Մայիսի 5-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում արջն ավերել է գյուղացիներից մեկի՝ Կարո Կարապետյանի մեղվի փեթակները: 18 փեթակից 8-ը ջարդուփշուր է արել՝ իր հետ տանելով մեղրի շրջանակները: Մնացորդները գյուղացիներն են արդեն առավոտյան տեսել ճանապարհներին թափված: Արջն իր հետ դրանք ձոր է տարել: Փեթակները տեղակայված են եղել տնից փոքր-ինչ հեռու՝ տնամերձ հողամասում: Դեպքից հետո Կարապետյանների ընտանիքը արջի ձեռքից փրկված փեթակները տեղափոխել է տան բակային հատված, որպեսզի ապահով լինեն, սակայն մեկ օր անց արջը կրկին վերադարձել է եւ կրկին «հյուրընկալվել» Կարապետյաններին՝ ջարդուփշուր անելով մյուս փեթակները նույնպես: «Առավոտի» հետ զրույցում ընտանիքի անդամները զարմանք են հայտնել, որ մեղվի փեթակները մոտ են եղել հավաբնին, սակայն ոչ մի հավի «խաթրին» արջը չի կպել:
Աղավնաձորցիները զարմանում են, որ արջն այս սեզոնին է մեղր փնտրել, այն դեպքում, երբ շրջանակները դեռ մեղրով չեն լցվել: Այդ պատճառով էլ տարվա այս շրջանում արջին չեն սպասել:
«Էն որ դաշտերում գալիս է խաղողը, գիլասը, դեղձը ուտում է, դե մտածում ենք, որ այգիները ձորին մոտ են, իր տարածքում են, բայց որ արջը կհայտնվեր տանդ շեմին, մեղվի փեթակները ջարդուփշուր կաներ՝ չգիտենք»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Աղավնաձորի բնակիչ Հրայր Ասատրյանը՝ նշելով, որ ձորին մոտիկ այգիներից արջը գրեթե ամեն տարի կես տոննայի խաղող է ուտում, մրգատու ծառեր է կոտրում եւ որեւէ անգամ արջի հասցրած վնասների մասին գյուղացիները չեն բարձրաձայնում, նյութական վնաս չեն պահանջում։ Բայց, երբ արջն արդեն մարդկանց բնակավայրեր ու տներ է ներխուժում, նյութականից բացի, անվտանգության լուրջ խնդիրներ էլ են առաջանում: Աղավնաձորցիներն ասում են, որ փոքրիկ երեխաներ ունեն եւ չեն կարող ասել՝ ինչ վտանգներ կլինեն: Հատկապես որ, բնակիչներից մեկի այգի արջը վաղ առավոտյան է եկել:
Կարդացեք նաև
Մայիսի 13-ի գիշերն էլ արջը Ասատրյանների ընտանիքին է հյուրընկալվում: 14 փեթակ էլ այստեղ է եղել: Վնասել է 8 փեթակ: Առավոտյան արդեն գյուղացիները հայտնաբերել են, որ ճանապարհին աղբամանն է շրջել ու մեջի խնձորները կերել:
Հրայր Ասատրյանն էլ պատմեց, որ արջի գալուց նախորդ գիշեր է մեղուներին կերակրած եղել:
Տուժած բնակիչները Աղավնաձորի գյուղապետարան դիմում են գրել՝ նյութական վնասի մասին, սակայն չգիտեն՝ ինչ հետեւանք ու արձագանք կունենա, կփոխհատուցեն, թե՝ ոչ: Ասում են, որ ապրուստի միջոցից են զրկվել: Արջը նույնիսկ մայր մեղվին է վնասել: Իսկ երբ մայրը վնասվում է, մնացած մեղուները միանգամից ցրվում են:
Գյուղացիները չգիտեն ինչպես եւ ով պետք է իրենց արջից պաշտպանի:
Աղավնաձորցիներն ասում են, որ տարին իրենց համար բարենպաստ չի եղել, ուժեղ քամին տանիքներ է վնասել, կարկուտը՝ խաղողի այգիների մեծ մասը փչացրել:
