Սլավիկ Միքայելյանի մանկավարժական, մարզական-մարզչական (ԽՍՀՄ սպորտի վարպետ է) եւ հասարակական անդուլ գործունեությունը բնութագրվում են մարզական ու հանրակրթական դպրոցներում փոխտնօրեն եւ տնօրեն աշխատած 40 տարիների վաստակով, մի շարք մեդալներով ու պարգեւներով: Նրա կենսագրության հետաքրքրական ու ստեղծագործական կարելիությունների մի հատվածն էլ ընթերցողների դատին հանձնված գրքերն են: «Էջեր իմ կյանքից» (Երեւան, «Գեւորգ-Հրայր» ՍՊԸ, 2014թ.) անդրանիկ գիրքը նվիրված է իր տոհմի ու գերդաստանի պատմությանը, հարազատներին, ազգային արժեքներին ու սովորույթներին, հեղինակի հուշային վերապրումներին:
Նորերս լույս տեսած «Ներքին Հոռաթաղի նվիրյալները» բազմապատում ժողովածուն (Երեւան, «Սպիկա» հրատարակչության տպարան, 2022թ.) թեմատիկ առումով, ժանրային նկարագրով բազմաշերտ ու բազմաեզր է եւ արտացոլում է Արցախյան առաջին հերոսամարտին (1991-1994թթ.) ներքինհոռաթաղցիների ինքնապաշտպանական ջոկատի կազմավորման, զինավառ տղաների մաքառումների, ոգու զորընդեղության, համախմբվածության, ազատաբաղձ պայքարի դրվագներին: Հեղինակը համառոտակի անդրադառնում է նաեւ Արցախի հիմնախնդրին, 1988թ. ազգային ազատագրական հուժկու շարժմանը, հայրենի գյուղի պատմությանը, հանդամասերին, աղբյուրներին, եկեղեցուն, սրբավայրերին, ջոկատային տղաների «կենտրոնական շտաբ», «Պուշկեն Յալ»-ին:
Հայրենի գյուղի համապարփակ կենսագրությունը ամբողջական դարձնելու նպատակով Սլավիկ Միքայելյանը ներկայացրել է ընդարձակ մի ցուցակ՝ դպրոցի տնօրենների, կոլտնտեսության վարչության եւ գյուղխորհրդի նախագահների, Ներքին Հոռաթաղում ծնված, բարձրագույն կրթությամբ հասարակական-քաղաքական գործիչների ու պաշտոնյաների անուններով եւ դաշնակցական Միրզանց տղաների հայրենազգաց պատումը:
Համայնքապատումի տարեցուցային-օրացուցային հղումները (այսինչ թվականի, այսինչ ամսվա այս օրը), հարուստ ու ոգեշունչ պատումները, փաստական հարուստ տվյալները այն հենասյուներն են, որոնցով հեղինակը ի մի է բերում պատերազմական ճակատի եւ թիկունքի համագործակցության, ջոկատայինների աննկուն կամքի, հարեւան գյուղերին օգնության ձեռք մեկնելու, վճռական պայքարի եւ հաղթական հավատի հոգեբարոյական եզրագծերը: Իսկ դա ամենից առաջ նշանակում է՝ մաքառումների եւ կազմակերպված գործողությունների մի լայնածավալ շղթա. զենքի ու զինամթերքի հայթայթում, սննդի, վառելիքի, հագուստի ապահովում, տեղափոխում՝ այն էլ հակասական, քաղաքական-գաղափարական հզոր ճնշումների, կենաց-մահու պայմաններում, օրհասական ժամանակաշրջանում: Երկրորդ կարեւորագույն խնդիրը վերաբերում է մեծ ջանքերի գնով ձեռք բերված «մթերքը» ճիշտ ու արդարացի բաշխելուն, տղաներին զենքի տարբեր տեսակներին, մարտարվեստի կանոններին ու տակտիկական նրբություններին տիրապետելու գիտելիքների ուսուցմանը, կարգապահությանը եւ ընթացակարգում ծագած այլ եւ այլ հարցերի…
Այս համապատկերում, ինչպես դա երեւում է գրքի հերթական էջերից, անգնահատելի են Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ տեղաբնակ ու արտերկրներում բնակվող ներքինհոռաթաղցիների նյութական ու բարոյական մեծ աջակցությունն ու զորակցությունը:
