Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում». Արփինե Սարգսյան

Մայիս 20,2022 13:30

Ըստ արդարադատության փոխնախարարի՝ նախագծով նախատեսվում է, որ այլեւս չեն լինելու խորհրդային տարիներից եկած, արհեստականորեն բաժանված ուղղիչ հիմնարկների տեսակները: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին, որով սահմանվում է, որ չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ եւ բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի եւ բարձր ռիսկայնության անվտանգության գոտի: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց. «Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կրման անհատականացված պլանավորում»: Նշվեց, որ կարանտինային բաժանմունքից սկսած՝ դատապարտյալի հետ զբաղվող աշխատանքներում ներգրավվելու է վերասոցիալականացման հանձնաժողով:

«Դատապարտյալի համար պետք է պարզ լինի, թե քրեակատարողական հիմնարկն իր վրա ինչպիսի ներգործություն պետք է ունենա, որպեսզի արդյունքում չունենանք կրկնահանցագործության ռիսկեր»,- ասաց փոխնախարարը: Ըստ նրա, եթե անձը 5 տարի ժամկետով է պատիժը կրելու քրեակատարողական հիմնարկում, պետք է հստակեցվի, թե 5 տարվա ընթացքում նախնական պլանավորմամբ ինչպիսի աշխատանք է հիմնարկը նրա հետ կատարում, ինչպիսի ռեսուրս է պետք ներդրվի դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքներում:

Ինչ վերաբերում է անհատական պլանավորման գաղափարին՝ նա ասաց. «Եթե, ենթադրենք, պատժի կրման շրջանակում անձը լավ վարքագիծ է դրսեւորում, անհատական մակարդակով այդ լավ վարքագիծը հաշվի առնելով՝ նրա իրավունքների ծավալը շատ ավելի մեծ է լինում, քան այն դատապարտյալների մոտ, որոնք, օրինակ, դրսեւորում են բացասական վարքագիծ»: Ըստ փոխնախարարի՝ նոր նախագծով «ուղղիչ հիմնարկ» եզրույթը չի օգտագործվելու: Օրենսգրքով հստակ սահմանված է բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող երաշխիքները դատապարտյալի համար: Առանձին կետով նաեւ անդրադարձ է կատարվում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսեւորումների դեպքերի արձանագրմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031