Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ի զեկույցում Մինսկի խմբի մասին անցյալ ժամանակով են խոսում»․ Արմեն Աշոտյան

Մայիս 19,2022 22:02

«Վստահ եմ, որ Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը խոսել են, բայց թղթում չեն գրել՝ ինչ են խոսել։ Պաշտոնական հաղորդագրությունում չկա Արցախ ընդհանրապես, չկա Մինսկի խումբ և ինքնորոշման իրավունք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցած Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստից հետո տարածված հաղորդագրությանը, ահազանգեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ զավեշտ է, որ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները նման տեքստ են թողարկել, որտեղ գրված է, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է։ Արմեն Աշոտյանը պարզաբանեց․ «Այս օրերին, երբ հարյուր հազարավոր քաղաքացիների ամեն օր տանում են ոստիկանական բաժանմունքներ, անմեղ դեմքով մեզ երեկ հրամցվել է թուղթ, որը կապ չունի մեր իրականության հետ։ ԵՄ ներկայիս տեսակետներն արտահայտող մարդիկ ավելի մեծ վնաս են տալիս ՀՀ-ԵՄ հարաբերություններին, քան որևէ մեկը, քանի որ եվրոպական բյուրոկրատները, որոնց դեսպանը մի խայտառակ դեսպանուհի է, նման հայտարարություններ են թողարկում, իսկ հայ ժողովուրդն այլ իրականության մեջ է։ Ուստի հայ ժողովրդի մոտ խորանում է հիասթափությունն այն երկակի ստանդարտների, ցինիկության հանդեպ, որ արևմտյան մի շարք դիվանագիտական շրջանակներ դրսևորում են հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ»։

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան գործընկերության հատուկ զեկույց-2022-ին՝ նա ասաց․ «Այս զեկույցը կարդալով՝ կարելի է մտածել, որ մենք ապրում ենք Հ1-ի Հայաստանում։ Գրված է՝ ամրացած քաղաքական կայունություն։  ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդ գիտի, որ սա սուտ է։ Այս զեկույցի 6-րդ էջում Մինսկի խմբի համանախագահների աջակցության մասին խոսվում է  անցյալ ժամանակով։ Փաստորեն ԵՄ այսօրվա տեսակետն արտահայտող զեկույցում ամրագրված է, որ ՄԽ համանախագահները՝ որպես դե ֆակտո ինստիտուտ գոյություն չունեն, քանի որ իրենց ցուցաբերված աջակցությունը նկարագրվում է անցյալ ժամանակով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031