«100 տոկոսով հատուցում ենք բնակիչների վնասը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը: Հետաքրքրվել էինք՝ նման դեպքերում ի՞նչ է անում մարզպետարանը՝ գյուղացիներին փոխհատուցելու եւ անվտանգային խնդիրները լուծելու համար: Պարոն Մարգարյանն ասաց, որ նյութական վնասներն արդեն հաշվարկել են՝ Աղավնաձորցի երկու ընտանիքներից մեկին 7 փեթակի համար են փոխհատուցելու, մյուսին՝ 8 փեթակի համար: Յուրաքանչյուր փեթակի համար՝ 50 հազար դրամ: Սակայն այդ գումարները ոչ թե մարզպետարանն է վճարում, այլ՝ բնապահպանական երեք կառույցները, որոնց հետ համագործակցում է մարզպետարանը: Նրա խոսքով, Աղավնաձորը միակ համայնքը չէ, որտեղ արջը վնասներ է տվել. Առաջաձորում էլ 14 փեթակ է վնասել, Մալիշկայում՝ 21:
Գեղամ Մարգարյանն ասաց, որ ընդհանուր վնասները դեռ չեն հաշվել, քանի որ նման դեպքեր դեռ սպասվում են, կամփոփեն, երբ տարին ավարտվի: Ըստ նրա, վնասների փոխհատուցումը 2019 թվականից անում են: Բանն այն է, որ մարզի մի շարք վայրեր համարվում են բնապահպանական պահպանվող տարածքներ, որոնք ամրացված են բնապահպանական այդ 3 կառույցներին. «Վայոց ձորը համարվում է տարանցիկ միջանցք: Գեղարքունիքից, Տավուշից գալիս են եւ Վայոց ձորով գնում Սյունիք՝ այդ տարանցիկ միջանցքով՝ կախված բնակլիմայական պայմաններից: Եվ այդ ճանապարհին մեր մոտ նման բաներ են անում: Այդ պատճառով այդ տարածքների բնակիչներին տարածք ենք տրամադրել, որտեղ կարող են կենդանիներին արածեցնել, գյուղացիական տնտեսությունները կարողանան արոտներից օգտվել, խոտ քաղել եւ այլն՝ բացառությամբ «Կարմիր» գրքում գրանցված կենդանիներին վնասելուց ու ծառ կտրելուց: Հիմա «վայրի բնություն-մարդ ներտեսակային պայքարում» տող կա, որի համար վճարվում են: Ես մեղր եմ արտադրել, որ իմ՝ մարդու տեսակը պահպանեմ, արջը գալիս ուտում է: Այսինքն՝ գոյության պայքար է»,-ասաց Գեղամ Մարգարյանը:
Նրա խոսքով, 2019 թվականից սկսած՝ անվտանգային միջոցառումներ են ձեռնարկվել, բայց դրանք բավարար չեն. «Էլեկտրական հովիվ ենք տեղադրել, փողոցային լուսավորություն ենք անցկացրել գյուղերում, ճանապարհ ենք սարքել, ջրարբիացում ենք արել, որ չգնանք, ընկնենք արջի բերանը: Լուսային, ձայնային ազդանշաններ ենք տեղադրել: Հիմա էլ ուզում ենք արագ արձագանքման խումբ ստեղծել մարզում: Նախատեսում ենք այդ մասով հուշագիր ստորագրել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Նույն տեղում նույն կենդանին երկու անգամից ավելի գնալուց հետո մենք այդ կենդանու վարքը պետք է ուսումնասիրենք, հասկանանք՝ ինչո՞ւ է գնում այդտեղ: Այստեղ արջ կա աղվեսի խելքի է. հավ է ուտում, էն էլ միայն ներքին օրգաններ: Այդ ինչքա՞ն ուտի, որ կշտանա: Այդ արջին դրանով են պահել, հետո՝ բաց են թողել: Այս հարցերը լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Ես 20 տարեկան եմ եղել, մեր դաշտում արջ չեմ տեսել, արջը կենդանաբանական այգում եմ տեսել: Մի պատճառ կա, որ արջերը լցվել են գյուղերը: Որ արջին հանդիպում ենք իր տարածքում, բնական է, հասկանում ենք, որ մենք գնացել ենք իր տարածք եւ բռնել վնասել է, բայց որ նա եկել է բնակավայր, արդեն պատճառ կա դրա համար: Բնության մեջ բան է փոխվել, պետք է ուսումնասիրվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարում՝ Հրայր Ասատրյանը
«Առավոտ» օրաթերթ
19.05.2022