«Ներքին Հոռաթաղի նվիրյալները» գրքի առանցքային թեման, լեյտմոտիվը, այնուհանդերձ, «Հավերժի ճամփորդներ» եւ «Այսօր էլ՝ մեր կողքին» ենթախորագրերի ներքո տպագրված պատումներն են՝ մեկ զրույցի, ընկերոջ պատմածի, մարտերի մասնակցի կամ հեղինակային միջամտության, վերհուշերի մեկնաբանությունների տեսքով: Հոռաթաղցիների նորաստեղծ ջոկատը կեցվածքով, վրիժառությամբ առավելապես, մարտական բնույթ ուներ, եւ բնական է, որ նրա առանցքային խնդիրը, առաջին քայլը հրամանատարական կազմի ընտրությունը պետք է լիներ: Եվ ինքնապաշտպանական ջոկատի կազմակերպչական գործընթացների նախաձեռնողներից Բոգդան Քարամյանը առաջիններից մեկն էր, որ իր շուրջը համախմբեց եւ ուղղորդեց Արցախի պաշտպանությանը զինվորագրված երիտասարդներին:
Ահա այս աստիճանական տրամաբանությամբ, հայր Տեր-Թադեւոսի օրհնութամբ հիմնադիր-հրամանատար ընտրվեց Ռաֆիկ Վոլոդյայի Պետրոսյանը, երկրորդ հրամանատար՝ Արթուր Մամիկոնի Միքայելյանը, երրորդ հրամանատար՝ Ռադիկ Գուրգենի Հայրապետյանը, որոնց ղեկավարությամբ էլ տեղի ունեցան նախապատերազմյան եւ բուն-պատերազմական ինքնապաշտպանական մարտերը:
Այսօրինակ գործընթացները տեղի էին ունենում Արցախ աշխարհի բոլոր գյուղերում եւ կազմավորված ջոկատները, իրավիճակից ելնելով, փոխօգնության էին գնում միմյանց՝ անառիկ պահելով հայրենի երկրամասի սահմանները: Բայց թուրքազերին օրըստօրե սաստկացնում էր իր նախահարձակումներն ու գրոհները՝ տեխնիկական հզոր զինանոցով ու մարդկային կենդանի բազմաքանակ ուժով: Բնականաբար հայ ջոկատայինները թշնամուն պատասխանում էին «Ակն ընդ ական», «Ատամն ընդ ատաման» գործնական հարվածներով ու կարգախոսներով: Բայց ցավալիորեն կենաց-մահու մարտերում հերոսի փառքով նահատակվում է հոռաթաղցի 23 ջոկատային, որոնց պատվին եւ խնկելի հիշատակին համագյուղացի մոսկվաբնակ Նելսոն Ռուբենի Բազիյանի աջակցությամբ կառուցվում է հուշահամալիր:
Բնականաբար, զոհված տղաների փոխարեն կենդանի մնացածները մարտնչում էին բազմապատիկ եռանդով լեցուն՝ վրիժառությամբ ու անօրինական սխրանքներով, որոնց պարբերաբար օժանդակում էին թիկունքից հանձնախմբի անդամներ՝ Կիմ Բալայանը, Շուրիկ Հայրապետյանը, Յուրի Աթաբեկյանը, Լավրենտ Եղյանը եւ գրքի հեղինակը: Սլավիկ Միքայելյանը լինելով լեգենդար Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի զինվորներից մեկը եւ քանիցս մասնակցելով պատերազմական գործողություններին, թիկունքային աշխատանքներին, կատարելով հետախուզական հրամաններ, միաժամանակ իր տեսածի, հանձնառու գործերի, զգացածի մասին գրառումներ կատարելով, զետեղել է գրքի տպագիր էջերում:
Կորուստյան ցավի, Ներքին Հոռաթաղի ջոկատայինների խելամիտ ու ճկուն գործողությունների զուգահեռում, փոխնիփոխ հաջողությունների միջնարարներում, Հայոց բանակի կազմավորման բողբոջվող ժամանակներում, բնականաբար, Արցախի ազատամարտիկների բոլոր խմբերը ընդգրկվում են տարբեր զորատեսակներում՝ հետագայում ապահովելով արցախյան գոյամարտի փառապանծ հաղթանակը:
Առանձնաշեշտելով «Ներքին Հոռաթաղի նվիրյալները» գրքի ձեւակառուցվածքային բովանդակության հիմնական ուղղությունները պատումային ճյուղերի, իրավիճակային հոգեբարոյական, ճանաչողական արժեքները, կարող ենք ասել, որ խնդրո առարկա գիրքը՝ իր փաստական, տեղեկատվական եւ համապարփակ բնույթով, իրավամբ, կարող է սկզբնաղբյուր հանդիսանալ Արցախյան ազատագրական շարժման, պայքարի, ջոկատային տղաների անկոտրում կամքի ու հերոսական ոգու պատմությունը ուսումնասիրողների համար:
Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.05.2022