44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Նրա ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասաց, որ դատարանը բավարարեց բողոքը՝ ձերբակալության իրավաչափության դեմ, մերժեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
«Կալանքի միջնորդության դասական քննությունն էր , շատ մանրակրկիտ եւ օբյեկտիվ»,-ասաց փաստաբանը։ Նա շնորհակալություն հայտնեց դատավոր Արմեն Պողոսյանին օբյեկտիվ, ինչպես ինքն ասաց՝ դատավորն այս քաղաքական իրավիճակում շատ դժվար որոշում կայացրեց։
Արթուր Գալեյանը դատարանից դուրս եկավ եւ շնորհակալություն հայտնեց արդարադատության համար եւ ասաց․«Հույս ունենք, որ բոլորին այդպես արդարադատություն կմատուցեն։ Պայքարելու ենք հանուն մեր տղերքի, մեր զոհված զինվորների։ Ես իրենց շիրիմին մեռնեմ։ Փաստաբանների կյանքին մեռնեմ։ Հզոր փաստաբաններ ունենք»։
Հիշեցնենք, ըստ քննչական կոմիտեի, մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