որը ըստ Կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գրիգորյանի, նախաքննության ընթացքում առգրավվել է՝ դատահամակարգչատեխնիկական փորձաքննության նշանակվելու համար. «Մինչ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության Երեւան քաղաքի Տերյան 89 հասցեում գտնվող գրասենյակից համակարգչի առգրավումը, որպես վկա հարցաքննվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի` ՔԾԳ համալրման եւ կատարելագործման վարչության պետ Կարինե Գրիգորյանը, ով իր ցուցմունքով հաստատել է, որ համակարգիչները, որոնց միջոցով քաղաքացիները մասնակցել են կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի փաստաթղթավարի քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթին, 2021թ. մարտի 17-ից դիրքային որեւէ փոփոխության չեն ենթարկվել: Նշված համակարգիչը 2021թ. մարտի 17-ից արտաքին հասանելություն չի եղել»:
«Արդյո՞ք բռնագրավված համակարգիչը համեմատվել է գործերի կառավարչությունում առկա մատյանի հետ, ինչպես նաեւ համեմատվել է ՔԾԳ-ում առկա այլ համակարգիչների հնարավորությունների հետ: Դա հնարավորություն կտար բացառել կեղծիքը»,-նախաքննությունից մինչ օրս հարցնում է Ս. Բաբայանը: Նախաքննության ժամանակ, փորձաքննությանը չի մասնակցել տուժող կողմն իր մասնագետի հետ:
«Ինչպես երեւում է փորձաքննության ենթարկված ծավալից, կատարվել են ոչ առաջնահերթ գործողություններ, սակայն չի կատարվել առավել կարեւորը՝ համակարգչի պիտանիության, եւ օրվա տեսաձայնագրությունների առգրավվում»,-ասում է նա: Ավելին, տուժողի համար չփարատված կասկած կա, թե արդյոք համակարգիչը գտնվո՞ւմ է ՔԾԳ-ի բալանսում, ո՞վ է պատասխանատու, որ դա այդպես է, ե՞րբ է ստացվել համակարգիչը՝ մրցույթին «ներգրավվելու» համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության 10.12.2021-ին գրության համաձայն, «թեստավորման ձայնագրությունները չեն պահպանվել, քանի որ գրասենյակում շահագործվող տեսաձայնագրվող սարքում առկա հիշողության ծավալը բավարար է իր մեջ պահպանելու մինչեւ մեկ ամսվա վաղեմության տեսաձայնագրությունները»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2022