Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցեր, որոնց պատասխաններն իշխանությունը պետք է ունենա

Մայիս 20,2022 12:00

Եթե Ռուսաստանը որոշի հեռանալ Հարավային Կովկասից եւ մեր տարածաշրջանը զիջի Թուրքիային, կամ՝ որոշի, որ Հարավային Կովկասը չի զիջելու ո՛չ Արեւմուտքին, ո՛չ էլ Թուրքիային, որո՞նք են Հայաստանի գործողությունները:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ մասնակցեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Փաշինյանն արձագանքել էր Բելառուսի նախագահի դիտարկումներին, եւ համաձայնելով, որ գոյություն ունի ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդիր, նկատել էր, որ դրանք այնքան էլ համահունչ չեն. «Ինչ վերաբերում է փոխգործակցությանը եւ արագ արձագանքման մեխանիզմներին, ապա սա նույնպես շատ կարեւոր հարց է Հայաստանի համար, քանի որ ինչպես գիտեք, նախորդ տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, եւ Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին` 2010թ. դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթով նախատեսված մեխանիզմները գործարկելու համար: Այդ փաստաթուղթը հաստատվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, սակայն, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը»:

Ապա՝ Փաշինյանը բարձրաձայնել էր «ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը»: «Սա նույնպես խնդիր է, եւ, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այդքան էլ չոգեւորեց Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին», – նշել էր նա, միաժամանակ ընդգծելով՝ Ռուսաստանի եւ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում:

ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովի ավարտին «Շանթ» հ/ը-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասից հետաքրքրվել էր, թե ՀԱՊԿ-ում ինչ կարծիքի են Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդրի մասին։ «Այո, հարցը քննարկվել է։ Շատ առաջարկներ են արվել՝ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման համար։ Այդ թվում ՀՀ վարչապետն է առաջարկներ արտահայտել։ Առաջարկներ են ներկայացրել նաեւ այլ անդամ-երկրների ղեկավարներ՝ հաշվի առնելով Ղազախստանում կատարվածի հիման վրա փորձը։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ համակարգն աշխատել է։ Այո, որոշ խնդիրներ կային, որոնք պետք է հաղթահարել։ Հիմա խնդիր է դրված ներդնել որոշակի կորեկցիաներ, որոնք թույլ կտան խնդիրը լուծել այդ թվում Ղազախստանում։ Հետեւություններ, միանշանակ, արվել են»,- պատասխանել էր Զասը։

Եթե մի պահ պատկերացնենք, որ վաղը Ադրբեջանը հարձակում է գործում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իսկ նման զարգացումը չի կարելի բացառել՝ հիմք ընդունելով ժամանակ առ ժամանակ այդ երկրի ղեկավարից հնչող սպառնալիքները, ապա այսօր Հայաստանի հասարակությունը չգիտի, թե ինչպիսին կլինի Հայաստանի դաշնակից երկրների արձագանքը: Կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար այսօր նույնպես Ադրբեջանի եւ նրա դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարեւոր են, քան՝ Հայաստանի հետ հարաբերությունները: Մեր հասարակությանն առավելապես, իհարկե, հետաքրքրում է Ռուսաստանի հնարավոր պահվածքը, ու այստեղ է, որ կատարյալ անորոշություն է անգամ 44-օրյա պատերազմից հետո:

Հայաստանի իշխանությանը հաջողվե՞լ է հայ-ռուսական հարաբերություններն այնպիսի մակարդակի հասցնել, որպեսզի Հայաստան պետության կորուստները նվազագույն լինեն: Այս հարցի պատասխանը գործող իշխանություններն իրենք իրենց պետք է անկեղծ տան:
Կա կարծիք, որ Ուկրաինայում պատերազմով Ռուսաստանը դանդաղ, բայց հետեւողական քայլերով կհասնի փլուզման: Գոյություն ունի լիովին հակառակ կանխատեսում, որ այդ պատերազմից ի վերջո Ռուսաստանը դուրս կգա՝ իր առջեւ դրած նպատակներն իրագործած՝ ցանկացած գնով, չնայած Արեւմուտքից աննախադեպ պատժամիջոցներին ու այն լրջագույն խնդիրներին, որոնց արդեն իսկ բախվում է ու դեռ շարունակելու է բախվել:

