Լրահոս
Օրվա լրահոսը

Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան` 80 տարվա դադարից հետո կրկին «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Մայիս 20,2022 12:30

Ռուսաստանը կայուն տեղ ունի մաեստրո Թոփչյանի հյուրախաղային գրաֆիկում

Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան ստեղծվել է Մեծ հայրենականի առաջին ամիսներին։ Այդ օրերին հազարավոր լենինգրադցիների հետ կոմպոզիտորը խրամատներ է փորել, եղել է հակահրդեհային ջոկատի մարտիկ, բայց մշտապես իր մոտ է պահել ապագա սիմֆոնիայի պարտիտուրը։ 1942թ. Կույբիշեւում (այժմ՝ Սամարա) դիրիժոր Սամուիլ Սամոսուդի ղեկավարությամբ կայացած մեծակտավ այս ստեղծագործության պրեմիերայից հետո կոմպոզիտորն ասել է. «Սիմֆոնիա ստեղծելիս մտորում էի մեր բազմազգ երկրի ժողովրդի վեհության, հերոսության, մարդկության լավագույն գաղափարների մասին, հումանիզմի եւ գեղեցկության մասին»։ Պրեմիերայից հետո, նույն թվականին սիմֆոնիան կատարվել է նույն դիրիժորի ղեկավարությամբ՝ Մոսկվայում, այնուհետեւ Տաշքենդում՝ Իլյա Մուսինի, Նովոսիբիրսկում՝ Եվգենի Մրավինսկիի, Լենինգրադում՝ Կարլ Էլիասբերգի ղեկավարությամբ։ Դարձյալ 1942-ին հռչակավոր սիմֆոնիան կատարվել է նաեւ Երեւանում, միացյալ սիմֆոնիկ նվագախմբի (օպերային թատրոնի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբեր) եւ այդ տարիներին օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Միքայել Թավրիզյանի մեկնաբանմամբ։

Օրերս՝ 80 տարվա դադարից հետո, փաստորեն երկրորդ անգամ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ստեղծագործությունը հնչեցրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Այս մեկնաբանությունը ամբողջությամբ փոխանցեց սիմֆոնիայի դրամատիզմը, խորությունն ու հաղթական ոգին։ Նման կարծիքի էր նաեւ համերգին ներկա, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ Հայրենականի տարիներին գրված այս գործը մի դյուցազներգություն է խորհրդային ժողովրդի դրսեւորած հայրենասիրության, ուժեղ կամքի ու հերոսության մասին, հավելելով, որ իրենք ուրախ էին հանդիսատեսի թվում առանձնահատուկ ողջունելու Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին։

«Առավոտի» հարցին՝ առաջիկայում ֆիլհարմոնիկի մոսկովյան ելույթին հավանաբար կհնչեցնեն նաեւ Շոստակովիչի այդ սիմֆոնիան, մաեստրո Թոփչյանը պատասխանեց. «Ոչ, այս անգամ Չայկովսկու անվան մեծ դահլիճում հունիսի 10-ին հանդես կգանք Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի եւ թավջութակի ու նվագախմբի համար գրված Վարիացիաներ ռոկոկոյի թեմաներով ստեղծագործությունների, Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատվածների կատարումներով։ Համերգին կմասնակցի ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը»։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ տարիներ շարունակ Ռուսաստանը կայուն տեղ ունի իր հյուրախաղային գրաֆիկում։ «Ռուսաստանում քանիցս հանդես եմ եկել որպես հյուրախաղորդ՝ ղեկավարելով ճանաչված նվագախմբեր։ Մինչ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգը, հունիսի 2-ին մոսկովյան Зарядье դահլիճում հանդես կգամ Միխայիլ Պլետնյովի ղեկավարած Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ, մեկնաբանելով Խաչատրյանի 3-րդ եւ Մալերի առաջին սիմֆոնիաները»,- հայտնեց մաեստրո Թոփչյանը։

Զրույցի ընթացքում դիրիժորը քանիցս նշեց, որ երեւանյան եւ Մոսկվայում կայանալիք իրենց համերգները ըստ էության հարգանքի տուրք են Հայրենական պատերազմի հաղթանակը կերպած վետերաններին, զոհված հերոսներին, ինչպես նաեւ խաղաղության համար պայքարած խորհրդային ժողովրդին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031