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որն իր հերթին դաշնակցային գործակցության հռչակագիր ստորագրեց Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող Ադրբեջանի հետ: 2022թ. փետրվարին ստորագրված դաշնակցային գործակցության նշյալ հռչակագիրը, ըստ Ալիեւի՝ «լիարժեք համապատասխանում է Բաքվի շահերին»: Թուրքիայի նախագահի հետ Պուտինի բարեկամական-ընկերական հարաբերությունները եւս գաղտնիք չեն, դրանք ջերմության աստիճանով չեն զիջում Պուտին-Ալիեւ բարձր մակարդակի հարաբերություններին:

Ակնհայտ է, որ Փաշինյանը չունի եւ գուցե չի էլ կարող ունենալ հարաբերությունների նման մակարդակ Պուտինի հետ: Բայց նման հարաբերություններ պարտադիր էլ չէ, որ ունենան պետությունների ղեկավարները: Սակայն ցանկացած իշխանության խնդիրն է՝ իր երկրի շահը առաջ տանելը, այդ կերպ են մյուս երկրների ղեկավարները հարգում գործընկերներին:

Ասում են՝ Խորհրդային միության տարիներին Ադրբեջանի ղեկավարները մշտապես «սիրաշահել», կամ, ավելի ճիշտ՝ քծնել են բարձրագույն իշխանությանը, Խորհրդային Հայաստանի ղեկավարները, մինչդեռ, մեծ դժվարություններով են կարողացել ի շահ Հայաստանի Մոսկվայից տարբեր հայանպաստ որոշումներ «կորզել»: Ռուսաստանի հետ միշտ էլ բարդ է եղել: Թերեւս, ավելի բարդ է այն իրավիճակը, երբ շատերի համար այսօր անհասկանալի է, թե որ ուղղությամբ է Ռուսաստանն առաջ ընթանում:

Կարեւոր հարցը այն է, թե Հայաստանի իշխանությունը պատկերացնո՞ւմ է այսօր մեր տարածաշրջանի շուրջ զարգացումները, շահերի բախումը եւ դրանց կիզակետում հայտնված, պատերազմում պարտված Հայաստանի շահը որն է:

Մի շարք հարցերի պատասխաններ Հայաստանի իշխանությունը պարտավոր է ունենալ: Օրինակ՝ եթե Ռուսաստանը որոշի հեռանալ Հարավային Կովկասից եւ մեր տարածաշրջանը զիջի Թուրքիային, ի՞նչ է սպասում Հայաստանին: Կամ՝ ընդհակառակը, եթե Մոսկվան որոշի, որ Հարավային Կովկասը չի զիջելու ո՛չ Արեւմուտքին, ո՛չ էլ Թուրքիային: Հետեւաբար՝ Հայաստանը կարող է դառնալ ավելի արժեքավոր գործընկեր Ռուսաստանի համար՝ քան Ադրբեջանն ու Թուրքիան են:

Հարցերը կարելի է շարունակել, բայց դրանց պատասխանների հիմքում մեկ կարեւոր հրամայական կա՝ Հայաստանի պետական շահի գիտակցում ու քրտնաջան ամենօրյա, ամենժամյա աշխատանք՝ Հայաստանի գործընկեր բոլոր պետությունների հետ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Որպեսզի Հայաստանը դառնա ավելի արժեքավոր գործընկեր Ռուսաստանի կամ Արևմուտքի համար, քան Ադրբեջանն ու Թուրքիան, դրա համար մեր պետությունը պետք է մեծացնի իր սուբյեկտայնությունը: Իսկ դրան կարելի է հասնել, երբ երկիրը ղեկավարեն գրագետ և հայրենասեր մարդիկ, այլ ոչ թե անդեմ ու հեղհեղուկ գաղափարախոսությամբ պոպուլիստները: Ժողովուրդը պետք է իշխանափոխություն իրականացնի և երկիրն այս ծանր վիճակից հանող նոր ղեկավար ընտրի: Ճիշտ կլինի, որ նախկինները այս հանրահավաքներին չմասնակցեն, քանի որ իշխանությունը ճարպկորեն դա շահարկում է որպես նախկինների կողմից հին պաշտոններին վերադառնալու փորձ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031